Հավատը գործերով, 100 քայլով, հնարավոր է` դեպի ապահով Հայաստան. վերևում Աստված կա

Նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած 8 թեկնածուներից  6-ն արդեն հրապարակել են իրենց նախընտրական կարգախոսները. Դրանք են.

1.Սերժ Սարգսյան` «Դեպի ապահով Հայաստան»:
2. Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Հնարավոր է», «Մեկ անգամ` միասին»:
3.Պարույր Հայրիկյան՝ «Հավատը` գործերով»:
4.Արամ Հարությունյան՝ «Ես Ձեզնից մեկն եմ»:
5. Հրանտ Բագրատյան՝ «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»:
6.Վարդան Սեդրակյան՝ «Վերևում Աստված կա»:

Իսկ մյուս երկու թեկնածուները` Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը, նշել են, որ իրենց կարգախոսները կհրապարակեն նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը` հունվարի 21-ին:

Պարույր Հայրիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը «Հավատը` գործերով» կարգախոսն ընտրել է բազմաթիվ տարբերակներից: Դրանց թվում եղել են  հետևյալ կարգախոսները` «Եկել է պատմական ՊԱՀ-ը», «Ազատ Հայաստան», «Լավագույն տանտեր կարող է լինել տունը կառուցողը»: «Ի  վերջո, եկանք այն  եզրակացության, որ մեզ ավելի բնութագրող է՝ մեր անցած ճանապարհը ներկայացնող «Հավատը` գործերով» կարգախոսը, որը վերցված է ավետարանից` Հակոբոս առաքյալի թղթերից:

Կարդացեք նաև

Դա նշանակում է, որ քո մտքերը, քո նվիրվածությունն այս կամ այն գաղափարին պետք է նաև գործնականորեն ապացուցված լինի: Տվյալ դեպքում, եթե դու կամենում ես քո ժողովրդին մի նոր հանգրվանի հասցնել, պետք է երևա, որ դու այդ բանն անելու ընդունակ ես, արել ես այդպիսի բան: Մենք ճանապարհ անցած կազմակերպություն ենք, եղածների մեջ, թերևս, միակը, որն էական հետք է թողել հայ ժողովրդի պատմության մեջ: Իսկ հետք չես թողնում իշխանությունը թռցնելով կամ վայելելով, այլ հետք թողնում ես քո ազգային կյանքում ներդրում կատարելով: Այդ տեսակետից ամենանպատակահարմար թվաց հենց այդ կարգախոսը»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Հարցին, թե որքանո՞վ կընկալվի իր ուղերձը հասարակության կողմից, վերջինս պատասխանեց. «Ես ինչ-որ տեղ ուրախ եմ, որ իմ  կարգախոսը հենց առաջին վայրկյանից չի ընկալվի: Օրինակ, եթե ասում էինք` «Լավագույն տանտերը կարող է լինել տուն կառուցողը», ամեն մարդ հասկանում է, որ անկախ Հայաստանում կառուցող է եղել Հայրիկյանը, ավելի հեշտ ընկալելի էր, բայց մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մարդկանց մի զգալի մասը միանգամից է ընկալում` նույնիսկ մինչև մեր բացատրելը, որ դա քրիստոնեական սուր գրություններից վերցրած գաղափար է, իսկ մյուսների դեպքում` ընդհակառակը` բացատրելու ընթացքում դու շեշտադրում ես կարևոր իրողություններ, որ մարդուն պիտի օգնի:

Չէ՞ որ, երբ դու գնում ես երեխայիդ բուժելու, հետաքրքրվում ես` բժիշկը, ում մոտ տանում ես երեխայիդ, ինչ-որ մեկին բուժե՞լ է, թե՞ չի բուժել, այսինքն` նրա խոսքերին, որ ինքը կբուժի, հավատում ես նրա գործերով: Նույնը վերաբերում է մեր քաղաքական կյանքին»:

Իսկ Վարդան Սեդրակյանը՝ «Վերևում Աստված կա» իր կարգախոսն այսպես մեկնաբանեց. «Ես դա վերցրել եմ Մարկեսի «100 տարվա մենություն» վեպից, որտեղ քաղաքն անհասկանալի հիվանդությամբ է վարակվում, մարդիկ կորցնում են իրենց հիշողությունը և, որպեսզի վերջնականապես չկորցնեն ամեն ինչ, մեծ պաստառի վրա գրում են` «Վերևում Աստված կա», և կախում են քաղաքի գլխավոր հրապարակում, որպեսզի, եթե ամեն ինչը մոռանան, գոնե այդ մի բանը հիշեն: Իմ կարգախոսն ուղղված է հիմնականում 3 նախկին նախագահներին, որ  հիշեն, որ անկախ իրենց ցանկությունից, անկախ իրենց պատկերացումներից՝ վերևում Աստված կա, և մի գեղեցիկ օր իրենք կանգնելու են  Աստծո առաջ և պատասխան են տալու իրենց արարքների համար»:

Իսկ հարցին, թե դա ենթադրո՞ւմ է, որ իր կարգախոսը ներառում է  նաև դժոխք և դրախտ հասկացությունները, և ի՞նչ է կարծում` ՀՀ երեք նախագահները դրա՞խտ, թե՞ դժոխք են գնալու, Վ. Սեդրակյանը պատասխանեց. «Ես խորապես համոզված եմ, որ կանգնելու են Աստծո առաջ և պատասխան են տալու իրենց արարքների համար: Իսկ այնտեղ արդեն վերին ատյանները կորոշեն: Դա իմ իրավասությունների սահմաններից դուրս է»: Վ. Սեդրակյանի խոսքով` իր կարգախոսը շատ լավ է ընկալվում հասարակության կողմից:

Իսկ թե որքանո՞վ են ընկալելի ու ակտուալ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի  կարգախոսները, մեզ հետ զրույցում մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը. «Քանի որ հիմնականում մեր հասարակության մտահոգությունը նրանում է, որ այս իշխանությունների օրոք որևէ  բան հնարավոր չէ անել ո՛չ ընտրությունների, ո՛չ երկրում փոփոխություններ կատարելու առումով, ո՛չ հնարավոր է իշխանափոխություն անել, մենք ասում ենք` ո՛չ, հնարավոր է, և «Հնարավոր է» կարգախոսը հենց այդ մտահոգությունները փարատելուն է ուղղված:

Մենք ասում ենք, որ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ կանխորոշված չէ, և հնարավոր է փոխել իշխանություն, երկրի վիճակը, և հնարավոր է դա անել ընտրությունների միջոցով: Ինչ վերաբերում է մյուս կարգախոսին`

«Մեկ անգամ` միասին», ավելի շատ կոչի պես է մեր հանրությանը, ժողովրդին, որ վերջապես երկրում այս վիճակը փոխելու հարցը մեկ անգամ լիարժեքորեն փակենք, և դրա համար ընդամենը մեկ անգամ միասին գնանք և քվեարկենք, մեր քաղաքացիական պարտքը կատարենք և միասին փոխենք վիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս