ՀԱԿԿ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին

Այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք ներկայացնում են անհերքելի ապացուցներ, որ Տարոն Մարգարյանը ժողովրդին թալանելու է:

Նա նշեց, որ իրենց մեղադրանքը կառուցվել է «չոր» փաստերի վրա՝ Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրության հիմքում:Խոսքը 2005, 2007, 2013 թվականներին Տարոն Մարգարյանի ներկայացրած  հայտարարագրերի մասին է:

Լևոն Զուրաբյանի ներկայացմամբ, 2005 թվականին Տարոն Մարգարյանը՝ որպես Ավան վարչական շրջանի ղեկավար, հայտարարագրում վերջին մեկ տարվա եկամուտը ներկայացրել է 7 մլն դրամ: «Բավական համեստ եկամուտ է: 2007 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ եկամուտները կազմել են 64 մլն դրամ, բացի այդ՝ նա ունեցել է ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից ստացված գումարներ, որոնք կազմել են 80 մլն դրամ:

Ակնհայտ է, որ թաղապետ աշխատելու տարիներին միլիոններով աճել է նրա ունեցվածքը: Հիմա նրա գույքը աճում է: Բայց նկատեք, որ ամբողջ հայտարարարգում Տարոն Մարգարյանը նշել է, որ ժառանգաբար, նվիրատվությամբ կամ օգնությամբ ստացած եկամուտներ կամ կողմնակի եկամուտ չունի»:

Կարդացեք նաև

Լևոն Զուրաբյանը նշեց, որ 2013 թվականի Տարոն Մարգարյանի  հայտարարագիրը, իրենց գանհատականներով՝ գերազանցում է 10 մլն դոլարը: Նա շեշտեց, որ որևէ աղբյուր, որը կկարողանա հիմնավորել ունեցվածքի նման աճը, գոություն չունի.

«Այստեղից մաթեմատիկական ճշգրտությամբ երևում է, որ ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով: Ոչ միայն փաստորեն գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, այլ նաև թաքցվել է գույքի ծագման աղբյուրը»,- ասաց ՀԱԿԿ փոխնախագահը:

Լ. Զուրաբյանը նշեց, որ մեղադրանքը իրենք ներկայացնում են Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով ու արդեն նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու Տարոն Մարգարյանին:

«Երբ մենք խոսում էինք այս փաստերի մասին, ՀՀԿ-ն մեզ խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին: Մենք միշտ կարևորել ենք երկխոսությյունը ու սիրով լսեցինք ՀՀԿ խորհուրդն ու սիրով կատարում ենք այն: Հիմա պահանջում ենք միջոցներ ձեռնարկել անհերքելի փաստերի հիման վրա պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին»,- ասաց նա՝ ավելացնելով՝ կա՛մ ընդունեք, որ գործ ունեք հանցագործի հետ, կա՛մ հերքեք պաշտոնական հայտարարագրի թվերը:

Տեսանյութեր

Լրահոս