Հայտարարվել է $ 3 մլրդ արժեքով Հայաստան-Իրան երկաթուղային ծրագրերի մեկնարկի մասին
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հայտարարել է $ 3 մլրդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ծրագրերի մեկնարկի մասին»: Ինչպես փոխանցում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է Rasia FZE ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Այսօր ստորագրվել է Հայաստանի hարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության, ՀՀ Տրանսպորտի և
կապի նախարարության և «Ռասիա» ՖԶԷ ընկերության միջև:
Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային երկաթուղին լինելու է 316 կմ երկարությամբ էլեկտրաէներգիայով գործող մեկուղանի երկաթուղի, որն ընթանալու է Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում և միանալու է ՀՀ առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային արագընթաց Ճանապարհը լինելու է 110կմ երկարությամբ մայրուղի, որը ընթանալու է Սիսիան քաղաքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում:
Երկու ծրագրերն էլ կազմելու են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որն առանցքային դեր է խաղալու տարածաշրջանում միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հարցում և կազմելու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին:
Դուբայում հիմնադրված Rasia FZE ընկերությունը հայտնել է, որ ՀՀ-ն 2012թ. կոնցեսիոն պայմանագրեր է կնքել իր հետ այս երկու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ: Կոնցեսիաների պայմանները նախատեսում են կոնկրետ ժամկետներ իրագործելիության ուսումնասիրությունների իրականացման, ճարտարագիտական նախագծերի մշակման, ծրագրային ֆինանսավորման և կառուցումն ավարտելու համար և դրանց հաջորդում է 30-ամյա շահագործման ժամանակահատվածը, որը կարող է երկարաձգվել «Ռասիա» ընկերության կողմից ևս 20 տարով:
Ի թիվս այլ առավելությունների, կոնցեսիայի պայմանները «Ռասիա» ընկերությանն իրավունք են շնորհում ազատորեն սահմանել բեռնափոխադրումների սակագները և
ճանապարհային վճարները, միաժամանակ պաշտպանություն ապահովելով մրցակից նախագծերից:
«Ռասիա» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին նշել է, որ «հանդիսանալով «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել դրանց»:
Rasia FZE ընկերությունը հայտնել է, որ «վերջերս բարեհաջող բանակցել է
և շրջանակային և առևտրային պայմանագրեր է ստորագրել «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ, որը կդառնա երկաթուղային և ճանապարհային ծրագրերի կառուցապատման կոնսորցիումի առաջատար անդամ: