Բաժիններ՝

«Սա տեղեկատվական էքսպանսիա է, և զարմանալի է, որ մեր մասնագետները տեղեկատվական դաշտում տանուլ են տալիս»

Մեզանում ընդունված է համարել, որ մեր՝ հայերիս թշնամիներն ադրբեջանցիներն ու թուրքերն են: Մինչդեռ շատ դեպքերում հենց մենք ենք մեր իրական թշնամին. հաճախ այնպես ենք աղավաղում մեր պատմությունն ու ազգային ինքնությունը, որ որևէ թշնամու մտքով նույնիսկ չէր անցնի:

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի վանական համալիրների, հուշարձանների, պատմական տարածքների մերձակայքում` ոչ միայն մեր երկրի անվտանգությանը սպառնացող երևույթ է, այլև՝ անգրագիտության հետևանք:
Բանն այն է, որ 2009թ. Հայաստանի մշակույթի նախարարությունն ամերիկյան «AMAP» (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կազմակերպության հետ մի պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ «AMAP»-ը պետք է ապահովեր հայկական հուշարձանների զարգացման աշխատանքները:

Սկսենք նրանից, որ շատ տարօրինակ է այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հայ մասնագետների փոխարեն` հուշարձանների զարգացման աշխատանքները վերապահել է ամերիկյան մի կազմակերպության, որի մասնագետները հուշարձանների տարածքում ցուցատախտակների միջոցով տեղեկատվություն տեղադրելիս նույնիսկ նպատակահարմար չեն գտել խորհրդակցել հայ մասնագետների հետ: Ընդ որում, հայաստանյան հուշարձանների` եկեղեցիների, պատմական կոթողների (և այլն) տարածքում տեղեկատվական վահանակներ տեղադրելու «բարեկամական» առաջարկը եղել է «AMAP»-ի կողմից, որն էլ ընդունել և ֆինանսավորել է Մշակույթի նախարարությունը:

«Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ, «Հայի միտք» համահայկական մասնագիտական հեռուստաակումբի հիմնադիր անդամ Մարինե Վահրադյանը դեռ երեք տարի առաջ բացահայտելով, թե հայկական հուշարձանների տարածքում ինչպիսի խեղաթյուրված տեղեկատվություն է տարածվում՝ այդ մասին ահազանգել է համապատասխան մարմիններին: «Հյուրերիս հրավիրել էի մեր պատմական տարածքները ցույց տալու: Մոտենալով ցուցատախտակին` ցանկացա ինչ-որ բաներ կարդալ, որ իրենց կենդանի խոսքով մի քանի պատմական իրադարձության կամ ժամանակաշրջանի մասին ներկայացնեմ: Աչքիս զարնեց «Ադրբեջանի թագավորություն» ասած հասկացողությունը, թե` Սայաթ-Նովան դիվանագիտական միսիա էր կատարում Ադրբեջանի թագավորության համար: Դա ինձ ուղղակի ցնցեց, և ես այնպես արեցի, որ իմ հյուրերն ուղղակի այդ ցուցատախտակին չմոտենան»,- մեզ հետ զրույցում պատմեց Մ. Վահրադյանն՝ ավելացնելով, որ այդ «խայտառակությանը» բախվելուց հետո դիմել է ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանման վարչություն:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, նշենք նաև, որ իբրև Քարահունջի հնագույն անվանում` ցուցավահանակի մեջ նշված է Ղոշունդաշ թուրքական անվանումը, իսկ, օրինակ՝ Նորավանքում տեղադրված ցուցանակի մեջ գրված է, որ ճարտարապետ Մոմիկը ճարտարապետության այդ հիմունքները տարբեր երկրներից է բերել` Հայաստանում ներդնելու համար: Ընդ որում, պատմաբանները նույնպես հավաստիացնում են, որ նման ապատեղեկատվություն կամ դիտավորությամբ տեղեկատվության խեղաթյուրում արձանագրված է Հայաստանի գրեթե բոլոր հուշարձանների մոտ տեղադրված ցուցատախտակներում:
Բնականաբար, ահազանգելով` Մ. Վահրադյանը նաև պատմաբանների ուշադրությունն է հրավիրել հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակների վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի տարածքում «Ադրբեջանի թագավորություն» փաստը մենք խոստովանել ենք: Դիմելով պատմաբաններին` առաջակեցի միասին գնալ Մշակույթի նախարարի մոտ` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանի, ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ, դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի և հայագետ Մարի Բարսեղյանի հետ գնացինք նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման: Ներկայացրեցինք խնդիրը և նկատեցինք տիկին նախարարի կողմից սպասված անհանգստությունը:

Նա անմիջապես արձագանքեց, թե՝ էս ի՞նչ բան է, շատ շնորհակալ եմ, որ դուք ձեր քաղաքացիական պարտքն եք կատարել, որ ձեզ նման հայրենասերներ դեռ կան, և այլնգ Կանչեց իր փոխնախարար Արևիկ Սամուելյանին և հանձնարարեց պայմանագիրը դադարեցնել, ֆինանսավորումը կասեցնել, այդ ամերիկյան «AMAP» կազմակերպությանը կանչել պատասխանատվության և անմիջապես փոխել ցուցատախտակները: Այս ամենի հաստատումը նաև իրենք նամակով գրեցին՝ խոստանալով, որ այնպես, ինչպես պայմանավորվել ենք` այդպես էլ կանենք»,- իրավիճակը ներկայացրեց Մ. Վահրադյանը՝ նշելով, որ նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպումը տեղի էր ունեցել դեռևս 2011թ. փետրվարին:

Թեև Հ. Պողոսյանը վերջիններիս հավաստիացրել է, թե անմիջապես կհեռացվեն հուշարձանների` ապատեղեկատվություն պարունակող ցուցատախտակները, այնուամենայնիվ, առայսօր ոչինչ չի արվել: Ավելին՝ համաձայն նախարարի գրավոր հրամանի՝ այդ աշխատանքները պետք է իրականացվեին 15-օրյա ժամկետում, սակայն մեկուկես տարի անց այդ հանձնարարականը մնացել է «օդում կախված»: Ոչինչ չի ձեռնարկվել:

Ինչևէ, Մ. Վահրադյանը վստահեցնում է, որ հաշվի առնելով սփյուռքահայ համայնքի, ինչպես նաև տեղաբնակ մասնագետների անհանգստությունն ու նրանց՝ այս հարցին լուծում տալու պահանջը, «Հայի միտք» համահայկական մասնագիտական ակումբի անդամները շուտով այս խնդրի վերաբերյալ նամակով կդիմեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Անվտանգության խորհրդին՝ տեղեկացնելով վերոնշյալ փաստի մասին, և հետևողական կլինեն, թե մեր պետական այրերն ինչպե՞ս կվարվեն այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ նման անթույլատրելի քայլեր են կատարել: Ի դեպ, ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչն օրեր առաջ հեռուստաբանավեճի ընթացքում հուշարձանների մասին տեղեկատվությունը խեղաթյուրելու հարցում մեղադրում էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներին՝ պատմությունը խեղաթյուրելու այս գործողությունները չկանխելու համար: Մինչդեռ Մ. Վահրադյանը դիմելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին՝ ի պատասխան տեղեկացել է, որ՝ «Իրենք գրում են գործող եկեղեցիների տեքստերը, իսկ չգործողները որպես հուշարձան պատկանում են Մշակույթի նախարարությանը»:

Ովքե՞ր են գրել տեքստերը

Այսպիսով, առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ ամերիկյան «AMAP» կազմակերպությունն է առաջարկել Հայաստանի հուշարձանների մասին պատմող տեղեկատվական վահանակների գաղափարը: Առնվազն տարօրինակ է նաև, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը պայմանագիր ստորագրելով` ֆինանսական մեծ հոսքեր է տրամադրել ամերիկյան մի կազմակերպության, որը հայ մշակույթին և պատմությանը տեղյակ չլինելով` ոչ դիտավորյալ կամ դիտավորյալ պատմական խեղաթյուրված տեղեկատվություններ է տեղադրել հուշարձանների տարածքներում:

Այն դեպքում, երբ այդ ցուցատախտակների վրայի ինֆորմացիան առաջին հերթին ընթերցում են զբոսաշրջիկները: Ինչո՞ւ ՀՀ մշակույթի նախարարությունն այդ գործունեությունը չի պատվիրել, օրինակ, տեղական մասնագետներին: Կամ պահանջ դրվեր, որպեսզի հայաստանյան մասնագետները ստուգեին այդ տեղեկատվությունը` մինչ ցուցանակների տեղադրումը:

Մ. Վահրադյանը վստահեցնում է, որ մեր մասնագետներից որևէ մեկը տեղյակ չէ, թե այդ տեքստերն ամերիկյան կազմակերպությանն ո՞վ է տրամադրել: «Մենք այդ կազմակերպությանը հարցում ենք արել, թե ովքե՞ր են իրենց տրամադրել այդ տեքստերը: Նախ` մեզ պատասխանել են անգլերեն լեզվով, չնայած պարտավոր էին պատասխանել հայերենով, որտեղ գրված է, թե՝ Հայաստանում քանի որ կոմպետենտ մարդիկ չկան, ընդամենը մի քանիսն են հասկանում՝ իրենք համագործակցել են նրանց հետ: Իսկ թե ովքե՞ր են այդ «մի քանիսը»` չգիտենք, թող պարզի ՀՀ Անվտանգության խորհուրդը: Մեր մասնագետները, մասնավորապես` Պատմության ինստիտուտն` իր հսկայաքանակ մասնագետներով, տեղյակ չեն այդ փաստին:

Այնուհանդերձ, մեր տարածքում նրանք որպես տեր գործում են և ինչ ուզում` տեղադրում են ցուցատախտակների վրա: Եթե մշակութային էսպիսի մի հենք է դրվում, իսկ մշակութային դաշտը ռազմավարական նշանակության դաշտ է՝ սա նշանակում է, որ հեռահար քաղաքական մի ծրագիր պետք է հարմար նստեցնեն այս ֆունդամենտի վրա՝ հղում կատարելով այն փաստի վրա, որ եթե երեք տարի Ադրբեջանի թագավորություն կար, ապա ինչո՞ւ երբևիցե մեկը չի արձագանքել: Իսկ նման բաներն առանց թույլտվության չեն լինում»,- ահազանգում է Մ. Վահրադյանը՝ ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրելով այս աղաղակող փաստերի վրա:

Նա նաև հիշեցնում է, որ Անգլիայում վերջերս տպագրվել է աշխարհագրական մի հանրագիտարան, որը Հայաստանի գրախանութներում 10.000 դրամով է վաճառվել, և դրա մեջ Հայաստանի մասին բաժնում զետեղված է հետևյալ տեղեկատվությունը. «Պետական լեզուն՝ ադրբեջաներեն, հայերեն. կրոնը՝ շիա իսլամը և քրիստոնեությունը, իսկ փողը՝ մանաթը և դրամը»:

Աշխարհագրական հանրագիտարանը ներկայացնելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն` Մ. Վահրադյանն ահազանգել է այդ փաստի մասին, սակայն մինչ օրս ԱԱԾ-ից արձագանք չի ստացել: Նա նաև հիշեցնում է, որ Անգլիայում հսկայական մի թանգարան է բացվել, որտեղ հայկական լեռնաշխարհը, հայկական Ուրարտուի մշակույթը ներկայացված է` որպես հնագույն Թուրքիա, և թանգարանում այն, ինչ ցուցադրված է, պատկանում է Թուրքիայի ժառանգությանը: «Սա տեղեկատվական էքսպանսիա է և զարմանալի է, որ մեր մասնագետները տեղեկատվական դաշտում տանուլ են տալիս»:

Մենք փորձեցինք «AMAP» ամերիկյան կազմակերպության վերաբերյալ տեղեկություն ստանալ ինտերնետից: Կազմակերպության գլխավոր էջում գրված է՝ «Հուշարձանների ճանաչման ծրագիրը «AMAP» շարունակական ծրագիր է, որի նպատակն է` բարձրացնել Հայաստանի պատմական, մշակութային և բնական կոթողների մասին իրազեկությունը՝ մշակելով, տեղադրելով և կազմակերպելով տպագիր, մուլտիմեդիոն և օնլայն ներկայացումներ ընտրված վայրերում, միևնույն ժամանակ` ստեղծելով ակտիվ և կայուն գործընկերություն հանրային և մասնավոր սեկտորների միջև, ինչը կնպաստի Հայաստանի հուշարձանների շուրջ տարվող գործունեության պլանավորմանը և իրականացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս