Բաժիններ՝

Բյուջետային ելույթ` ամեն ինչի մասին, բացի բյուջեից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում ելույթ է ունեցել` 2011թ. պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ: Սակայն, եթե որևէ մեկը, առանց նախապես ծանոթանալու վերնագրին, կարդա ելույթը, ապա մտքով չի անցնի, որ այն վերաբերում է բյուջեի կատարողականին: Տիգրան Սարգսյանի խոսքն ավելի շատ նման է նախընտրական ելույթի կամ տնտեսական ձեռքբերումների մասին հաջողությունների շարադրման:

Բյուջեի կատարողականի մասով, թերևս, կարելի է առանձնացնել մեկ-երկու կոնկրետ տվյալ, օրինակ` հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, որը նույնպես կոնկրետություն չի պարունակում: Դատեք ինքներդ. «Տարվա ընթացքում էապես հաջողվեց բարելավել հարկահավաքման գործընթացը և հարկեր/ՀՆԱ ցուցանիշը` ստեղծելով հիմքեր, որ նաև 2012 թվականին մենք հնարավորություն ունենանք շուրջ 0.6 տոկոսով ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը մեր կարևորագույն նպատակներից մեկն է»:

Կան նաև կետեր, որոնց կապը բյուջեի կատարողականի կամ կառավարության անմիջական գործառույթների հետ չափազանց դժվար է հասկանալ: Օրինակ` բջջային կապի օպերատորների նորամուծությունները` «Բջջային կապի օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մատուցել են 2G, 3G տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության ծառայություններ, և 2011 թվականին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեց 4G տեխնոլոգիան, և այդ առումով Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրներում:

Արդյունքում` զգալիորեն աճել է նոր տեխնոլոգիաներով մատուցվող ինտերնետ ծառայություններից օգտվողների քանակը, ծածկույթը, որակը, և նվազել են սակագները: Նշված տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ծածկույթն այսօր կազմում է շուրջ 99 տոկոս»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Բյուջեի կատարողականի մասին ելույթը տնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվության վերածելն ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե գոնե նոր բաներ ներկայացվեին: Սակայն վարչապետի ելույթում նշված գրեթե բոլոր ձեռքբերումները նախորդ ամիսների ընթացքում արդեն այնքան են կրկնվել, որ շատերը հասցրել են անգիր անել: Օրինակ` այն, որ ներդրվել է «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով ծառայությունների մատուցման կենտրոն. «որը հնարավորություն է տալիս այսօր Հայաստանում 15 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություններ, ընդ որում, ձեռնարկությունների գրանցումը կարելի է իրականացնել ինտերնետի միջոցով»:

Իհարկե, չի մոռացվել նաև արդյունաբերության երկնիշ աճը և տնտեսության դիվերսիֆիկացիան: Որքան էլ նշվում է, որ այդ աճով չափից դուրս ոգևորվել պետք չէ, քանի որ անգամ պաշտոնական վիճակագրությունն ապացուցում է, որ այն հիմնված է գլխավորապես հանքարդյունաբերության վրա, հայրենի կառավարությունը չի կարողանում անտարբեր անցնել այս ցուցանիշի կողքով: Նշենք, որ տնտեսության դիվերսիֆիկացիան տեղի է ունեցել ոչ միայն արդյունաբերության աճի, այլև շինարարության ոլորտի անկման արդյունքում: Իսկ շինարարության ոլորտում շարունակվող անկման մասին ելույթում ոչ մի խոսք չի հնչել:

Տիգրան Սարգսյանի ելույթին կարելի է կետ առ կետ անդրադառնալ, սակայն հիշատակենք ևս մեկը և դրանով սահմանափակվենք: Խոսքը վերաբերում է գնաճին` «Տարեկան արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները հիմք են տալիս մեզ ասելու, որ մեզ հաջողվեց հաղթահարել հիմնական մարտահրավերները, և 2011 թվականի մարտ ամսվա ամենաբարձր գնաճային կետից, որը կազմում էր 11.6 տոկոս, տարեվերջին այդ ցուցանիշը կազմեց 4.7 տոկոս»:

Նկատենք, որ 4.7%-ը 12-ամսյա գնաճի ցուցանիշն է` 2011թ. դեկտեմբերը` 2010թ. դեկտեմբերի համեմատ: Իսկ տարվա ընթացքում միջին գնաճը կազմել է 7.7%: Ի դեպ, Համաշխարհային բանկը հիմք է վերցնում հենց այս ցուցանիշը, քանի որ այն ավելի ճիշտ պատկերացում է տալիս տարվա ընթացքում առկա գնաճային միջավայրի մասին: Իսկ 12-ամսյա գնաճի ցուցանիշը, որը նորմատիվային է, «իրավիճակային» է, և դրանից չի երևում, թե բնակչությունը տարվա ընթացքում գնային ինչ թռիչքների է դիմակայել: Այսինքն, գնաճի 4.7% ցուցանիշը ճիշտ է, սակայն անկեղծ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս