
Նախարարությունը տեսակավորում է սիբիրախտով հիվանդներին

«10 կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Քանի որ հետազոտությունը երկարաժամկետ է, կենսաբանական փորձի հիման վրա ենք վերջնական արդյունքի հանգում, այդ պատճառով ձեռնպահ կմնամ հետազոտությունների արդյունքներն այժմ հրապարակելուց»,- Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` հոկտեմբերի 22-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Վարդենիսում սիբիրախտի կասկածվող դեպքերից մեկը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Առայժմ 15 հիվանդից վերցված նմուշների փորձաքննության արդյունքներն են միայն հայտնի:
Իրականում քանի՞ մարդ է դիմել նախարարությանը` պարզելու, թե իրենց մոտ կա՞ այդ հիվանդությունը` հարցին ի պատասխան` Լիանա Թորոսյանն ասել է. «Մեզ դիմել են նաև մարդիկ, ովքեր ունեցել են մեխանիկական վնասվածքներ, կամ` նրանց երկրորդային ինֆեկցվածությամբ վերքերն են բորբոքված եղել: Ստեղծված իրավիճակից ելնելով` բոլորը դիմել են: Այժմ մեզ դիմած բոլոր հիվանդներին տեսակավորում ենք, դրանից հետո միայն կարող ենք պատասխանել հարցին»:
Կա սիբիրախտի մաշկային, աղիքային, թոքային ձևեր: Հայաստանում, բարեբախտաբար, արձանագրվում է միայն մաշկային տեսակը: Լ. Թորոսյանի խոսքով` այս տեսակի փոխանցումը մարդուց մարդուն չի լինում: Մարդը սիբիրախտի մաշկային ձևով հիմնականում վարակվում է հիվանդ անասունների հետ շփման արդյունքում: «Հիվանդության այս ձևը ենթարկվում է բուժման: Այսօրվա դրությամբ բուժման ընթացքի հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել»,- նշել է Լ. Թորոսյանը:
Ըստ նրա` Հայաստանում մարդկանց` լաբորատոր հետազոտությամբ հաստատված սիբիրախտով վարակվելու երկու դեպք արձանագրվել է 2008 թվականին: Դրանից հետո կասկածելի դեպքեր եղել են, բայց լաբորատոր հաստատում չեն ունեցել: