ՀԱԿ-ը հանդիպումներ է անցկացնում ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ
ՀԱԿԿ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակի չորրորդ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը համարում է, որ ընտրակեղծիքների վերացման հարցը առաջնային է և ամենաշատն է հետաքրքրում բնաչությանը:
«Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ Երևանի ավագանու ընտրություններում» թեմայով քննարկման ժամանակ նա հայտարարեց, թե Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առաջիկա ընտրություններում հնարավոր ընտրախախտումները բացառելու համար բոլոր ընտրատեղամասերում ունենալու են վստահված անձինք, ինչպես նաև համագործակցելու են դիտորդական կազմակերպությունների ու լրագրողների հետ:
Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ թեպետ այդ նախադրյալները բավարար չեն՝ զսպելու համար հնարավոր ընտրակեղծիքները, բայց ՀԱԿ-ն իր հերթին ներդնելու է իր ուժերը՝ խախտումները նվազեցնելու համար:
Նա հիշեցրեց, որ համապետական նախորդ ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ը նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող էին լրջորեն զսպել ընտրախախտումների հնարավորությունը, ինչը, սակայն, չընդունվեց ԱԺ կողմից:
Հաշվի առնելով այս ամենը՝ Վ. Կարապետյանը նշեց, թե ՀԱԿ-ը համագործակցում է ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես, նրա հավաստմամբ, շահագրգռված են ընրակեղծիքների նվազեցման գործում:
«Մենք պետք է ծավալենք համագործակցություն ընտրատեղամասում՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտ, միջավայր, որ ընտրակեղծիքներ անելու փորձերը կանխվեն: Մենք այս պահին կոնսուլտացիաների մեջ ենք քաղաքական ուժերի հետ, որոնց շարքերում են ԲՀԿ-ն ու «ժառանգությունը»»,- ասաց նա:
Լինելով ՀԱԿ Նոր Նորք տարածքային բաժնի պատասխանատուներից, Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ մի քանի «առարկայական» հանդիպում արդեն ունեցել է ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Մենք յուրաքանչյուր հանձնաժողովի անդամի անունով անցել ենք, խորհրդակցել ենք՝ թե որքանո՞վ այդ անդամը կկարողանա գործուն միջոցով զսպել ընտրակեղծիքնները, որքանո՞վ է այդ անդամը պատրաստված: Գոնե Նոր Նորքի մասով ես վստահ եմ, որ կփորձենք ամեն բան անել՝ ընտրակեղծիքները կանխելու համար»,- մասնավորեցրեց նա:
Ըստ նրա՝ ունենալով չորս հանձնաժողովի անդամ, որոնք կլինեն ոչ իշխանական կուսակցության ներկայացուցիչներ, հնարավոր կլինի ընտրատեղամասում կանխել կեղծիքները: Նա նշեց նաև, որ հնարավոր է՝ օրենքի սահմաններում ճնշումներ գործադրել իշխանական թևը ներկայացնող հանձնաժողովի անդամների վրա, ապահովել վերահսկելի վիճակ ոչ միայն տեղամասում, այև ընրատեղամասից դուրս: