Հնարավո՞ր է արդյոք «պայմանավորված պատերազմ» Լեռնային Ղարաբաղում. Regnum
Ռուսական Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովի «Արյունալի «պայմանավորվածությո՞ւն» Լեռնային Ղարաբաղում, թե՞ «Գոբլի պլան -3» խորագրով հոդվածը», որում ասվում է.
«Աշխարհաքաղաքականությունը մշտապես եղել է պրագմատիկ և այդ պատճառով էլ` ցինիկ: Մեր ոչ պարզ ժամանակներում աշխարհաքաղաքական պատերազմների անսկզբունքայնությունը դուրս է եկել ոչ միայն բարոյականության, այլև` պարզ տրամաբանության սահմաններից:
Հենց այդ պատճառով էլ պետք չէ անհիմն դավադրությունների շարքին դասել այն խոսակցությունները, որոնք առնչվում են ԼՂՀ-ի պաշտպանական բանակի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված «պայմանավորված պատերազմի» հնարավորությանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկման մեջ այս կամ այն չափով ներգրավված փորձագետները մասնավոր զրույցներում սկսել են տագնապալի հաճախականությամբ շարունակ գործածել «պայմանավորված պատերազմ» բառակապակցությունը:
Այն շաղկապվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև` միջնորդ մյուս երկրների բարձր կաբինետներում տեղի ունեցած ոչ պաշտոնական շփումների ու չհրապարակված հանդիպումների հետ: «Պայմանավորված» զինված հակամարտության էությունը հասկանալի է:
Կողմերը նախնական համաձայնությամբ (ավելի ճիշտ կլինի ասել «դավադրությամբ») նախաձեռնում են ռազմական գործողություններ, որոնք շարունակվում են մինչև որոշակի արդյունքի հասնելը: Ի՞նչը կարող է հանդիսանալ այդպիսի արդյունք: Ինչո՞ւ կամավոր և համաձայնեցված սպանությունն ինչ-որ մեկի աչքերում կարող է գրավիչ թվալ:
Այնպիսի իրավիճակներում, որոնց ընդունված է համարել փակուղային, կարող են դիտարկվել ճգնաժամից դուրս գալու ամեն տիպի ուղիներ: Պատային վիճակը բավական նյարդային է: Ահա և այդ նյարդերի վրա էլ ցանկանում են խաղալ մի շարք «բարի միջնորդներ»:
Նրանց տրամաբանությունը հետևյալն է. կարճատև պատերազմի շնորհիվ ադրբեջանական բանակը գրավում է մի շարք տարածքներ, որոնք այսօր գտնվում են Արցախի վերահսկողության ներքո, և խաղաղապահ ուժերի մտցվելուց հետո հակամարտող կողմերի միջև գծվում է նոր սահման, որը որոշ ժամանակ անց դառնում է պայմանագրի կամ այլ ակտի առարկա` վերջակետ դնելով բազմամյա հակամարտությանը:
Ադրբեջանն ու նրա գործող նախագահը գոհ կլինեն դրանից, քանի որ Բաքվի կողմից վերահսկվող տարածքը զգալիորեն կընդլայնվի` համեմատած Հեյդար Ալիևից ստացած ժառանգության հետ: Խաղի կանոններով` Հայաստանը, կարծես թե, նույնպես պետք է գոհ մնա, քանի որ Արցախի տարածքի մի մասը կմնա իրեն:
Միջազգային դիտորդներն ու միջնորդները նույնպես չեն լինի կորցնողի դերում` առնվազն նրա համար, որ Հարավային Կովկասում բազմամյա ծխացող հակամարտությունը մարվել է:
Այս հիպոթետիկ սխեմայի ակնարկները (համենայն դեպս, նրա վերջնական արդյունքները) անխուսափելիորեն հիշեցնում են այսպես կոչված «Գոբլի պլանը», որի տարբերակները նույնպես նախատեսում են կողմերի միջև անցկացնել տարածքային սահմանագծում:
Սակայն այդ ամենն անցյալում էր, իսկ այժմ` բացառապես թղթի վրա և խելացնոր մտադրության հեղինակների գլուխներում: Բոլոր նրանք, ովքեր որոշակի լրջությամբ ընդունում են նման սցենարը, պետք է հաշվի առնեն հետևյալ հանգամանքները:
ա) հայկական ու ադրբեջանական ուժերի միջև պայմանավորված պատերազմից «պայմանավորված» կարող է լինել միայն սկիզբը: Պայմանավորված ավարտ չի լինի, քանի որ նախորդ պատերազմի հասցրած վերքերը չափազանց թարմ են և ցավոտ:
Երկու ժողովուրդների միջև պատերազմը, եթե անգամ նրանց միջև կանգնի խաղաղապահների մեծ բանակը (Եվրոկորպուսի կամ Վիշեգրադյան խմբի ձևավորած արագ արձագանքման սեփական ուժերի հովանու ներքո), կարող է ընդունել պարտիզանական ու ահաբեկչական բնույթ, դուրս գալ հակամարտության սկզբնական գոտու սահմաններից: Հազիվ թե, որևէ մեկն ի վիճակի լինի կանգնեցնել նման կոշտ դիմակայությունը:
բ) Հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը` անգամ «ոչ մեծ պայմանավորված հակամարտությունը» կարող է վերածվել տարածաշրջանային լիամասշտաբ պատերազմի: Սցենարի համաձայն, Ադրբեջանը ձգտելու է հայերին կտրել Իրանի հետ սահմանից (ի դեպ, «Գոբլի պլան – 1»-ի հիմնական նպատակներից մեկը), ինչը հավանաբար Թեհրանին կհարկադրի միջամտել հակամարտությանը:
գ) Ակամա տուժող կողմ կարող է դառնալ Վրաստանը: Այստեղ կան ռիսկը մեծացնող մի քանի գործոններ. հայերի ու ադրբեջանցիների` կոմպակտ կերպով բնակության շրջանների առկայությունը, փախստականների ներհոսքը, Ադրբեջանի կողմից (էներգետիկ) ուժգին ճնշում գործադրելը:
դ) Հակասիրիական մարտադաշտերում ադեկվատությունն աստիճանաբար կորցնող Թուրքիան անգամ «պայմանավորված» պատերազմի պայմաններում կարող է հանդիսանալ իրադարձությունների կարևոր մասնակից:
Ինչպե՞ս իրեն կդրսևորի Թուրքիան և հատկապես անկանխատեսելի «քրդական խաղաղության գործընթացի» և Սիրիայի հետ սահմանային նահանգներում անարխիայի ու քաոսի առկայության իրավիճակում:
Արդյոք Անկարան փորձ չի՞ ձեռնարկի լուծելու իր ներքին խնդիրները հարևան հետխորհրդային հանրապետությունների հարակից տարածքների հաշվին: Ամեն դեպքում Թուրքիայի կառավարությունն առաջնորդվում է «նեոօսմանական» գաղափարներով և կարող է որոշել, որ չի կարող «մի կողմ քաշված մնալ»:
ե) Ադրբեջանը, որին սցենարի համաձայն, ըստ էության առաջարկվում է նախաձեռնել զինված դիմակայություն (քանի որ հիմարություն կլիներ երևակայել, որ հայկական կողմը կարող է սկսել դա), պետք է հիշի, որ այս անգամ ՄԱԿ-ի օգնությամբ Ղարաբաղի պաշտպանական բանակին կանգնեցնելը կլինի շատ ավելի դժվար:
Դրանով իսկ անհրաժեշտ է դիտարկել այն հնարավորությունը, որ այդ ողջ արկածախնդրությունը կավարտվի եթե ոչ Կասպից ծովի ափին, ապա համենայն դեպս` դրա հարևանությամբ ինչ-որ տեղ: Դա կարող է բավական բացասական դեր խաղալ Ալիևի վարչակարգի պատմական հեռանկարների համար:
Եվ վերջապես գլխավորը. յուրաքանչյուր պատերազմ, անգամ «ամենապայմանավորվածը», նշանակում է ոչ միայն հարյուրավոր ու հազարավոր զինվորականների, այլև` խաղաղ քաղաքացիների` երեխաների, տարեցների ու կանանց կորուստ:
Անգամ «ամենափոքր արյունը» առաջացնում է ցասման մեծ ալիք: Աստված տա, որ «պայմանավորված պատերազմը» դուրս չգա «խոսակցությունների» ու դավադիր երևակայությունների շրջանակից»:
Հիշեցնենք, որ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Փոլ Գոբլը մոտ մեկ ամիս առաջ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մի քանի տարի անց Հայաստանը կհասկանա, որ եթե Ադրբեջանում ձևավորվի այնպիսի կառավարություն, որը կհամապատասխանի Ռուսաստանի շահերին, ապա Մոսկվան «կծախի» Հայաստանը:
Այս և «Գոբլ-1» ու «Գոբլ-2» պլանների մանրամասների մասին կարող եք ծանոթանալ այստեղ: