«Մուսուլման եղբայրներ» շարժումը վերադառնում է Սիրիա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսուլման եղբայրներ» շարժումը որոշել է սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում բացել իր ներկայացուցչությունները:
Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է վտարանդիության մեջ գտնվող սիրիական «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Ռիադ ալ-Շագֆան.
«Ոչ վաղ անցյալում մենք եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է վերականգնել Սիրիայում կազմակերպության կառույցները և սկսել ներկայացուցչություններ բացել այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են ընդդիմության ձեռքում:
Սկզբում եղավ հեղափոխություն և գաղափարախոսության համար տեղ չկար: Սակայն այժմ Սիրիայի ներսում գոյություն ունեն բազմաթիվ, տարբեր խմբավորումներ, և մենք կարծում ենք, որ եկել է վերակազմավորման ժամանակը»:
1940-ական թվականներին Սիրիայում ի հայտ եկած «Մուսուլման եղբայրներ» շարժումը արգելվել է 1963 թվականին, իսկ 1980-ական թվականներին վերջնականապես ջախջախվել է: Նրա առաջնորդները փախել են արաբական այլ երկրներ, և առաջին հերթին Կատար, որն այժմ սիրիացի ապստամբների ամենաջերմ աջակիցներից մեկն է: