Բաժիններ՝

Gallup-ի տհաճ կողմը

Մեր իշխանությունները սովոր են, որ անվանման մեջ Gallup բառը պարունակող ինչ-ինչ կազմակերպություններ պարբերաբար հարցումներ անցկացնեն և հրապարակեն դրանց ոչ անսպասելի արդյունքները։

Դրանց համաձայն, որքան ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, այնքան մեծանում է սերն ու վստահությունը ժողովրդի նկատմամբ։ Ու պարզվում է, որ եթե ընտրությունները լինեին այս կիրակի, հաջորդ կամ կապ չունի երբ, ընտրողների ձայներով առաջին տեղը կգրավեր գործող նախագահը կամ իշխող քաղաքական ուժը (ուժերը)։
Միգուցե իշխանություններն իրենք էլ չեն հավատում այդ արդյունքներին, սակայն ամեն դեպքում հաճելի սուտը երբեմն ավելի նախընտրելի է, քան դաժան ճշմարտությունը։
Սակայն Gallup-ը երբեմն հրապարակում է նաև ոչ այնքան հաճելի ցուցանիշներ։ Ճիշտ է, խոսքը վերաբերում է ոչ թե ընտրություններին, այլ սոցիալ-տնտեսական վիճակին ու աղքատությանը։ Հարցումն էլ կատարել է ոչ թե մեր իշխանությունների սիրած կիսահայկական-կիսաարտասահմանյան կազմակերպությունը, այլ Gallup International/WIN-ինը։
Այս ասոցիացիան ամեն տարի հրապարակում է «Համաշխարհային բարոմետրը», որն ուսումնասիրում է թերսնման մակարդակը 57 երկրներում։ Վերջին զեկույցի համաձայն` մոլորակի յուրաքանչյուր 8-րդ բնակիչը (12%-ը) թերսնվում է:
Եվ այսպես, Հայաստանն այդ 57 երկրների շարքում զբաղեցրել է 32-րդ տեղը։ Ըստ այդ զեկույցի` Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը։ Եթե բնակչության թիվն ընդունենք 3 միլիոն, ապա ստացվում է, որ Հայաստանում թերսնվում է 390 հազար մարդ։ Սա մի ցուցանիշ է, որն ամենևին համահունչ չէ, ասենք, «Առաջ Հայաստան» կարգախոսին և տարբեր դարակազմիկ ծրագրերին։ Ստացվում է, որ թերսնման մակարդակով Հայաստանը աշխարհի միջինից ավելի վատ վիճակում է գտնվում։

Համեմատություններ սիրողների համար նշենք, որ Ադրբեջանում թերսնման մակարդակը 4% է, և այդ երկիրը տեղ է զբաղեցնում «ամենակուշտ» երկրների առաջին տասնյակում։
Ոմանք միգուցե կշտապեն ասել` դե, Ադրբեջանը նավթ ունի, հարուստ երկիր է, մենք նման հնարավորություններ չունենք։ Սակայն զեկույցի հեղինակները հատուկ շեշտել են, որ ուսումնասիրության արդյունքներն ուղղակի կապ չեն արտացոլում երկրի կարողությունների և թերսնման ցուցանիշի միջև։ Որպես օրինակ` նշվում է Վիետնամը. այն հարուստ երկիր չէ, սակայն թերսնման մակարդակն ընդամենը 3% է։ Կա նաև հակառակ ծայրահեղությունը` ԱՄՆ-ի պես գերհզոր ու հարուստ երկրում թերսնման մակարդակը 22% է (որքան Քենիայում և Սաուդյան Արաբիայում)։ Ի դեպ, հայրենի կառավարության պաշտպանները կարող են հղում անել նաև այդ օրինակին` ցույց տալու համար, որ այդ զեկույցը ոչինչ չի նշանակում։
Կոնկրետ Հայաստանում թերսնման պատճառը եկամուտների կամ փողի պակասը չէ։ Եկամուտներ, միջոցներ կան։ Խնդիրը դրա անհավասարաչափ բաշխման մեջ է։
Զարմանալի զուգադիպությամբ, վերը նշված զեկույցի հրապարակման նախորդ օրը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես մի զեկույց էր հրապարակել` պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ։ Թեպետ վերնագրում նշված է, որ այն վերաբերում է 2012թ. հոտկեմբերին, սակայն տվյալները հին են (2009-2010թթ.) և ըստ էության առանցքային ցուցանիշների մասով ոչ մի նոր բան չեն պարունակում։
Եվ չնայած դրան, այդ զեկույցը կարծես հիշեցում լինի այն մասին, թե ինչ սոցիալական պատկեր ունենք։
Նախ` աղքատության մակարդակը 2010թ. նախորդ տարվա համեմատ աճել է 1.7 տոկոսային կետով և կազմել 35.8%։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 3.6-ից 3 տոկոս։ Նշենք, որ ծայրահեղ աղքատ համարվում են այն մարդիկ, որոնց եկամուտների պարենային գծից ցածր են։ Այսինքն, այս ցուցանիշն ինչ-որ տեղ նման է թերսնման ցուցանիշին։ Սակայն, ինչպես տեսնում եք, տարբերությունը Gallup-ի հետ զգալի է։
Ինչ վերաբերում է անհավասարությանը, ապա դա չափվում է Ջինի հայտնի գործակցով։ ԱՎԾ-ն այդ ցուցանիշի հաշվարկը նույնպես ներկայացրել է։
Ըստ եկամուտների անհավասարության` Ջինի գործակիցը 2009թ. 0.355-ից աճել է 0.362-ի, իսկ ըստ սպառման անհավասարության` 0.257-ից` 0.265-ի (որքան մեծ է գործակիցը, այնքան խորն է անհավասարությունը)։ Եվս մեկ ցուցանիշ, որը նույնպես խոսում է անհավասարության մասին. 2010թ. տվյալներով` 10 դեցիլային խմբերից առաջին խմբի (10% ամենաաղքատ մարդիկ) ամսական եկամուտը 14.1 անգամ զիջում է 10% ամենահարուստ մարդկանց եկամուտներին (6489-ը` 91.965-ի դիմաց)։
Մի խոսքով, աղքատության և թերսնման պատկերի առումով հայրենի ԱՎԾ-ի և Gallup International/WIN-ի ցուցանիշները համադրելի են։ Ինչ վերաբերում է թերսնվածների և չունևոր բնակչության քաղաքական նախասիրություններին, ապա այստեղ էլ համադրել են կիսահայկական Gallup-ի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս