«Ես երևանյան հիվանդություն ունեմ, բայց, փառք Աստծո, ոչ բժշկական». Լևոն Մալխասյան (լուսանկարներ)
Դեռևս 1960-ականների սկզբներին դաշնակահար Լևոն Մալխասյանը՝ հայտնի Մալխասը, ով այդ տարիներին սովորում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի և թմբկահար Արմեն Թութունջյանի հետ միասին ջազային եռյակ ստեղծեց:
Կարճ ժամանակ անց եռյակը դարձավ քառյակ, և նրանց միացավ սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը: «Լևոն Մալխասյան» քառյակը երկար ժամանակ գործում և համերգներ էր տալիս թե՛ Երևանում, և թե՛ արտասահմանում: Համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներով: Արդեն քանի տարի է՝ Լևոն Մալխասյանը ջազային երեկոներ է կազմակերպում «Մալխաս» ջազ ակումբում:
– 16 տարեկանից տարբեր խմբերում եք նվագել, կարելի՞ է ասել, որ այդ ժամանակվանից էլ կանխորոշվեց Ձեր ապագան` ապրել ջազով:
– Այո, երբ ես 15 տարեկան էի, շատ պատահական ամերիկյան եթերից աստվածային երաժշտություն լսեցի: Սկսեցի ամեն օր այդ ալիքը որսալ: Պարզվեց, որ դա «Time for jazz» 45-րոպեանոց հաղորդումն էր, որն ամեն օր գիշերը ժամը 23:15-ից մինչև կեսգիշեր վարում էր հայտնի ջազային մեկնաբան Ուիլլիս Քոնովերը (Willis Conover): Այդ ալիքով հնչող երաժշտությունը սկսեցի ձայնագրել և ընդօրինակել:
Հետո պարզեցի, որ եթերից նվագում էր 20-րդ դարի ջազային լավագույն դաշնակահարներից Օսկար Պետերսոնը (Oscar Peterson), ով մինչ օրս հանդիսանում է իմ հեռակա ուսուցիչը: Դժբախտաբար ես երաժշտական կրթություն չունեմ, և Օսկար Պետերսոնն ինձ համար դարձավ և՛ երաժշտական դպրոց, և՛ երաժշտական ուսումնարան, և՛ կոնսերվատորիա: 16-17 տարեկանից սկսեցի նվագել տարբեր խմբերում: Այդ տարիներին խմբերը շատ-շատ էին, բայց ամենակարևորն այն էր, որ 60-ականների սկզբներին ստեղծեցինք ջազ-եռյակ, որը կարճ ժամանակ անց դարձավ քառյակ: Մեզանից հետո սկսեցին սնկերի պես փոքր խմբեր աճել: Արդեն 50 տարի է՝ ջազում եմ, և այս ընթացքում ոչ մի պաշտոն չեմ ունեցել, չեմ էլ ձգտել, և բոլոր առաջարկները շատ նուրբ ձևով մերժվել են:
– Ասացիք, որ երաժշտական կրթություն չունեք, ինչպե՞ս ստացվեց, որ կարողացաք ջազում կայանալ:
– Առաջին հերթին պետք է ջազ սիրես և ինքդ քեզ վրա շատ աշխատես: Եթե ջազ չես սիրում և չես աշխատում՝ որքան էլ բնածին տաղանդավոր լինես, չես կարող կայանալ: Ջազը շատ լուրջ և ծանր ժանր է, այն ո՛չ դասական երաժշտություն է, ո՛չ ռաբիս է, ո՛չ ռոք, և ո՛չ էլ էստրադա: Ջազը կղզիացած մի ժանր է, որը պահանջում է շատ լուրջ մոտեցում, և եթե աշխատանք չկատարվի՝ ոչ մի բան էլ չի ստացվի: Եվ ամենակարևորը` պետք է ծնվել իմպրովիզացիաներ անելու մղումով: Եթե իմպրովիզացիա սկզբունքը քո մեջ չկա, ապա ոչ մի կոնսերվատորիա այն չի սովորեցնի: Ջազ նվագում են այն մարդիկ, ովքեր սիրում են այն:
– Դուք բազմաթիվ երկրներում համերգներ եք տվել, ինչո՞վ է տարբերվում դրսի հանդիսատեսն այստեղի հանդիսատեսից:
– Ոչ մի բանով, ջազ սիրողներն առանձնահատուկ մարդիկ են, ովքեր ամեն տեղ նույնն են, իսկ Երևանում` ամենաքմահաճն ու ամենախստապահանջը: Հիմա չես կարող մի ակումբ բացել, սաքսոֆոն նկարել, տակը գրել՝ ջազ, և ունկնդիրներ հավաքել: Մարդիկ չեն գա, այսօր հայ ունկնդրին շատ դժվար է գոհացնել: Ջազը կոմերցիոն ժանր չէ, այն ո՛չ շոու-բիզնեսի, ո՛չ էլ կոմերցիայի հետ ընդհանրապես կապ չունի: Ես որ երկրում եղել եմ, միշտ գնացել եմ ջազ-ակումբներ, որովհետև այնտեղ հստակ երևում է տվյալ երկրի ջազային մակարդակը:
– Արդեն 50 տարի է՝ ջազում եք, այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:
– Ոչ մի: Ի տարբերություն Մոսկվայի, Լինինգրադի, Սանկտ Պետերբուրգի և շատ ուրիշ քաղաքների, որտեղ այն տարիներին ջազն արգելվում էր, և ջազմենները փախչում էին երկրից, Երևանում ոչ մի տարի ջազը չի արգելվել: Պարզ է` մեծ ոգևորությամբ չեն ընդունել, բայց չեն էլ արգելել: Մեզ միշտ թողնում էին համերգներ տալ, և դահլիճները լեփ-լեցուն էին լինում: Ի՞նչ արգելքի մասին է խոսքը, եթե Երևանում 1985 թվականին կարողացանք «Համամիութենական ջազ-փառատոն» անցկացնել, իսկ 1986-ին այն կրկնեցինք (կոչվում էր «Ջազային համայնապատկեր»):
– Բազմաթիվ արվեստագետներ դրսում կայացան, բայց Դուք մնացիք այստեղ: Ի՞նչն էր Ձեզ պահում:
– Պատմեմ ձեզ իմ ու Երևանի պատմությունը: Երբ ես այլ երկիր եմ գնում, 13 օրից ավելի չեմ կարողանում մնալ: Նշանակություն չունի՝ Բրազիլիայո՞ւմ եմ, Լաս Վեգասո՞ւմ, թե՞ Մոսկվայում. 14-րդ օրն արդեն Երևանում եմ: Երբեմն ցանկանում էին ինձ հետ ինչ-որ պայմանագրեր կնքել` ասելով, թե պետք է երեք ամիս մնամ տվյալ երկրում, ասում էի` այդ համերգները թող մնան հետո, հիմա տոմսս տվեք` ես գնում եմ: Ես երևանյան հիվանդություն ունեմ, բայց, փառք Աստծո, ոչ բժշկական (ժպտում է.- Գ. Ա.): Ցանկանում եմ մեր ամենա-ամենա գրողներից մեկի` Հրանտ Մաթևոսյանի խոսքերը մեջբերեմ, ով ասում էր` «Որ օրն իմ երկրում, գյուղում չեմ անցկացնում, կորած եմ համարում»: Իմ դեպքում էլ է այդպես:
– Իսկ այսօրվա Երևանն ինչպիսի՞ն է Ձեր աչքերում:
– Ես Երևանին վերաբերվում եմ` որպես իմ երեխայի: Մի օր նա լավ տրամադրություն ունի, մի օր` ջերմում է, մի օր` շատ վատ է: Ես իմ քաղաքին չեմ նայում` որպես թերություններ ունեցող քաղաք: Ես շատ ծանր եմ տանում արտագաղթը, բայց տաքություն ունեցող երեխային թողնում ու փախչո՞ւմ են: Ո՛չ, բուժում են, օգնում: Ինձ համար Երևանը կենդանի մարդ է:
– Որպես մարդ և որպես արվեստագետ՝ ի՞նչ երազանքներ ունեք:
– Ես ունեի երեք երազանքներ, որոնք բոլորն էլ իրականացան: Առաջին երազանքս էր՝ մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ ես սկսել եմ նվագել: Դա ինձ հաջողվեց 1990 թվականին: Երկրորդ երազանքս էր՝ ամերիկյան մեգաաստղերի հետ միասին Երևանում անել միջազգային ջազ-փառատոն: Դա մի քանի անգամ հաջողվեց անել: Իսկ երրորդ երազանքս էլ սեփական ջազ ակումբ ունենալն էր: Դա ևս հաջողվեց: Չորրորդ երազանքս էլ չեմ ասում, քանի որ ձուկը դեռ ջրում է … (ժպտում է.- Գ. Ա.):
– Իսկ եթե փակագծերը մի փոքր բացե՞ք…
– Երազանքս չեմ ասի, բայց մի նպատակ ունեմ: Մյուս տարի փորձում ենք մի շատ հետաքրքիր փառատոն անել, որը մինչ օրս չի արվել: Ցանկանում ենք «Համահայկական միջազգային ջազ-փառատոն» կազմակերպել: Կարող եմ ասել, որ, բացի Աֆրիկայի ջունգլիներից, ամեն երկրում հայ ջազմեն ունենք, ուղղակի պետք է ճշտել նրանց որակը: Միայն նրա համար, որ հայ է և ջազ է նվագում, չենք կարող հրավիրել, պետք է որակն անպայման համապատասխան լինի երևանյան մակարդակին: Սա մեծածախս գործ է և պահանջում է ամենօրյա աշխատանք:
– Պատրաստվո՞ւմ եք ֆինանսավորման համար ինչ-որ մարմինների դիմել:
– Նմանատիպ փառատոները չես կարող միայնակ անել: Սպասում եմ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք մինչ այսօր աջակցել են, կօգնեն նաև այս փառատոնի իրականացման գործում: Օգնություն եմ սպասում նաև Սփյուռքահայ կոմիտեից, Մշակույթի նախարարությունից: Կարծում եմ` կկարողանանք համատեղ ուժերով այս փառատոնն ի կատար ածել:
– Ձեր բոլոր ծրագրերն իրականացել են, կարո՞ղ ենք ասել, որ Դուք բախտավոր մարդ եք:
– Իհա՛րկե բախտավոր եմ. ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ այստեղ և իմ հարազատ քաղաքում զբաղվում եմ իմ սիրած գործով:
– Կա՞ ինչ-որ կարգախոս, որով առաջնորդվում եք:
– Ջազը մի քանի թարգմանություն ունի, որոնցից մեկն է` Jazz-Life (Ջազ-կյանք): Սա է իմ միակ կարգախոսը:
– Կցանկանայի՞ք ինչ-որ բան ավելացնել:
– Այո, սխալմամբ` հաճախ ինձ անվանում են հայկական ջազի հիմնադիրը, պապան կամ պապիկը, ես շատ կտրուկ դա հերքում եմ, որովհետև ինձնից և եռյակից առաջ եղել են բավական լուրջ ջազմեններ, նրանք են` Արտեմի Այվազյանը, Կոնստանտին Օրբելյանը, Առնո Բաբաջանյանը, Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը և շատ ուրիշներ: Նրանք ունեին մեծ օրկեստրներ, իսկ առաջին փոքր խումբը մերն էր, երևի դրա համար էլ շփոթում են, որովհետև փոքր խմբում կարողանում ես քո «ես»-ն արտահայտել: Երևանում միշտ էլ եղել են լավ ջազմեններ, ովքեր, որ երկիր էլ որ մտել են՝ շշմեցրել են իրենց կատարումներով:
Եվ մի բան էլ` հաճախ ինձ հարցնում են` «Հայկական ջազը հայկական գործիքներով հնարավո՞ր է նվագել»: Ամենևին էլ պարտադիր չէ ջազի մեջ թառ կամ զուռնա ավելացնել, որ ասեն՝ հայկական է: Ցանկացած երկիր, որտեղ գնում ես, նույնիսկ, եթե նվագում ես ամերիկյան ստանդարտ ջազ, 5-10 րոպե հետո ասում են, որ այս երաժիշտն Արևելքից է: Ցանկացած ջազմեն իր երաժշտության մեջ բնութագրում է իր երկրի էությունը: