Բաժիններ՝

Ո՞ւր են նայում ՀՀ անվտանգության մարմինները

Ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը

Օրեր առաջ անդրադարձել էինք Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող մի կարևորագույն խնդրի՝ պատմական հուշարձանների, վանական համալիրների, պատմական տարածքներում տեղադրված տեղեկատվական
վահանակների խնդրին:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ՀՀ Մշակույթի նախարարությունը պայմանագիր է կնքել «AMAP» (Հայկական հուշարձանների ծրագիր) ամերիկյան մի անհայտ կազմակերպության հետ՝ Հայաստանի հուշարձանների տարածքում տեղեկատվական վահանակներ տեղադրելու համար:

Որքան էլ տարօրինակ է, բայց նշյալ կազմակերպությունը Հայաստանի պատմական ակնարկները վերծանելիս նպատակահարմար չի գտել հայ մասնագետների, մասնավորապես` պատմաբանների, հնագետների կամ հայագետների ներգրավել նման պատասխանատու գործում, և մինչ օրս անհայտ է, թե ովքե՞ր են խեղաթյուրել Հայաստանի պատմությունը՝ ապակողմնորոշելով Հայաստան եկող ինչպես` զբոսաշրջիկներին, այնպես էլ՝ տեղացիներին:

Կարդացեք նաև

Խնդիրն այն է, որ բազմաթիվ սփյուռքահայեր վրդովված են մեր երկրի իշխանությունների անտարբեր վերաբերմունքից՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ քարոզչական մեկ միավոր է, որը Հայաստանից հեռանում է` ողջ աշխարհին պատմելով, որ մեր երկրում ցուցանակներից մեկի վրա «Ադրբեջանի թագավորություն» ենք ճանաչել:
Պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նույնպես տեղի ունեցածը բացահայտել է մեկ ու կես տարի առաջ, որից հետո մասնագետների հետ հանդիպել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Անցյալ տարի Պատմության ֆակուլտետի ուսանողների հետ դիպլոմների հանձնման արարողության համար այցելել են Հաղպատ և Սանահին: Ուսանողները, որոնք արդեն պատմությունը կրողներ են՝ կարդալով վահանակների տեղեկատվությունը` այնքան են վիրավորվել, որ ցանկացել են կոտրել, ոչնչացնել դրանք: Էդ. Մինասյանն ասում է, որ տեղի հոգևորականն ուսանողներին վստահեցրել է, որ շուտով այդ վահանակն իրենք ապամոնտաժելու են, որից հետո միայն ուսանողները զսպել են իրենց զայրույթը: Ընդ որում, Հաղպատում են եղել նաև Անգլիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից զբոսաշրջիկների խմբեր, որոնք նկարել են ոչ միայն հուշարձանը, այլ նաև՝ ցուցանակը:

«Շատ ցավալի փաստ էր վահանակների խեղաթյուրված պատմությունն ընթերցելը: Շատ վրդովվեցուցիչ էր հատկապես այն հանգամանքը, որ պատմության շատ կարևոր դրվագներ աղավաղված էին: Օրինակ, շատ կոնկրետ ներկայացված էր ադրբեջանական թագավորության առկայությունը 18-րդ դարում, և Սայաթ-Նովան ներկայացվում էր` իբրև այդ թագավորությունում ճանաչված երգիչ, ինչն աբսուրդի հասնող բան է: Դուք լավ գիտեք, որ ադրբեջանցիները մինչև 1918 թիվը պետականություն ընդհանրապես չեն ունեցել, և, իբրև պատմաբան, պետք է նշեմ, որ պատահական չէ, որ, ըստ բոլշևիկյան առաջնորդների, ինչպես նաև՝ ըստ պատմական հատուկ տեղեկությունների՝ ադրբեջանցիները ներկայացվում են որպես կովկասյան թաթարներ:

Շատ ցավալի է, որ Սայաթ-Նովան ներկայացվում է` որպես ադրբեջանական թագավորության պալատական երգիչ»,- ասաց Էդ. Մինասյանը՝ ավելացնելով, որ դա մեր ժողովրդի համար վիրավորական արտահայտություն է, և զարմանալի է, որ այդ ցուցանակը երկար ժամանակ տեղադրված է եղել պատմական այդ վայրում: Նշենք նաև, որ, մասնավորապես, ադրբեջանական թագավորության վերաբերյալ վահանակը վերջերս հանվել է, սակայն` ոչ թե Մշակույթի նախարարության հանձնարարությամբ, այլև գյուղացիների ջանքերով. նրանք այն պարզապես ոչնչացրել են:

Ինչևէ, Մշակույթի նախարար Հ. Պողոսյանն այս խնդիրը մասնագիտական խմբի հետ քննարկելով` թեև խիստ զարմացել և իր տեղակալին իսկույն հանձնարարել էր «AMAP» կազմակերպության հետ պայմանագիրը չեղյալ հայտարարել, այդուհանդերձ, նույնիսկ մեկ ու կես տարի անց մեր հուշարձանների տարածքում իշխում է «Ադրբեջանի թագավորությունը»:

«Դժբախտաբար, խնդիրը չի լուծվել, և անհասկանալի է, թե ո՞ւմ շահերից է բխում պատմությունը խեղաթյուրված ներկայացնելը: Կարծում եմ՝ դրսի ուժեր կան, որոնք շահագրգռված են, իրենց ազդեցությունն ավելի մեծ է, ինչը, բնականաբար, վնասում է մեր ազգային ինքնությանը, մեր պատմությանը, պետականությանը: Այս խնդիրն արագ լուծում է պահանջում, և չի կարելի հանդուրժել նման անտարբերությունը»:

Նշենք, որ մասնագիտական խումբը նաև շատ վտանգավոր մի երևույթ է հայտնաբերել, որի մասին նաև տեսանյութ կա, և որտեղ անուղղակի հակաքրիստոնեական միջոցառումներ են իրականացվում: Մասնավորապես, Սիսիանի տարածքում գտնվող «Պորտաքար» հուշարձանի մոտ աղանդավորական մի կազմակերպություն ժամանակ առ ժամանակ ծիսակատարություններ է իրականացնում, որին ներգրավվում են նաև տեղացիները: Պատմության ֆակուլտետի դեկանը խիստ զարմացած է այն փաստից, որ նույնիսկ ահազանգելուց հետո նման վտանգավոր երևույթները չեն կանխվում:

«Պարզվեց, որ առանձին աղանդավորական կազմակերպություն է, որը հստակ գործում է և որոշակի ցուցումով է աշխատում: Կան մարդիկ, որոնք այդ ուղղությամբ գործում և շահույթ են ստանում: Հուշարձանների կեղծման հետ կապված` պետք է նաև նշեմ, որ սա նաև Անվտանգության խորհրդի գործառույթն է, որը պետք է վերահսկի այս գործողությունները: Ըստ էության, օրը ցերեկով մեր պատմությունը կեղծվում է, բայց որևէ վճռական քայլի չենք դիմում»,- ասում է պատմաբանը՝ նշելով, որ թեև Մշակույթի նախարարությունն այս ամենը ներկայացնում է` որպես տեղի ունեցած թյուրիմացություն, այնուամենայնիվ, այս գործողությունների ետևում կանգնած են ֆինանսական օգուտներ քաղող ուժեր, որոնք ոչինչ հենց այնպես չեն անում: Էդ Մինասյանը նաև շատ տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ պատմությունը «վերծանելու» խիստ պատասխանատու այս գործընթացի մասին չեն տեղեկացվել մասնագետները, որոնք կարող էին վերջնական եզրակացություն տալ:

«Առանց որևէ տեղեկության մի ինչ-որ կազմակերպություն կարող է իր գլխից ելնելով` որոշում կայացնել` խեղաթյուրված տեղեկատվությամբ վահանակներ տեղադրել: Իմ կարծիքով՝ սա չի կարող թյուրիմացություն լինել: Անշուշտ, կոնկրետ այս հարցով Մշակույթի նախարարությունն է զբաղվում, բայց նաև ես խիստ զարմացած եմ մեր անվտանգության մարմինների անտարբերության վրա»,- ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդ. Մինասյանը:

Ի դեպ, առայսօր հայտնի չէ, թե ամերիկյան «AMAP» կազմակերպությունը հուշարձանների վահանակների տեղեկատվությունը կազմելիս ի՞նչ աղբյուրներից է օգտվել, ինչո՞ւ Հայաստանի մասնագետներից որևէ մեկը չի ներգրավվել այդ փորձագիտական խմբի մեջ, և, ի վերջո, ովքե՞ր են այդ տեղեկատվության հեղինակները: «Զարմանալի է, որ համապատասխան մարմինները, որոնք պարտավոր էին այս խնդիրը կանխել, իրենցից դուրս են համարել և չեն կանխել, ինչն էլ իր հերթին` ինչ-որ բան ասում է: Մենք նորից հաջորդ շաբաթ հավաքվելու և քննարկելու ենք հարցը՝ հասկանալու համար, թե այս ուղղությամբ ի՞նչ է արվել: Վերջին հաշվով, դա վնասում է ազգին, պետականության հիմքերին, սա լուրջ վտանգ է մեր ազգային անվտանգության համար»,- կրկին շեշտում է պատմաբան Էդ. Մինասյանը:

Այնուամենայնիվ, նաև զարմանալի է այս կարևորագույն խնդրի վերաբերյալ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի լռությունը, քանի որ հուշարձանների խեղաթյուրված տեղեկատվական վահանակները նաև կասկածի տակ են դնում քրիստոնեական մեր դավանանքը: Թեև Մայր Աթոռից տեղեկացրել են, որ եկեղեցին զբաղվում է միայն գործող եկեղեցիների տարածքում տեղադրված տեղեկատվությամբ, այդուհանդերձ, Մայր Աթոռից կարող էին գոնե որևէ պաշտոնական դիրքորոշում հայտնել: Թեկուզև` դատապարտել կատարվածը:

Առավել ևս` «Պորտաքարում» իրականացվող տարօրինակ ծիսակատարությունների մասին մեր հոգևորականների անտարբերությունն անբացատրելի է (այդ տեսանյութը դիտելն անգամ նողկալի է): Ի վերջո, չի բացառվում, որ Հայաստան այցելած հազարավոր զբոսաշրջիկներից գոնե մեկը մեր երկրի հուշարձանների և վահանակների իր լուսանկարները տեղադրի համացանցում: Իսկ Ադրբեջանը տեղեկատվական քարոզչության մեջ վաղուց հաղթել է, և նման օրինակներով մենք իսկական նվեր ենք մատուցում մեզ հետ պատերազմող պետությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս