ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման համար անհրաժեշտ է կասեցնել ԱՊՀ-ից ՌԴ ապօրինի ներգաղթյալների ներհոսքը. Ռոգոզին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծում է, որ Ռուսաստանին չի հաջողվի պայմանավորվածության գալ Եվրոպայի հետ գործող վիզային ռեժիմի վերացման շուրջ՝ առանց սեփական սահմանագծերի վերահսկման խստացման:
Ռոգոզինն այցելել է Աստրախանի մարզում գտնվող սահմանային կայան, ուր տվյալ պահին ժամանել է «Դուշանբե-Մոսկվա» գնացքը: Ռոգոզինն անձամբ է զննել այդ գնացքում գտնվողներին: Լրագրողների հետ զրույցում Ռոգոզինը հայտարարել է. «Մենք ցանկանում ենք հասնել ԵՄ-ի հետ հարաբերություններում որոշակի ազատականացման, դուրս գալ Եվրոպայի հետ ոչ վիզային տիրույթ:
Սակայն մեզ ոչ ոք չի թողնի Եվրոպա, եթե մենք մեզ թույլ ենք տալիս սեփական սահմաններին ունենալ նմանատիպ ռեժիմ: Դա նաև վերաբերում է սանիտարական պահանջների չիրագործմանը: Մարդիկ մեր երկիր են ժամանում այնպիսի գնացքներով, որոնք նախատեսված չեն մարդկանց տեղափոխման համար: Սանիտարական վիճակը սարսափելի է:
Պետք է ինչ-որ բան ձեռնարկել՝ դրա հետ կապված: Պետք է գտնել այնպիսի որոշում, որը մեզ հնարավորություն կընձեռի վերահսկել պետական սահմանն ու կանխարգելի ապօրինի ներգաղթյալների ներհոսքը: Արդեն այս տարի Ռուսաստանում կարող է մտցվել հատուկ կարգ, որով ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին թույլ կտրվի մեր երկիր մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով:
Կարծում եմ, որ անհրաժեշտ է մնոտ ժամանակներս կասեցնել այն փաստաթղթերով Ռուսաստան ներհոսքը, որոնք ենթակա չեն նույնականացման: Նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ուղերձում անհրաժեշտ է համարել այդպիսի միջոցներ ձեռնարկել 2015 թվականից ոչ ուշ:
Կառավարությունը պատասխանատու է տվյալ որոշման ի կատար ածման համար: Լիովին հնարավոր է, որ այդ միջոցներն ընդունվեն շատ ավելի արագ: Համենայն դեպս, դրանք առաջին հերթին կառնչվեն Տաջիկստանից երկաթուղային հաղորդակցությանը»:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Ռուսաստանից ԱՊՀ երկրներ անձնական փոխանցումների ծավալը կազմել է 20.11 միլիարդ դոլար, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 16.53 միլիարդ դոլար: Հայաստանի մասնաբաժինը կազմել էր 1398 միլիոն դոլար, իսկ Տաջիկստանի ցուցանիշը երրորդն է՝ 3125 միլիոն դոլար: