Յագլանդը դատապարտել է Իլգար Մամեդովի նկատմամբ նոր մեղադրանք ներկայացնելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը մտահոգհություն և հիասթափություն է հայտնել REAL (Հանրապետական այլընտրանք) քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովի հանդեպ քրեական նոր մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ:

Դրա հետ կապված՝ Յագլանդը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ. «Չնայած Իլգար Մամեդովին ազատ արձակելու մասին միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները նրա դեմ առաջադրեցին նոր մեղադրանք:

Դա հատկապես հիասթափություն ու մտահոգություն է առաջացնում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահության հետ, որի սկիզբը պլանավորված է 2014 թվականի մայիսին:

Բավական չէ, որ Բաքվում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչին փետրվարին թույլ չտրվեց ներկա գտնվել Իլգար Մամեդովի նկատմամբ առաջին դատական նիստին, Եվրոպայի Խորհրդի դեսպանների խմբին նույնպես չթույլատրվեց տեսակցել նրա հետ, որոնք ոչ վաղ անցյալում ժամանել են Ադրբեջան: Ես Ադրբեջանի իշխանություններին համառորեն կոչ եմ անում երկխոսության գնալ միջազգային հանրության հետ»:

Նշվում է, որ սա Իլգար Մամեդովի ձերբակալվելուց հետո Յագլանդի երրորդ հայտարարությունն է նրա գործի մասին: Բացի այդ, Յագլանդը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Իլգար Մամեդովի փաստաբանների հետ: Իլգար Մամեդովը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 4-ին, իսկ մայիսի 1-ին նրա դեմ ներկայացվել է նոր մեղադրանք:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է սեփական թեկնածությունն առաջադրել այս տարվա հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Միջազգային կազմակերպությունները նրան ճանաչել են «խղճի բանտարկյալ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այս տարվա ապրիլի 9-ից սկսել է քննել Մամեդովի ձերբակալման գործը և մինչև հունիսի 18-ը սպասելու է իր հարցերին Ադրբեջանի կառավարության պատասխաններին:

Տեսանյութեր

Լրահոս