Ադրբեջանում ռուսամետ կառավարության ձևավորման դեպքում Ռուսաստանը «կծախի» Հայաստանը. Փոլ Գոբլ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Փոլ Գոբլը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ գնահատական է տվել Կասպյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին, Իրանում ու Ադրբեջանում ստեղծված իրավիճակներին.
«Ադրբեջանը փորձում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել հարևանների նկատմամբ, աշխատանքային հարաբերություններ պահպանել հարևանների հետ, սակայն դա միշտ չէ, որ աշխատում է: Ադրբեջանն այսօր ավելի մոտ է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ Թուրքիային, իսկ Վրաստանը՝ Եվրոպային:
Ռուսաստանի համար Վրաստանն ուղի է, Հայաստանը՝ միջոց, իսկ Ադրբեջանը՝ մրցանակ: Ռուսաստանի կառավարությունը Ադրբեջանում սեփական հեղինակության վերականգնման հետ մեկտեղ փորձում է այդ երկրի հետ խորացնել իր հարաբերությունները:
Ադրբեջանը հարուստ երկիր է, զբաղեցնում է աշխարհագրական կարևոր դիրք և մտնում է Ռուսաստանի գեոռազմավարական շահերի մեջ, քանի որ այստեղով է անցնում ճանապարհը դեպի հարավ՝ Իրան: Բնականաբար, Մոսկվան ցանկանում է, ի դեմս Ադրբեջանի, տեսնել բարեկամաբար տրամադրված կառավարության:
Մի քանի տարի անց Հայաստանը կհասկանա, որ եթե Ադրբեջանում ձևավորվի այնպիսի կառավարություն, որը կհամապատասխանի Ռուսաստանի շահերին, ապա Մոսկվան «կծախի» Հայաստանը:
Ադրբեջանն իր հերթին պետք է հասկանա, որ Ռուսաստանի ազդեցության գոտում հայտնվելը շահավետ չի լինի նրա համար, եթե անգամ դրա փոխարեն նա ստանա իր տարածքները: Ռուսաստանը հենց այդպիսի նպատակ է հետապնդում: Վլադիմիր Պուտինի նպատակն Ադրբեջանում Մոսկվայի գերիշխանությամբ աշխարհիկ տիպի կարգի հաստատումն է»:
Հիշեցնենք, որ 1990-ական թվականներին Գոբլն առաջ էր քաշել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկու տարբերակ, որոնք ստացել էին «Գոբլ-1» և «Գոբլ-2» անունները։ Առաջին տարբերակը 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ-ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը ի հայտ է եկել 1996 թվականին:
Դրանցից առաջինի համաձայն՝ Ադրբեջանը ճանաչում էր ԼՂՀ-ի և Բերձորի (Լաչին) անկախությունը, փոխարենը ստանում Մեղրիով կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանին ու Իրանին զրկելով ընդհանուր սահման ունենալուց։ Սակայն ավելի ուշ գիտակցելով Հայաստանի համար Իրանի հետ սահման ունենալու կարևորությունը՝ Գոբլը ներկայացնում է իր երկրորդ տարբերակը՝ «Գոբլ-2»-ը:
Դրանով առաջարկվում էր Մեղրիի շրջանը (Հայաստանի հարավային հատվածը) փոխանակել Նախիջևանի ինքնավարության հանրապետության (ՆԻՀ) արևմտյան հատվածի հետ, որտեղ այն մոտ 10 կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ:
ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ մեկտեղ դառնում էր Հայաստանի մաս կամ էլ անկախություն էր ստանում, հայ-թուրքական սահմանը բացվում էր ողջ երկայնքով, կարգավորվում էր ՆԻՀ-ի ոչ անկլավային գոյությունը։
Հայաստանի և Իրանի սահմանը պահպանվում էր, բայց տեղափոխվում էր մի քիչ հյուսիս, ինչը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, քանի որ դրանով վերանում էր ՆԻՀ-ի (Ադրբեջանի) և Թուրքիայի կապը: