
CONTACT-ը «պոկ չի գալիս» Հայաստանից

CONTACT համակարգը և QIWI վճարային ծառայությունը երկարժութային փոխանցումներ են գործարկել դեպի ԱՊՀ երկրներ: Ինչպես փոխանցում է Banks.am-ը, հաղորդագրության մեջ նշվում էր, որ ծառայությունը հասանելի է Ռուսաստանի տարածքում QIWI-ի ավելի քան 100 հազ. տերմինալներով: Դրանց միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, Աբխազիա, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուկրաինա: Նշվում էր նաև, որ դրամական միջոցները կարելի է ստանալ երկրի տարածքում CONTACT համակարգի ցանկացած կետում:
Հաշվի առնելով, որ 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական Բանկը արգելեց «Կոնտակտ» համակարգի աշխատանքը Հայաստանում, Banks.am-ը դիմել է ՀՀ Կենտրոնական Բանկ՝ պարզաբանելու Հայաստանի ուղղությամբ գործարք իրականացնելու CONTACT-ի իրավասությունը: Նշենք նաև, որ CONTACT-ը «պրոտեկցիոնիզմ» էր անվանել ՀՀ ԿԲ-ի որոշումը:
ՀՀ Կենտրոնական Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Banks.am-ին հայտնել են, որ «Կենտրոնական բանկի 21.12.2012 թ-ի թիվ 365 Ա որոշմամբ անվավեր է Ճանաչվել «Contact» վճարահաշվարկային համակարգի անդամակցության թույլտվությունը: Տվյալ համակարգը ՀՀ-ում սպասարկման կետեր չունի: Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԲ ուշադրության ներքո»: