
Վարդան Ղուկասյանի եղբոր որդին բերմա՞ն է ենթարկվել

Գյումրի քաղաքում այսօր կեսօրին տեղի ունեցած կրակոցների մասնակիցները, ըստ «Փաստինֆոյի» տեղեկությունների, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներն են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցների վայրում է եղել նաև Վ.Ղուկասյանի որդին ընկերների հետ միասին։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության տվյալների, կրակոցները հնչել են Շիրակացի փողոցում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավորի տանը, ով հայտնի է Քավոր Հարութ մականվամբ, և կրակել են Շեկոյի վրա։
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկությունների համաձայն՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդին բերման է ենթարկվել։ Մտավախություն կա, որ հանցավոր վիճակը Գյումրիում ավելի կսրվի և Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները կարող են արձագանքել սպանությանը։