Տնտեսությունն ու վարչապետի պաշտոնը
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սկսեցին տարածվել նրա նշանակման հաջորդ իսկ օրվանից։ Դրանց ինտենսիվությունը մերթ աճում է, մերթ թուլանում, սակայն թեման կայուն է՝ մեր սարերի պես։
Վերջին ամիսներին Տ. Սարգսյանի պաշտոնանկության թեմայի «հեղինակային իրավունքը» պատկանում է ԲՀԿ-ին։ ԲՀԿ անդամները խիստ քննադատության են ենթարկում վարչապետին և նրա տնտեսական քաղաքականությունը՝ պահանջելով կառավարության հրաժարականը։
Արդյունքում, Տ. Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ հայաստանյան մամուլում գրեթե ամեն օր արվում են ծավալուն վերլուծություններ։ Սակայն դրանք, որպես կանոն, հիմնվում են քաղաքական նպատակահարմարության, կուսակցական շահերի, խոսակցությունների և այլ գործոնների հիման վրա։ Սակայն մինչ օրս չի հնչել որևէ լուրջ մասնագիտական վերլուծություն՝ այս փուլում կշահի՞ արդյոք մեր տնտեսությունը Տիգրան Սարգսյանի փոփոխությունից։
Իհարկե, Տիգրան Սարգսյանի, նրա թեզերի, իրականացրած տնտեսական քաղաքանության և դրա արդյունքների վերաբերյալ քննադատություններ միշտ հնչել են։ Սակայն հարցը, թե ի՞նչ կփոխվի նրան մեկ ուրիշով փոխարինելու դեպքում, անուշադրության է մատնված։ Թե ի՞նչ կշահեն կոնկրետ վարչապետի (միա՛յն նրա) հրաժարականը պահանջողները, պարզ է՝ կունենան իրենց համար նախընտրելի վարչապետ։ Թե ի՞նչ կշահի տնտեսությունը և երկիրն ընդհանրապես, դա չի քննարկվում։
Առաջին հայացքից` սա հիպոթետիկ հարց է, որին կարող են հարցով պատասխանել՝ նայած ով կլինի Տ. Սարգսյանի փոխարեն։ Ենթադրենք, Տիգրան Սարգսյանին փոխարինում է մեկը, ով տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է, շատ հայրենասեր և սկզբունքային մարդ, կառավարման մեծ փորձով։ Եվ անպայման ենթադրում ենք, որ մնացած ամեն ինչն անփոփոխ է՝ նախագահը, առանցքային մյուս դեմքերը, ԱԺ-ի կազմը։
Կարճ ասած՝ համակարգը։ Ի՞նչ է անելու նոր վարչապետը՝ որպես տնտեսական մտքի հանճար։ Ըստ էության, ոչինչ, քանի որ նրա բոլոր մտահղացումները, գաղափարներն ու ծրագրերը բախվելու են խմբակային շահերի պատին ու փշրվեն։ Մեր տնտեսությունն այսօր հանճարի կարիք չունի։
Փառք Աստծո, մեր տիպի, զարգացող երկրները նոր լուծումների և դեղատոմսերի կարիք ևս չունեն։ Կա միջազգային փորձ, որը կարելի է կիրառել՝ ադապտացնելով տեղի պայմաններին (ինչը և արվում է)։ Մեզ շատ ավելի քիչ բան է պետք՝ օրենքի իշխանություն։ Տնտեսության ամենամեծ խոչընդոտը անկատար դատաիրավական համակարգն է։ Բազմիցս նշվել է, որ օրենքների «որակի», նոմինալ ազատականության առումով Հայաստանը գերազանցում է անգամ ամենազարգացած երկրներին (ու հենց նման բաների շնորհիվ է առաջընթաց արձանագրում Doing Busuness-ի տիպի զեկույցներում)։
Մնում է կիրառել օրենքը։ Այնպես անել, որ մրցակցությունը լիարժեք լինի, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, խաղի կանոնները լինեն նույնը, չլինեն արտոնյալներ ու «տանիք» ունեցողներ, հարկային համակարգը գործի անկաշկանդ ու առանց խտրականության, դատարանը կայացնի արդար վճիռներ… Իսկ նման հարցերն, ինչպես գիտեք, վարչապետի իրավասության սահմաններից դուրս են՝ թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ դաշտում։
Ընդ որում, վարչապետի փոփոխության մասին խոսելիս` շատերը մոռանում են, որ Հայաստանը ոչ թե պառլամենտական, այլ նախագահական երկիր է՝ գործնականում միապետության բնորոշ տարրերով։
Մոռանում են, որ այսօրվա Հայաստանում վարչապետն ընդամենը մարդ է, որ կատարում է ֆորմալ, ամենօրյա աշխատանք։ Որոշումներ, լուրջ որոշումներ կայացնում է միայն մեկ մարդ։ Եվ դա հաստատ վարչապետը չէ։ Որովհետև լուրջ որոշում կայացնելու դեպքում կարող է պարզվել, որ այդ որոշումը, ասենք, «սիրուն չի նայվում»։
Այլ հարց է` եթե լիներ մեկը, որը համարձակություն կունենար ընդդիմանալու, հակաճառելու՝ հանուն երկրի շահի։ Մարդ, որը ոչ թե կասեր` «ձեր խոսքերը սթափեցնող էին», երբ իրեն նկատողություն անեին «ատկատների» համար, այլ իրերը կոչեր իրենց անուններով։ Պատկերավոր ասած՝ ընդդիմադիր վարչապետ։ Սակայն նման բան հնարավոր չէ, քանի որ համակարգն է այդպիսին։ Նման մարդիկ անհամատեղելի են համակարգի հետ, համակարգն էլ` նրանց հետ։ Եթե, ամեն դեպքում, դրական որակներով առանձնացող որևէ մեկը հայտնվում է մի համակարգում, որտեղ արժեքներն այլ են, ապա նա, անկախ իր կամքից, փոխվում է և հարմարվում համակարգին։
Այսինքն, տեղի է ունենում «ներքին հեղափոխություն», սակայն ոչ թե` այն իմաստով, որը նկատի ուներ նույն Տ. Սարգսյանը, այլ` լրիվ հակառակ։ Կարճ ասած, Տ. Սարգսյանի փոփոխությունից երկիրը մեծ հաշվով ոչինչ չի շահի, քանի որ համակարգը մնալու է նույնը։ Սա շատ լավ գիտակցում են բոլորը։ Նույն կերպ, ի դեպ, չի կորցնի։ Նշենք, որ ասվածն ամենևին Տ. Սարգսյանի վարչապետությունն արդարացնելու նպատակ չի հետապնդում:
Ավելին` իր սահմանափակ լիազորություններով ու նույն համակարգի արատները գիտակցաբար հանդուրժելով` Տ. Սարգսյանը ՀՀ-ի տնտեսությանը քիչ վնաս չի պատճառել, ինչին անդրադարձել ենք տասնյակ անգամներ: Վերջին հաշվով, Տ. Սարգսյանն ինքը, դարձել է նույն այդ համակարգի մի մասնիկը: Հակառակն ապացուցելու համար նա կամ պետք է իրականում պայքարեր այդ համակարգի դեմ, կամ խոստովանելով վարչապետի պաշտոնում պայքարելու իր անկարողությունը, հրաժարվեր դրանից և պայքարը շարունակեր այլ ձևաչափով: Ի դեպ, նա այդ դեպքում շատ ավելի մեծ հանրային աջակցություն կվայելեր, քան ներկայիս` ըստ էության, անպորտֆել վարչապետի պաշտոնը զբաղեցնելով:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնանկության կողմնակիցներին, ապա այն ուժերը, ովքեր առանց նախագահի հրաժարականը պահանջելու, առանց համակարգային լուրջ փոփոխությունների` պահանջի շեշտը դնում են վարչապետի փոփոխության վրա, ըստ էության, ոչ մի բանի դեմ էլ չեն պայքարում։ Կամ` պայքարում են այդ համակարգում սեփական դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Եվ ձեռքի հետ շահում ընդդիմադիր զանգվածի սիրտը։