«Չեմ հանդիպել գոնե մեկ խնդրի, որը թեկուզ մեր այսօրվա ռեսուրսներով լուծելի չլինի». Վ.Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Երևանի տարբեր թաղամասերում տասնյակից ավելի բակային հանդիպումներ եմ ունեցել: Մենք հաճախ ենք ասում, որ երկու Երևան կա՝ Կենտրոնը և մնացածը: Ես կասեի, որ երկուսից շատ ավելի Երևան կա՝ Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Կենտրոն, մյուս վարչական շրջանները և դրանց ծայրամասերը: Սրանք բոլորը միմյանցից տարբերվում են: Տարբերությունը հսկայական է հատկապես Փոքր կենտրոնի և ծայրամասերի միջև:

Երևանի հավասար և ամբողջական զարգացումն իսկապես այսօր քաղաքի առաջնային խնդիրներից մեկն է, և դրա իրականացման քաղաքականությունը ոչ թե պետք է լինի այն, ինչ առ այսօր եղել է՝ Կենտրոնից դեպի ծայրամասեր, այլ արդեն ճիշտ հակառակը՝ ծայրամասերից դեպի Կենտրոն: Կարծում եմ՝ արժե լրջորեն մտածել, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իրեն համազոր փոքր կենտրոնը, իր «Աբովյան ու Թումանյան» փողոցները: Այս մոտեցումը միանգամից կփոխի ժողովրդի ակնկալիքները, կմեծացնի հնարավորությունները և, բեռնաթափելով Կենտրոնը, նոր արժեք կստեղծի քաղաքի այլ հատվածներում:

Ինչ վերաբերում է ծայրամասերում ժողովրդի կենցաղային խնդիրներին, ասեմ, որ պարզապես անընդունելի է, որ մինչ այժմ դրանք չեն լուծվել: Այդ խնդիրների առկայությունը քաղաքային իշխանությունների՝ տարիների անտարբերության, նույնիսկ կասեի՝ անխղճության արդյունքն է:

Կարդացեք նաև

Պատկերացրե՛ք, որ մարդիկ շատ բան չեն էլ պահանջում։ Պահանջում են այն, ինչ իրենց նվազագույն հասանելիքն է, այն, ինչ նրանց տարիներ շարունակ խոստացել են՝ ջուր, լուսավորություն, նորմալ ճանապարհ, տրանսպորտային նորմալ հաղորդակցություն, նորմալ դպրոց, մանկապարտեզ և այլն:

Դժգոհություններ կան նաև այնպիսի խնդիրների շուրջ, որոնք զուտ բյուրոկրատական են: Օրինակ, Երևանում ամբողջական բնակելի հատվածներ կան, որոնք կարգավիճակ չունեն, և դրանց պատկանելությունը հայտնի չէ: Այդտեղի բնակիչները բախվում են անհաղթահարելի խոչընդոտների և կամայականությունների քաղաքապետարանի և համայնքային իշխանությունների հետ իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում: Բազմաթիվ ընտանիքներ կան, որ արդեն տասը տարուց ավելի է՝ հանրակացարաններում մեկ-մեկուկես սենյականոց բնակտարածքներ ունեն, որոնց համար մինչ այժմ չեն կարողանում սեփականության վկայական ստանալ, որպեսզի կարողանան այդ տարածքների հետ կապված թեկուզ փոքր խնդիրներ լուծել: Եվ բազմաթիվ նման հարցեր:

Մեր ժողովուրդն իրոք շատ բան չի պահանջում: Բայց մարդկանց խիստ զայրացնում է այն, երբ իշխանական շրջանակների ահավոր շռայլությունների պայմաններում մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց նվազագույն հասանելիքը:

Այս մեկ շաբաթվա ընթացքում ես չեմ հանդիպել գոնե մեկ խնդրի, որը թեկուզ մեր այսօրվա ռեսուրսներով լուծելի չլինի»:

Տեսանյութեր

Լրահոս