PKK-ն այսօր հանդես է գալու պատմական հայտարարությամբ. թուրքական մամուլ
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ 1984 թվականի օգոստոսի 15-ից Թուրքիայում ակտիվ զինված պայքար սկսած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները մոտ 30 տարի անց ամբողջովին լքում են Թուրքիան:
Դա իրականացվում է անձամբ PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կարգադրութամբ: Այսօր մեկնարկում է «Քրդական հարցի» լուծման ամենակարևոր փուլը: Քուրդ զինյալները պետք է քաշվեն Հյուսիսային Իրաքում իրենց ճամբարները, ուր արդեն իսկ ավարտվել են նրանց ընդունելու նախապատրաստական աշխատանքները:
Օջալանը պատրաստել է «Քրդական հարցի» լուծման «ճանապարհային քարտեզ»՝ բաղկացած երեք փուլից: Դրանցից առաջինն առնչվում է քուրդ զինյալների լքելուն ու հանձնաժողովների ստեղծմանը:
Երկրորդ փուլն առնչվում է Սահմանադրությանը, որում պետք է քուրդ զինյալների հեռանալուց հետո կատարվեն բարեփոխումներ: Երրորդ փուլում էլ պետք է գործնականում կյանքի կոչվեն սահմանադրական ու օրենսդրական բարեփոխումները:
Նշվում է, որ Թուրքիան լքելու գործընթացը սկսելու կապակցությամբ PKK-ն այսօր հանդես է գալու պատմական հայտարարությամբ: Այդ կապակցությամբ Հյուսիսային Իրաքում են հավաքվել միջազգային լրատվամիջոցները (BBC, Reuters, El Cezire, AP) ներկայացնող ավելի քան 100 լրագրող: