ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Կելին (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան են այցելել մարտի 18-22-ը և ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում՝ շարունակելու համար կողմերին օգնել աշխատանքներ տանել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ապրիլի 9-ին համանախագհներն ընթացիկ գործընթացի մասին Վիեննայում իրազեկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպաններին: Համանախագահները մարտի 21-ին Երևանում հանդիպել են նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ:

Ապրիլի 2-ին Բաքվում նրանք հանդիպել են նախագահ Ալիևի ու արտգործնախարար Մամեդյարովի հետ: Երկու առանձին այցերի ընթացքում համանախագահները մարտի 19-20-ին և ապրիլի 4-5-ին այցելել են Լեռնային Ղարաբաղ և հանդիպել են տեղի դե-ֆակտո իշխանությունների հետ:

Համանախագահներն իրազեկել են շփման գծում տիրող իրավիճակի մասին, որը նրանք երկու տեղից հատել են ապրիլի 4-ին և 5-ին: Նրանք քննարկել են անվտանգության վերջին միջադեպերը, ինչպես նաև տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են շփման գծի երկայնքով բնակվողների կենսամակարդակի հարցը:

Համանախագհներն ընդգծել են, որ շփման գծում հարաբերական անդորր է նկատվել Նովրուզի ու Զատկի ժամանակաշրջանում և հույս են հայտնել, որ դա կլինի շարունակական: Համանախագահները նախագահների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից և դեպի օդանավակայան քաղաքացիական թռիչքների իրագործման հարցը:

Նախագահները վերահաստատել են խաղաղության գործընթացին հավատարիմ գտնվելը և աջակցություն են հայտնել՝ հետագայում ամենաբարձր մակարդակով այդ գործընթացին մասնակցելու համար: Համանախագահները պլանավորել են առաջիկա շաբաթներին կազմակերպել արտգործնախարարների հանդիպում՝ խաղաղության գործընթացի առաջխաղացման համար»:

Տեսանյութեր

Լրահոս