Բաժիններ՝

Ալի Հասանովը հերքել է Ադրբեջանի նախագահի լիազորությունները 2 տարով ավելացնելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, որ նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց հասցվելու է 7 տարվա:

Լրագրողների հետ զրույցում Հասանովը հայտարարել է, որ ներկայումս ժամանակը չէ երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար: Նա «ապատեղեկատվություն» է որակել նախագահի լիազորությունների երկարաձգման մասին տեղեկատվությունը:

Ադրբեջանի Սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ժամկետը կազմում է 5 տարի: Ընդ որում, 2009 թվականի մարտին Սահմանադրությունում կատարվեցին ուղղումներ, որոնք մեկ անձին հնարավորություն տվեցին անսահամանափակ քանակությամբ դառնալ երկրի նախագահ:

Անկախ փորձագետները կարծում են, որ այդ փոփոխությունը չպետք է տարածվի պետության գործող ղեկավար Իլհամ Ալիևի վրա, քանի որ երբ նա 2003 և 2008 թվականներին ընտրվել է Ադրբեջանի նախագահ, գործել է այն նորման, ըստ որի՝ մեկ անձին արգելվել է երկու անգամից ավելի նախագահի պաշտոնը զբաղեցնելը:

Հիշեցնենք, որ Ալիևների ընտանիքն Ադրբեջանը ղեկավարում է 1993 թվականից: Ինչպես ընդգծում է ադրբեջանական ընդդիմությունը, Ադրբեջանը Եվրոպայի միակ դինաստիական ռեժիմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս