
Ընտրություն ընտրությունից առաջ

Երբևէ Հայաստանն այնքան միջազգային ուշադրության կենտրոնում չի գտնվել, որքան այսօր` նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ: Երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության «Արևելյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովը, որին, բացի հայաստանյան պաշտոնյաներից, մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:
Նման մակարդակի եվրոպական պաշտոնյաների այցն աննախադեպ է Հայաստանի համար: Առավել աննախադեպ` նախագահական ընտրություններից առաջ: Եվրոպացի հյուրերի մի մասը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում երեկ արդեն հասցրել է «հիացմունք» արտահայտել անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, և հույս են հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն նույնքան «բարձր մակարդակով»: Այսինքն` Եվրոպան, ըստ էության, աջակցություն է հայտնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին` դրանով վերջինիս դնելով, մեղմ ասած, ոչ այնքան հարմար դրության մեջ:
Եվրոպական աջակցությունն, իհարկե, շատ կարևոր է, սակայն Հայաստանում, ինչպես հայտնի է` թե իշխանության, թե ընդդիմության համար առաջնային է համարվում ռուսական աջակցությունը: Իսկ «ռուսական դաբրոն» ուշանում է այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինի այցը, որին Հայաստանում սպասում են դեռ ամռան ամիսներից:
Նախագահական ընտրություններից առաջ այսօր ավելի կարևոր ընտրության առաջ է կանգնած գործող իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. քաղաքական և հրապարակային պարտավորություններ ստանձնել Եվրոպայի՞ առաջ (որից կշահի եթե ոչ` իշխանությունը, ապա՝ պետությունը), թե՞ գործարքի մեջ մտնել ռուսական իշխանությունների հետ` Եվրասիական միությանն անդամակցելու և դրանից բխող բոլոր հեռանկարներով:
«168 ԺԱՄ»