Գործարարները բողոքում են շահութահարկի ավելացումից. Կառավարությունը լռում է
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտին մատուցված ծառայությունների շահութահարկն ավելացել է 10%-ով՝ դառնալով 20%, նաև վերացվել է Հայաստանի տարածքից դուրս մատուցված ծառայությունների չհարկման գաղափարը: Այս փոփոխությունները բավականին դժվարացրել են ոչ ռեզիդենտների հետ ՀՀ տնտեսվարողների աշխատանքը:
168.am-ի հետ զրույցում մի քանի ընկերությունների ղեկավարներ նշեցին, որ հարկային փոփոխությունը շատ անսպասելի է եղել իրենց համար և կարճ ժամանակահատվածում իրավիճակի փոփոխությունն իրենց փաստի առջև է կանգնեցրել: Մասնավորապես, միջազգային տենդերներին մասնակցած ընկերությունների եկամուտը կրճատվելու է: «Առանց այդ էլ մենք տենդերների ժամանակ հնարավորինս նվազագույն գին ենք ներկայացնում՝ մյուս մասնակիցների հետ մրցել կարողանալու համար, իսկ շահութահարկի այս ավելացումը մեր եկամուտները կրկնակի նվազեցնում, կամ բոլորովին զրոյացնում է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
Ներկայումս ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ ընկերություններից ստացված ծառայությունների գծով վճարվելիք 20% ոչ ռեզիդենտի շահութահարկը չի դասակարգվում որպես հիմնավորված ծախս, քանի որ, համաձայն ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման սկզբունքի, ՀՀ ռեզիդենտ ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վերջինիս հայաստանյան աղբյուրից ստացված գումարից պետք է նվազեցնի ոչ ռեզիդենտի շահութահարկը և վճարի տարբերությունը:
Այնինչ՝ գործնականում դա գրեթե անհնար է, քանի որ ոչ ռեզիդենտը՝ մատուցելով որևէ ծառայություն, պահանջում է իր իսկ կողմից սահմանված վճարը՝ անկախ ՀՀ-ում այդ ծառայությունների համար հաշվարկված հարկերի: Իսկ ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայությունների դեպքում առաջանում է նաև ԱԱՀ-ի պարտավորություն, հետևաբար ծառայության արժեքը ՀՀ ռեզիդենտ ընկերությունների համար թանկանում է 44%-ով:
Այս խնդրի կապակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը մոտ 1 ամիս առաջ նամակով դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հարցին լուծում տալու խնդրանքով: Սակայն, ինչպես 168.am-ին հայտնեց միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, պատասխան դեռևս չեն ստացվել: Ակնկալվում է, որ կառավարությունը մոտ օրերս կարձագանքի միության նամակին: Է.Կիրակոսյանի կարծիքով՝ օրենքը պետք է կրկին վերանայել. «Բազմաթիվ են այն դեպքերը, երբ օրենքն ընդունում են, հետո կրկին փոփոխում: Այս դեպքում էլ հնարավոր է՝ այդ 20%-ը նվազեցնել և նորից դարձնել 10%»: