Ս.Սաֆարյան. Մնում է ընդամենը արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը մերժում է աղոթելը

ՀԱԿԿ առաջին համագումարում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին և ընդդիմադիր շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին մամուլում դարձավ լայն քննարկման առարկա: Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Կոնգրեսի և ընդդիմադիր մի քանի այլ ուժերի հասցեին հնչող քննադատություններին, թե ինչո՞ւ նրանք չմիացան Րաֆֆի Հովհաննիսյանին:

ՀԱԿԿ նախագահը նախ ընգծեց, որ Կոնգրեսը միակ ուժն էր, որը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, և սա համարեց «մեծագույն քաղաքական աջակցություն» Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա նաև նշեց, որ չի կարելի «բարիկադի վրա գտնվողին», այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանին հեգնել և դիտողություններ անել,  սակայն միաժամանակ ավելացրեց. «Ասում են՝ ինչի՞ դուք, ինչի՞ ղեկավարությունը չեկավ հարթակ ու չմիացավ: Այստեղ՝ կներեք: Մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը. միանայի` ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք, ուզում եք՝ հավատաք, թե չհավատաք, բայց իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:

Սրան բնականաբար շատ արագ արձագանքեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները: Իսկ այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն, իր հերթին, ի պատասխան հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ արտահայտությունը քննադատություն չէ՞ր ընդդիմադիր մեկ այլ ուժի հասցեին, ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես ասել է, թե ինչու չի միացել: Եթե դա համարում եք քննադատությո՞ւն… Չի՞ աղոթել: Փաստը եղել է, չէ՞: Նա պարզապես խոսել է այդ փաստի մասին, և որևէ գնահատական չի տվել»:

Stepan-Safaryan_26.03Այս մասին զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, «Բարև, Երևան» դաշինքի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Սաֆարյանի հետ, ով այսօր մասնակցում էր «Բարև, Երևանի» քարոզարշավին:

«Երբ Եռաբլուրում Սերժ Սարգսյանը հիվանդ տիկնոջն էր ասում` «էկել ես, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», նույն ձևով միգուցե ինքն էլ չէր մտածում, որ վիրավորում է և´ նման քաղաքացիներին, և´ ընդհանրապես հասարակությանը: Հիմա պարզվում է` նախկին նախագահները շատ հետաքրքիր ընկալումներ ունեն վիրավորանքի և հեգնանքի մասին: Ինչևիցէ, եթե Լևոն Զուրաբյանը գտնում է, որ Տեր-Պետրոսյանն ընդամենը արձանագրել է Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայության փաստը, ապա դա արձանագրելու կարիքը չկար, որովհետև ժողովուրդն է տեսել, որ Տեր-Պետրոսյանը կանգնած չէր ժողովրդի կողքին` հարթակի վրա, հարթակից ներքև, ինչպես ինքը կնախընտրեր լինել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Հետևաբար, հանրությանն ավելի շատ հետաքրքրում էին պատճառները: Իսկ եթե մենք ընդունում ենք, որ դա ոչ հեգնական, ոչ անլուրջ արտահայտություն է` առաջին նախագահի կողմից, ապա մեզ մնում է ընդամենը որպես փաստ արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը մերժում է աղոթելը և մերժում է Եռաբլուր այցելելը»:

Դիտարկմանը, թե Ս.Սաֆարյանը, փաստորեն, նույն հարթության մեջ է տեսնում նախկին և գործող նախագահներին, նա պատասխանեց. «Եթե Տեր-Պետրոսյանը որոշել է պատասխանել Րաֆֆի Հովհաննիսյանի և հասարակության հարցադրումներին, ապա մնում է միայն ցավ հայտնել, որ նա նախընտրում է Սերժ Սարգսյանի բառամթերքը»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված և´ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, և´ ընդդիմադիր ուժի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կոչը մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

«Այս ամենը նայելուց` ես զուգահեռներ եմ անցկացնում Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև, և, փաստորեն, ոչ միայն պատասխանելու ձևերը կարող են երկուստեք նույնական լինել, այլ նաև մոտեցման ձևերը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկ է ներկայացնում ժողովրդի հետ իշխանությունը կիսելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի համար կարևոր էր ոչ թե ինքը` խնդիրը, որ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, այլ կարևոր էր, որ դա տեղի ունենա իր մոտ` նախագահականում: Տեր-Պետրոսյանն էլ ամեն ինչ փորձում է գեներացնել իր շուրջ, այսինքն` տվյալ պարագայում նկատելի է, որ նպատակը ոչ թե ինչ-որ խնդիր լուծելն է, կլինի դա ժողովրդի իշխանության իրացումը կամ ընտրությունների ընթացքի վերահսկումը, այլ կարևոր է, թե ո՞ւմ շուրջ են հավաքվում, ո՞վ է հրավիրում և որտե՞ղ է մեզ հրավիրում:

Տեր-Պետրոսյանն ինքը քննադատել էր այս համաժողովրդական շարժումը, թե այն ծրագիր չունի: Հիմա գրեթե նույնպիսի հարցադրում կատարում է իշխանությունը»:

Մեր հարցին, թե արդյոք Տեր-Պետրոսյանի այդ գնահատականն օբյեկտիվ չէ՞ր, պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ այն միանշանակորեն օբյեկտիվ չէր:

«Կա իրավիճակ, կան կեղծված ընտրություններ, որոնց մասին խոստովանել է նաև Տեր-Պետրոսյանը, կա հաղթանակ տարած թեկնածու, դա Րաֆֆի Հովհաննիսյանն է, և կա ժողովուրդ, որը պահանջում է իրեն վերադարձնել իշխանությունը: Եվ այդ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքին, փողոցում քաղաքական պահանջ է ձևակերպում: Ես ուզում եմ հասկանալ` ի՞նչ է նշանակում «քաղաքական ծրագիր չկա»: Ինչի՞ քաղաքական ծրագիր, ռազմական հեղաշրջմա՞ն, այո´, չկա: Արյուն թափելո՞ւ, այո´, չկա»:

Մենք հիշեցրինք, որ իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը համեմատել էր վերջին հետընտրական զարգացումները 2008 թվականին իր գլխավորությամբ ընդդիմադիր շարժման հետ և շեշտել էր, որ, ի տարբերություն Րաֆֆի հովհաննիսյանի, իրենք ունեին հստակ ծրագիր և այդ ծրագիրն իշխանության կազմաքանդումն էր:

«Ի՞նչն էր մեր ծրագիրը, մեր ծրագիրը պետական մեքենան ջարդելն էր: Այո´, եթե մենք ևս 10-20 օր շարունակեինք, պետական մեքենան փլուզվելու էր»,- ասել էր Տեր-Պետրոսյանը:

Այս մասին էլ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Տեր-Պետրոսյանն արդեն հնարավորություն ունեցել է 5 տարվա ընթացքում «կազմաքանդել ավազակապետությունը», և «այն ավարտվել է ընդամենը Ազատության հրապարակում հանրահավաք անելու թույլտվություն խնդրելով, Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ և նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու հավաստիացում խնդրելով»:

«Այսինքն` կազմաքանդման նպատակները բերել են դրան, և մնում է ենթադրել` կա´մ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է հասկացել, որ իր ծրագիրն ընդհանրապես իրականանալի չէ, դրա համար է փոխել իր ծրագիրը, կա´մ ծրագիրը ձախողվել է, որովհետև ինքը շեղվել է այդ նպատակներից:

Սա էական չէ, էականն այն է, որ Տեր-Պետրոսյանը 5 տարվա ընթացքում ունեցել է հասարակական, քաղաքական լայն աջակցություն, այդ թվում նաև «Ժառանգության», Րաֆֆի Հովհաննիսյանի, ունեցել է այդ հնարավորությունը կազմաքանդելու: Եթե ծրագիրը դա է, ապա կյանքն ինքն է ապացուցել, որ այդ ծրագիրը կենսունակ չէ և դա չլինող բան է»,- նշեց Սաֆարյանը, ում կարծիքով ցանկացած քաղաքական գործունեության հիմքում պետք է ճիշտ ընտրված լինի «արժեքաշահերի համակարգը»:

«Եթե քաղաքականության հիմքում դրված է բուրժուայի շահը, ապա, ներողություն, ծրագիրը դատապարտված է ձախողման, իսկ ավելի ստույգ` ձախողված է հասարակական աջակցություն չստանալու, որովհետև դա հասարակության մասին չէ: Դրա մասին կարող են մտածել և քննարկել բուրժուաները կամ բուրժուա դառնալ ցանկացողները, բայց ոչ ժողովուրդը»,- ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս