Քոչարյանը լավությո՞ւն, թե՞ վատություն արեց իշխանությանը
Նախորդ շաբաթ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները վերջապես գտան մի թեմա, որի շուրջ կարելի է ընդհանրություններ գտնել քաղաքական մյուս ուժերի հետ` նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն հանդես է եկել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին նախաձեռնությամբ, ինչպես նաև` անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին և այդ հարցերի շուրջ սկսել է, այսպես ասած, քաղաքական կոնսուլտացիաներ:
Այդ առաջարկին միացան ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Երեկ ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանելով մեր հարցին` ի՞նչ կտան այդ քննարկումներն ընդդիմությանը, ասաց.
«Չափազանց մտահոգված եմ քաղաքական դաշտում արմատավորված խաղի կանոններով, և, ցավոք սրտի, այդ կանոնների հաստատմանը նպաստեց և՛ ընդդիմության մի հատվածը, և՛ իշխանությունը: ՀԱԿ-ը նախկինում ասում էր` ով մեզ հետ չի, այսպիսին է, այս իշխանությունն էլ հայտարարում է` ով իր հետ խոսի, կդիմակազերծենք: Հասել ենք շատ վտանգավոր մի տեղ, որ սպառնալիք է ստեղծվել անգամ քաղաքական քննարկումների համար: Թող դրանք անպտուղ լինեն, թող բլեֆային լինեն, ինչպես հայտարարում է ՀՀԿ-ն, բայց ստեղծել մի մթնոլորտ, որտեղ անգամ քաղաքական ուժերը չկարողանան միմյանց հանդիպել, խոսել` այն էլ հրապարակային դաշտում…»:
Ըստ Ս.Սաֆարյանի` դեռևս շատ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի ինքը կարողանա ասել, թե կոնսուլտացիաներ վարող քաղաքական ուժերը կարող են ունենալ միասնական թեկնածու, «բայց այն, որ քննարկումներ պիտի գնան, օդի ու ջրի նման անհրաժեշտ է»: «Ես ուզում եմ, որ գոնե իրար հետ խոսելու ֆորմատը պահենք»,- ասաց նա:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցում արած հայտարարության մասին, որտեղ նա ակնարկել էր, թե մեծամասնական ընտրակարգը ժամանակին պահպանել է` ներկայիս իշխանությանը «ֆորա», այսինքն` առավելություն տալու համար, Սաֆարյանն ասաց. «Ճիշտն ասած` չգիտեմ` Ռ.Քոչարյանն իր այդ հայտարարությամբ լավությո՞ւն, թե՞ վատություն արեց նրան, ում մասին խոսում էր»: Որպես իր խոսքերի հաստատում` Սաֆարյանը բերեց ամերիկյան քարոզչության ֆենոմենը, երբ հակաամերիկանիզմի դպրոցը, առավոտից երեկո քննադատելով ԱՄՆ-ին, իրականում ամերիկանիզմի ամենակատաղի քարոզչությունն է անում: «Գնահատականների հետ կապված, ցավոք, ոչ միայն համաձայնում ես, այլև հիշում ես, որ ինքն էլ է դրան մեծապես նպաստել: Խոսում է ֆեոդալիզմից, բայց այդ համակարգը ոչ պակաս չափով սկսեց զարգանալ նաև իր օրոք:
Մի բան կարող եմ ասել. ինքը երբեք քաղաքական գործչի հրապարակային տեսակ չի եղել, և շատ տարօրինակ է, որ նա փորձեց հրապարակային քաղաքականության միջոցով ինչ-որ գնահատական տալ, ինչ-որ բաներ հերքել, ինչ-որ բաների հետ համաձայնելգ ակնհայտ է, որ նա փորձում է խաղի մեջ մնալ»: