Վաճառել են մարդասիրական դեղերն ու բուժպարագաները
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մի մասը բուժհիմնարկներում դուրս է գրվում պատահական մարդկանց անուններով, իսկ այնուհետև իրացվում, նման եզրակացության է հանգել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը վերջերս կատարված և 2011 և 2012 թվականներին վերաբերող ուսումնասիրությամբ:
Առողջապահական կենտրոններից մի քանիսում (անունները վերահսկողական ծառայությունը դեռ չի հրապարակում) կատարված դիտարկմամբ պարզվել է, որ մարդասիրական ճանապարհով ստացված դեղերը և բուժպարագաները հիվանդանոցների կողմից վաճառվում են բուժում ստացող քաղաքացիներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը մի բան գիտեր, որ առողջապահության ոլորտում առկա իրավիճակը վերջերս բնորոշեց ‹‹այլանդակություն›› բառով: Նկատենք, որ այս ամենի ամուր արմատներն անցյալից են սկիզբ առնում, և այժմ դեռ դժվար է ասել` առողջապահության ներկայիս նախարարին կհաջողվի՞ դրական առումով լուրջ փոփոխության հասնել: Ձգտումն ունի, բայց միայն դա դեռ բավարար չէ…
Կասկածից դուրս է, սակայն, այն, որ մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի ու բուժպարագաների հետ կապված ոմանց կոռուպցիոն ձեռնածություններն անհետևանք չեն մնում. սփյուռքում և, ընդհանրապես, արտերկրում շատերը, որ մարդասիրական նկատառումներով և անհատույց կարող էին Հայաստան ուղարկել դեղորայք ու բուժպարագաներ, ձեռնպահ են մնում իրենց այդ մտադրության իրականացումից, քանի որ շատ լավ պատկերացում ունեն, թե Հայաստանում ինչ է կատարվում: Կոռուպցիայից այս առումով տուժում ենք բոլորս` և հիվանդներն ու հիվանդատերերը, և պետությունը, որը ստիպված է լինում մարդասիրական ճանապարհով չստացվածի փոխարեն, անհրաժեշտ դեղերն ու բուժպարագաները գնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ավելին. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է նաև, որ մարդասիրական կենտրոնի պահեստներում շարունակում են մնալ բաշխման ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով տարիների ընթացքում չբաշխված, կուտակված և ոչնչացման ենթակա դեղեր ու բուժպարագաներ, որոնք կազմում են շուրջ 10 բեռնարկղ (կոնտեյներ): Նկատի ունենանք, որ թերևս տոննաների հասնող ժամկետանց, փչացած այդ ապրանքի ոչնչացումը մեծ ծախսեր պահանջելուց բացի, մեր պետության համար էկոլոգիական լուրջ հիմնախնդիր է:
Օգուտ տալու փոխարեն, դրանք ոմանց սխալի կամ կոռուպցիոն շահագրգռվածության պատճառով փաստորեն վնասաբեր են դարձել պետության համար: Վերահսկողական ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ բուժհիմնարկների կողմից մինչև այժմ պատշաճ չի իրականացվում բուժպարագաների և բժշկական թափոնների ոչնչացումը: Ստացվում է, որ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բժշկական թափոններին առնչվող անցյալ տարվա բացահայտումներից հետո էլ իրավիճակը գրեթե չի շտկվել կամ մնում է նույնը: