Քաղաքացին բողոքում է անարդարության դեմ

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Նախագահի վերահսկողական  ծառայության ղեկավար, Հովհաննես Հովսեփյանին

Դիմում
Հարգարժան պարոն Նախագահ
Ս.թ. հոկտեմբերի 29-ին իմ որդին` Էդգար Վլադիմիրի Մարկոսյանը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել է նախորդ` 11.11.2010թ. դատավճռով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկում պատժից չկրած 1 տարի ժամկետով ազատազրկում պատիժը և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով։
Իմ որդին` Էդգար Մարկոսյանը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել թե նախաքննության, և թե դատաքննության ընթացքում։

Հարգարժան պարոն Նախագահ
Դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները ցույց տվեցին, որ նախաքննությունն ընթացել է ոչ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ, որդուս` Էդգար Մարկոսյանի նկատմամբ միանշանակ մեղադրական թեքումով:

Նախաքննության ընթացքում քննիչի կողմից թույլ են տրվել էական բացթողումներ, որոնք թույլ չեն տվել պարզել գործի բոլոր հանգամանքները և որոնք ազդել են գործի ելքի վրա: Որդուս վրա թե նախաքննության մարմնի, և թե Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից գործադրվել են ապօրինի հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք միտված են եղել օբյեկտիվ ապացույցների բացակայությամբ նրանից անհրաժեշտ «ապացույցներ» ստանալուն։

Դեռևս նախաքննության ընթացքում ստացված` թիվ 0461 առ 08.07.2012թ. տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` «ա) 29.05.2012թ. Էդգար Վլադիմիրի Մարկոսյանի մեզի փորձանմուշում կանաբիսի և ափիոնային խմբերի թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել, բ) 29.05.2012թ. Էդգար Վլադիմիրի Մարկոսյանի մազի մոտ 1.0 սմ երկարությամբ փորձանմուշում կանաբիսի և ափիոնային խմբերի հետքեր չեն հայտնաբերվել»։ Սա նշանակում է, որ ՀՀ Քր. օր.-ի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել (իսկ դատարանն այդ մեղադրանքը հաստատված է համարել) որդուս, որը, հաստատված է` երկար ժամանակ է, ինչ այլևս թմրանյութեր չի օգտագործում։

Գործով վկաներ Հովհաննես Թադևոսյանը և նրա հայրը` վկա Գևորգ Թադևոսյանը, հայտնեցին դատարանին, որ նախաքննության ընթացքում քննիչի ուղղակի ցուցումով և հանձնարարությամբ, օպեր-լիազորի ուղեկցմամբ և վերջինիս ավտոմեքենայով գնացել են Կոմիտասի պողոտայի «Երևան-Սիթի» սուպերմարկետ` իրենց հանձնուք փոխանցելու պահի տեսաձայնագրությունը դիտելու։

Դիտել են, որից հետո օպեր-լիազորը զանգել է քննիչին և հայտնել, որ իր հանձնարարությունը կատարված է։ Պաշտպանի միջնորդությամբ դատարան հրավիրվեցին և որպես վկա հարցաքննվեցին Էրեբունու ոստիկանության օպեր-լիազոր Հովհաննես Դավթյանը և քննիչ Ա.Պետրոսյանը։ Հարցադրումների արդյունքում, դատարանն այդպես էլ չստացավ այն հարցերի պատասխանը, թե ինչո՞ւ նշված գործողությունը վկաների մասնակցությամբ որևէ կերպ չի արձանագրվել, ինչո՞ւ քննիչը չի առգրավել տեսաձայնագրությունը և չի նշանակել դատատեսաձայնագրաբանական փորձաքննություն, որը կարող էր էական դերակատարում ունենալ նախաքննության ընթացքում։

Օպեր-լիազորը, պարզվում է, քննիչին հայտնել է, որ տեսաձայնագրմամբ պարզ չի երևում, թե ո՞վ է Թադևոսյաններին հանձնուք փոխանցում «Երևան-Սիթիի» մոտ, և քննիչը բավարարվել է նման պատասխանով` նույնիսկ անձամբ չդիտելով տեսաձայնագրությունը։ Անտեսելով նշված ապացույց ձեռք բերելու հնարավորությունը, քննիչը, սակայն, չի մոռացել քրեական գործից մաս անջատել, իբր հանձնուքը Թադևոսյաններին փոխանցող անձի ինքնությունը պարզելու նպատակով։

Քննիչի կողմից նախաքննության ընթացքում կատարած ապօրինությունների վերաբերյալ դատարանը կայացրել է լրացուցիչ որոշում, սակայն նշված հանգամանքը չի ազդել դատավճռի վրա, և որդիս մեղադրվել է զուտ գործով շահագրգիռ վկաների «ցուցմունքների» հիման վրա։

Դատաքննության ավարտմամբ պարզ դարձավ, որ մեղադրանքը, այսինքն` այն, որ թմրամիջոցը Քրեակատարողական հիմնարկ դեպքի օրը դատապարտյալ Հայկ Թադևոսյանին պատկանող հանձնուքի հետ մտցվել է նրա եղբոր` Հովհաննես Թադևոսյանի կողմից` ամբաստանյալ Է. Մարկոսյանի խնդրանքով, հիմնված չէ օբյեկտիվ ապացույցների վրա։

Հարգարժան պարոն Նախագահ
Վերջին ժամանակներում Դուք բազմիցս անդրադարձել եք նախաքննության մարմինների ապօրինություններին և կոպիտ թերացումներին, որոնք բացասականորեն են ազդել մարդկանց ճակատագրերին։ Ապացույցների բացակայությամբ որդուս` Էդգար Մարկոսյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը ևս մեկն է դրանց շարքում և միտված է խորտակելու նրա ճակատագիրը։

Քանի որ, այսքանից հետո, որևէ հույս չունեմ որդուս նկատմամբ օբյեկտիվ մոտեցման կապակցությամբ, և այս պայմաններում պատրաստվում եմ բողոքարկել վերջինիս նկատմամբ ապօրինի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձանց` վերահսկողության տակ առնել գործի հետագա ընթացքը:

Հ.Գ. Ի դեպ, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն այս գործի շրջանակներում քննիչի թերի աշխատանքների պատճառով որոշել է. «Էդգար Վլադիմիրի Մարկոսյանի վերաբերյալ թիվ ԵէԴ/0112/01/12 քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ (ներկայումս` ՀԿԳ քննիչ) Արթուր Պետրոսյանի կողմից հանցագործության բացահայտման, բոլոր մասնակիցներին ի հայտ բերելու հարցում թերի քննություն կատարելու և էական խախտումներ թույլ տալու վրա հրավիրել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ուշադրությունը` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Սույն որոշումը ենթակա է քննության` օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում, արդյունքների մասին հայտնելով դատարանին»:

Դատավոր Վ. Գրիգորյանն իր այս որոշման պարզաբանման մեջ բազմիցս նկատել է, որ դատարանը եկել է այն համոզման, որ ավագ քննիչն «ապացույցները հավաքելու և գնահատելու հարցում չարդարացված ընտրանքային մոտեցում է ցուցաբերել, իսկ խախտումների կապակցությամբ դատարանին հայտնած նրա պատճառաբանություններն ու հիմնավորումները ոչ պրոֆեսիոնալ ու կանխակալ (տենդենցիոզ) բնույթ էին կրում» (մեջբերումը` դատավորի որոշումից է.- Հ. Բարսեղյան):

Գործի հետ կարևոր փաստերը քննիչը չի ուսումնասիրել, ավելին, ինչպես գրում է դատավոր Վ. Գրիգորյանը` «…տեսաժապավենը չի զննել, չի առգրավել, համապատասխան փորձաքննության չի ուղարկել, որի պատճառով չեն պարզվել թմրամիջոցն իրացնող անձը, նրա արտաքին տվյալները, դեպքի վայրում գտնված տրանսպորտային միջոցները, այլ անձինք և գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:

Դատավորը բազմիցս նշում է, որ ավագ քննիչ Արթուր Պետրոսյանը «իր եզրահանգումներին եկել է` հարկ չհամարելով տեսնել նշված տեսաձայնագրումը», կամ` «…դատարանը հանգում է այն հետևության, որ քննիչ Արթուր Պետրոսյանը սույն գործով չի պատկերացրել կամ չի ցանկացել հասկանալ գործի արդար քննությանը և ապացուցմանը վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17, 124-127-րդ հոդվածների պահանջները»:

Զավեշտալին այն է, որ ավագ քննիչ Արթուր Պետրոսյանի աղաղակող ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, բազմաթիվ թերացումների, դիտավորյալ անգործության, գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքների նկատմամբ ընտրանքային վերաբերմունք ցուցաբերելու, կամայական քայլերի մասին մոտ 7 էջ կազմող հիմնավորումներից ու քննիչի դեմ վերոնշյալ որոշումը կայացնելուց հետո, այնուամենայնիվ, դատավոր Վլադիմիր Գրիգորյանը ոչ թե գործը հետ է ուղարկում նոր քննության, այլ որդուս նկատմամբ անարդար վճիռ է կայացնում:

Այն դեպքում, երբ ինքը` դատավոր Վ. Գրիգորյանն է վերադասին ուղղված իր որոշման մեջ նշում, որ քննիչն իր, մեղմ ասած, կողմնակալ և թերի աշխատանքով դատարանին հանգեցրել է այն համոզման, որ, կրկնում ենք` «քննիչ Արթուր Պետրոսյանը սույն գործով չի պատկերացրել կամ չի ցանկացել հասկանալ գործի արդար քննությանը և ապացուցմանը վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17, 124-127-րդ հոդվածների պահանջները»:
Արդյունքում, ապացույցների ակնհայտ բացակայությամբ, որդուս` էդգար Մարկոսյանի նկատմամբ կայացված մեղադրական բացահայտ անարդար դատավճիռը կարող է խորտակել նրա ճակատագիրը։

ՀՀ քաղաքացի Հռիփսիմե Բարսեղյանից
Հասցե` ք.Երևան, Լալայանց 47 ա, բն. 100
Հեռախոս` 010-53-84-06
15 նոյեմբերի, 2012թ.

Տեսանյութեր

Լրահոս