Դատարանը պաշտպանում է ձվերի Խաչիկին
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, ապրիլի 29-ին հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դատական հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի գործով դատական վճիռը: Դատարանը հայցը չի բավարարել: Բացի այդ, դատարանը նաև «Ժողովուրդ» օրաթերթին տուգանել է 100 հազար դրամով՝ որպես Խ. Խաչատրյանի փաստաբանական ծախս:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացնել գործարար Խաչիկ Խաչատրյանի դեմ` օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին վիրավորելու և նրա հասցեին հայհոյախառն արտահայտություններ անելու համար՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել: Սակայն, ըստ դատավոր Նաիրա Ավետիսյանի՝ Խաչիկ Խաչատրյանը չի վիրավորել լրագրողին: Ըստ լրագրողի՝ դատավորն իր այս քայլով դարձել է օլիգարխի կամակատարը. «Քանի որ Խաչիկ Խաչատրյանը օլիգարխ է, ունի փող, դատավորը որոշեց բավարարել օլիգարխին, չնայած նրան, որ մենք ձայնագրություն էինք ներկայացրել, որտեղ Խաչիկ Խաչատրյանը վիրավորել է ինձ: Այսինքն` դատավորը գտնում է, որ օլիգարխին բավարարելն ավելի կարևոր է, քան թե լրագրողի իրավունքները պաշտպանելը: Սա նշանակում է, որ այսուհետ ցանկացած օլիգարխ կարող է լրագրողին վիրավորել և մնալ անպատիժ»:
Մեր զրուցակիցը նշեց, որ սա կարող է շատ վատ նախադեպ դառնալ բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների համար, քանի որ այսուհետ ցանկացած օլիգարխ կարող է իրեն նման արարք թույլ տալ. «Իսկ այսօր Հայաստանում նման օլիգարխները շատ են, որոնք անգամ տարրական կրթություն չունեն ու անգամ չեն կարողանում լրագրողների հետ շփվել, իսկ իրենց յուրաքանչյուր բառը վիրավորանք է կամ հայհոյանք»:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նշեց նաև, որ Խ. Խաչատրյանի՝ իրեն վիրավորելուց 10 օր հետո են իրենք դատի տվել նրան, հուսալով, որ օլիգարխը տղամարդկություն կունենա ու ներողություն կխնդրի և օրաթերթից, և իրենից. «Սակայն օլիգարխը նման բան չարեց, իսկ դատավորն էլ որոշեց շարունակություն տալ լկտի օլիգարխի պահվածքին: Կին դատավորը որոշեց, որ «պրաստիտուտկա» բառը վիրավորական չէ: Այսինքն՝ սա կարող է նախադեպ դառնալ, որ յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել ցանկացածին, այդ բառն ասել ու մնալ անպատիժ: Սա է ազատ ու ապահով Հայաստանի իրականությունը»:
Լրագրողը նշեց, որ իրենք կանգ չեն առնելու, բոլոր ատյաններին դիմելու են, որպեսզի օլիգարխը պատժվի իր արարքի համար: