ԲՀԿ ավագանին ճարահատյա՞լ է կողմ քվեարկել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգան Ուրիխանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններում ընտրողը ձայն է տալու կուսակցությանը և ոչ թե՝ անհատներին, և այդ պատճառով իրենց քարոզարշավը կառուցում են այդ սկզբունքով:

«Կան քարոզարշավի  մասնակիցներ,  որոնք, մեղմ ասած, շեշտադրում չեն անում կուսակցական մասնակցության վրա, մինչդեռ հերթական անգամ ցանկանում են ընդգծել, որ ընտրողները քվեախցիկ մտնելիս, թերթիկի վրա  նշում կատարելիս՝ նշելու են այս կամ այն կուսակցության առջև գտնվող վանդակում և ոչ թե՝ անհատի: Ոչ մի անհատ իրավական առումով չի մասնակցում ընտրություններին»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը: Ակնարկն, ամենայն հավանականությամբ, ուղղված էր մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունների մասնակցող Հայաստանի հանրապետական կուսակցությանը, որն իր քարոզարշավի առանցքը դարձրել է գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին: Խոսելով ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին՝ Տիգրան Ուրիխանյանը շեշտեց, որ իրենց ծրագրի առանձնահատկությունն այն է, որ իրենք ոչ միայն գիտեն, թե ինչ են առաջարկում, այլ նաև գիտեն, թե ինչպես պետք է անել դա: Տիգրան Ուրիխանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ԲՀԿ ավագանին դա չի արել այս չորս տարիների ընթացքում, ավելին՝ միշտ կողմ է քվեարկել ՀՀԿ-ի ավագանու անդամների առաջարկներին:  Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե դրա համար էլ կազմը համարյա ամբողջությամբ փոխել են:

168.am-ի այն հարցին, թե ստացվում է, որ ԲՀԿ-ի ավագանին չորս տարի կուսակցությունից անկա՞խ է գործել, և միայն ընտրությունների շեմի՞ն է ԲՀԿ-ն հասկացել, որ ավագանին լավ չի աշխատել, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե այդ մասին կուսակցությունը նոր չէ բարձրաձայնում, և, որ գոնե ինքը բազմաթիվ հեռուստահաղորդումների ժամանակ այդ մասին ասել է: Տիգրան Ուրիխանյանը արդարացրեց նաև ԲՀԿ-ի ավագանուն, թե 50-ի հասնող առաջարկներ է ներկայացրել, սակայն դրանցից ութն են նախաձեռնության տեսք ստացել:

Մեր այն հարցին՝ ի՞նչն էր ԲՀԿ ավագանու անդամներին այդ չորս տարիների ընթացքում խանգարում դեմ քվեարկել ՀՀԿ-ի առաջարկներին, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Որևէ քվեարկության արդյունք չի կարող փոխվել այն պարագայում, երբ կա քաղաքական մեծամասնություն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս