Քիրքուքի մոտ խոշոր բախում է տեղի ունեցել կառավարական զորքերի ու ապստամբ սուննիների միջև
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում բախումներ են գրանցվել կառավարական ուժերի ու սուննի ապստամբների միջև, ինչի հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել է մոտ 70 մարդ: Այս մասին հայտնել են իրաքյան բանակի ներկայացուցիչները:
Իրաքցի զինվորականների կորուստները կազմել են 2 զինծառայող, վիրավորվել է ևս 7 զինծառայող: Բախումը գրանցվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 05.00-ի մոտ: Բախումները մեկնարկել են Քիրքուքից ոչ հեռու գտնվող Խավիջա քաղաքում:
Ապստամբներն այս տարածաշրջանում բազավորվել էին այս տարվա հունվարից: Իշխանությունները հայտարարել են, որ օպերացիա են ձեռնարկել սուննի ապստամբների դեմ, որոնք հայտնի են, որպես նախշբանդիական բանակում:
Իրաքցի գեներալների խոսքերով՝ այդ բախման պատասխանատվությունն ընկնում է տվյալ շրջանի վրա, քանի որ զինվորականները կրակ են բացել ապստամբների կողմից կրակ բացելուց հետո միայն: Իրաքցի զինվորականները բախման վայրում հայտնաբերել են 34 ինքնաձիգ և 4 գնդացիր: Չնայած դրան՝ ապստամբները պնդում են, թե անզեն են եղել:
Ապստամբները մոտ 4 ամիս առաջ սկսել են ամրանալ երկրի այն շրջաններում, ուր սուննիները կազմում են մեծամասնություն: Նրանք պահանջում են ներկայիս վարչապետ (շիա) Նուրի ալ-Մալիքիի հրաժարականը՝ գտնելով, որ շիա իշխանությունները ոտնահարում են իրենց իրավունքները:
Վերջին ժամանակներս իշխանությունների ու դժգոհ սուննիների միջև բախումները հաճախակիացել են առաջիկա շրջանային ընտրությունների պատճառով: Անգամ ստիպված են եղել այդ ընտրությունները հետաձգել մի շարք շրջաններում, որոնցում սուննիները կազմում են ճնշող մեծամասնություն: