ՆԱՏՕ-ն չի պլանավորում ոչ թռիչքային գոտի ձևավորել Սիրիայի տարածքում. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պլանավորում ոչ թռիչքային գոտի ձևավորել Սիրիայի տարածքի մի մասի վրա՝ Թուրքիային արդյունավետորեն պաշտպանելն ապահովելու համար.

«Մենք չունենք այդպիսի պլաններ: Սակայն ակնհայտ է, որ եթե իրավիճակը զարգանա, դա կլինի մեր՝ որպես ռազմական դաշինքի պարտավորությունը՝ մեր դաշնակցին այդպիսի պաշտպանություն ապահովելու համար»:

Թուրքիան 2012 թվականի նոյեմբերին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով հատկացնել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ՝ Սիրիայի կողմից օդային հնարավոր հարձակումից «պաշտպանվելու» համար: Patriot զենիթա-հրթիռային վեց համալիրները Թուրքիայում գործարկվեցին այս տարվա փետրվարին: Դրանցից երկուական Թուրքիային հատկացրին ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները զգալիորեն սրվեցին այն բանից հետո, ինչ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից հրետակոծվեց Թուրքիայի Աքչաքալե շրջանը, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ:

Ավելի ուշ թուրքական Yurt թերթը գրեց, որ այդ հրետակոծությունն իրականացրե են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերը, այլ՝թուրք-սիրիական սահմանին մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:

Դրանից հետո գրանցվեցին նմանատիպ ևս մի քանի միջադեպեր, որոնք էլ հանգեցրին նրան, որ ՆԱՏՕ-ն ընդառաջ գնաց Թուրքիային՝ Սիրիայի հետ նրա սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս