«Հաջողությունն այս ընտրություններում որևէ քաղաքական ուժի ոչինչ չի տա»
Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ
– Պարոն Հայրիկյան, ի՞նչ նախապայմանների դեպքում Դուք կառաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, և հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր որևէ ուժի հետ համագործակցությունը:
– Առաջադրվելու համար ոչ թե նախապայմաններ են պետք, այլ անհրաժեշտության զգացում, ավելին` համոզում։ Ճակատագիրն ինձ շատ ավելին է տվել, քան ինձ հայտնի որևէ անհատի: Դա պարտավորեցնող է, իսկ երևույթի գիտակցումը նաև նախազգուշացման առաջին ազդակ պիտի ընկալելգ Եթե դու խուսափես ճակատագրով քեզ վիճակվածից, դու այլևս պիտանի չես։ Այսինքն` գոյությունդ էլ անիմաստ է:
Ես ոչ միայն հնարավոր, այլ շատ կարևոր եմ համարում համագործակցությունը գաղափարակից կամ գոնե նպատակակից ուժերի հետ։ Հայաստանի պայմաններում քաղաքական ուժերին ընդդիմադիր և իշխանակիրի բաժանելու փորձը գոնե առայժմ տեղին չէ։
– Հայ ազգային կոնգրեսը վերջին մեկ տարում վարում է կուրս` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր կողմը գրավելու, իրենց խոսքերով ասած` «իշխանությանը այդ կարևոր ռեսուրսից զրկելու համար»: Այդ մարտավարությունը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդարացված և ի՞նչ կտա ընդդիմությանն ընդհանրապես:
– Եթե այսօր երևույթին նայենք ուժերի առկա հարաբերակցությունից, ծիծաղելի է խոսել իր կողմը ներգրավելու ցանկության մասին։ Համատեղ, միասնական ճակատով գործելու ցանկության մասին դեռ կարելի է խոսել, բայց ներգրավելու` տեղին չէ:
Պետք հասկանալ, որ որևէ քաղաքական ուժի այս ընտրություններում հաջողությունը ոչինչ չի տա։ Ունենք սահմանադրություն, և ըստ նրա` իշխանությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը։
Այդ մեծամասնությունը կունենա՞ նաև նախագահի պաշտոնը, իր համար` ավելի լավ։ Չի՞ ունենա, կունենա իրենից կախված նախագահ։ Այս իրավիճակում շատ ուժեղ, բարոյաքաղաքական մեծ ներուժ ունեցող նախագահը կարող է ինչ-որ դերակատարում ունենալ։ Մյուսները խղճալի վիճակում են լինելու, մանավանդ, եթե համարձակվեն քրեական դրսևորումներ թույլ տալ իրենց, այսինքն` ճնշումներ գործադրելու փորձ անել։
– Այս համատեքստում` հասարակությանն անընդհատ ներկայացվում է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը: Ըստ Ձեզ` ԲՀԿ-ն կարո՞ղ է իրական ընդդիմություն դառնալ, թե՞ սա պետք է որակել որպես քաղաքական խաղ:
– Ես գուշակություն անել չեմ ուզում, բայց ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո ժամանակի պետք ունի` նոր կարգավիճակում հաստատվելու և որպես այդպիսին հասարակության կողմից ընկալվելու համար։
– Գառնիկ Իսագուլյանը չի բացառում հեղափոխության սցենարը հետընտրական շրջանում` «ընդհուպ մինչև սոցիալական ընդվզում, եթե որևէ խարիզմատիկ դեմք դուրս գա հրապարակ և կոչ անի հեղափոխության» (հատկանշական է, որ դա ասում է մի մարդ, ով ընդամենը 1 ամիս առաջ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր ԱԺ-ում): Համաձա՞յն եք նման տեսակետի հետ:
– Ո՛չ, բարեբախտաբար տառապանքների հարուստ, արդեն ենթագիտակցություն դարձած զգուշավորության փորձ ունեցող մեր ժողովուրդը հեղափոխականության հակված չէ։ Տխուր է, որ հակված չէ նաև հանուն արժանապատվության ճիգեր գործադրելու և ելք է փնտրում «որտեղ հաց, այնտեղ կաց» մտածելակերպում։ Մեր իրականության մեջ զարմանալու բաները շատ-շատ են…
– Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել ներկայիս ներքաղաքական իրադրության, ընդդիմադիր ուժերի վիճակի և 1996թ. նախընտրական ժամանակաշրջանի հետ, ինչպիսի՞ նմանություններ եք տեսնում:
– Այն ժամանակ իշխանության գերակայությունն ու ժողովրդավարության պակասն ավելի ակնհայտ էին, սակայն նախագահի փոփոխությունն ամեն բան կարող էր փոխել, որովհետև ունեինք իրավազուրկ` նախագահի կողմից ցանկացած պահի լուծարվելու ենթակա խորհրդարան։ Իմ նախաձեռնությամբ ժամանակին սահմանադրական փոփոխություններ կատարվեցին, և դրա արդյունքում մեր խորհրդարանը դարձավ ինքնուրույն հաստատություն։ Այսօր որոշ հարցերում ավելի լավ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռքբերումով արմատական փոփոխություններ կատարելու տեսակետից 1996 թվականի համեմատությամբ վիճակն ավելի լավը չէ։