Բաժիններ՝

«Ստեղծիր քո պատմությունը». Նոր կրթական ծրագիր՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

Ապրիլի 9-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի այցելուները կարող են ստեղծել իրենց պատմությունները: Արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված ընտանիքների և դպրոցականների համար: Ծրագիրն իրականացվում է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում:
Նշենք, որ օրեր առաջ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց մեծ արվեստագետի երկաթյա երկերի հավաքածուն, որը լայն արձագանք ստացավ:

«Ցուցադրությունը շատ սիրվեց այցելուների կողմից, տարբեր տարիքի մարդիկ են գալիս, ուսանողական մեծ խմբեր, մի շարք պաշտոնական այցելություններ հատուկ օրակարգում ներառում են մեր թանգարանի այցելությունը: Գնահատվում է վարպետի նուրբ հումորը և երևակայությունը: Վստահաբար, այս ծրագիրը ևս կհետաքրքրի հանրությանը, քանի որ այն իրենից հետաքրքիր աշխատանք է ներկայացնում: Հիմք ընդունելով Հակոբ Հակոբյանի ստեղծագործականությունը, մտքերը և երևակայությունը, մարդիկ ևս հնարավորություն կունենան ստեղծելու իրենց արվեստը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
Վերջինիս խոսքով, ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Արծիվ» սրահում: Նրանք կծանոթանան Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններին և նրա քանդակների ստեղծման հիմնական գաղափարներին:

«Դե, իսկ ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Մասնակիցները հատուկ արկղի մեջ կտեղավորեն իրենց հետ կենտրոն բերած տարատեսակ առարկաները: Յուրաքանչյուրը կընտրի իր նախընտրած առարկան, որը հակոբյանական սկզբունքով կվերածվի մարդակերպ կամ կենդանակերպ ֆիգուրի»,- ասաց Լ. Սոխակյանը: Նշենք, որ ծրագրի մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս