Որքանո՞վ է պայմանավորվելու ընդունակ պաշտոնական Բաքուն. Կազիմիրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի (1992-1996թթ.) համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Независимая Газета-ում հրապարակված իր անդրադարձում Սաֆարովի գործն անվանել է «сафаровщина»: «Սաֆարովի գործում կարևոր կողմ կա: Չնայած Բաքվին ու իրեն կապող շահերին և պանթուրանական ցնորքներին, Հունգարիայի կառավարությունը գերադասեց դատապարտել Սաֆարովին ներում շնորհելը… Բաքվում կոպտորեն բանի տեղ չէին դրել սեփական խոստումները», – գրում է Կազիմիրովը:

 

«Այս տողերի հեղինակը վաղուց է հեռացել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքից, սակայն «сафаровщина»-ն հիշեցրեց կողմերի՝ պարտավորություններ ստանձնելու և դրանք կատարելու ունակության չափի մասին», – հավելում է Կազիմիրովը: Նա հիշում է, որ 1991-1994թթ. միջնորդները բազմիցս բախվել են Բաքվի՝ նույնիսկ ստորագրված փաստաթղթերից հրաժարվելու գործելաոճի հետ: Ըստ այդմ էլ՝ հոդվածագիրը հարց է բարձրացնում՝ «ավաղ նվազ հաճելի, բայց անխուսափելի». «Որքանո՞վ է պայմանավորվելու ընդունակ պաշտոնական Բաքուն»:

 

Կարդացեք նաև

Կազմիրովը հիշեցնում է, որ 1993-ի ապրիլի 30-ին, Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 822 բանաձևը, այն Երևանն ու Ստեփանակերտը հաստատեցին, իսկ Բաքուն նույնիսկ պատասխան չտվեց: Այնուհետև՝ 1993-ի ամռանն ու աշնանը Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ խույս է տվել հրադադարից կամ ստորագրել է փաստաթղթերը, բայց ոչ միշտ կատարել, մի քանի անգամ նույնիսկ խաթարել, արձանագրում է դեպքերի ականատես Կազիմիրովը: Վերջինս ևս մի քանի դեպքեր է հիշում, երբ Բաքուն բոլոր կողմերի համար նախատեսված պայմանավորվածությունների կատարումը ձգձգել է՝ այդ ընթացքում անգամ հակահարված կազմակերպելու նպատակով: Այդպես 1994-ի փետրվարի 18-ին Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ-ի պաշտպանության նախարարները Մոսկվայում արձանագրություն ստորագրեցին, որով նախատեսվում էր 10 օրից հրադադարի անցնել և դուրս բերել զորքերը շփման գծից: Սակայն շուտով Բաքուն հրաժարվեց դուրս բերել զորքերը, ինչն էլ բլուրջ խնդիր նաև մեր օրերում:

 

Նմանապես 1994-ի մայիսի 12-ին կնքված զինադադարից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրեց, սակայն 2 օր անց չեղյալ հայտարարեց ստորագրությունը:

 

Սակայն ամենախայտառակը, Կազիմիրովի գնահատմամբ, պաշտոնական Բաքվի կողմից 1995-ի փետրվարի 4-ին ԵԱՀԿ-ի հովանու ներքո 3 կողմերի ստորագրած համաձայնությունն էր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ: Սա նախապես համաձայնեցվել էր Հեյդար Ալիևի հետ, սակայն Բաքուն չհետևեց դրան՝ չառաջարկելով ոչ չեղարկել, ոչ վերակնքել, ոչ էլ շտկել կամ լրացնել: Եվ չնայած Երևանի ու Ստեփանակերտի առաջարկներին՝ վերակատարել այդ համաձայնությունը, Բաքուն շարունակում է ամբողջությամբ արհամարհել դա՝ կոծկելով նման համաձայնության գոյության բուն փաստը: «Իսկ ԵԱՀԿ-ի ղեկավարները պատշաճ համառություն չեն ցուցաբերում այս հաշվով»,- նկատում է Կազիմիրովը:

 

Այսօր էլ Իլհամ Ալիևը պնդում է, թե պատերազմը դեռ չի վերջացել, այն դեպքում, երբ Հեյդար Ալիևն ինքն էր արտահայտվում բացառապես խաղաղ միջոցներով խնդիրը կարգավորելու օգտին:

 

Այս ամենից բացի, ըստ ԵԱՀԿ-ի նախկին պաշտոնյայի, Հայաստանում և Ադրբեջանում առկա նախընտրական տրամադրությունները ևս չեն հեշտացնում կառույցի միջնորդների աշխատանքը: Հիմա էլ «անհեթեթ և անտեղի խոչընդոտը»՝ «сафаровщина»-ն:

 

«Կասկած չկա, որ այս պայմաններում միջնորդ պետություններն իրենց ջանքերը կենտրոնացնելու են ոչ այնքան վիճելի հարցերը լուծելու և հիմնարար սկզբունքների վրա, որքան հետագայում իրավիճակի սրումը թույլ չտալու: Առավել ևս՝ ռազմական գործողությունները վերսկսելու»,- եզրափակում է Կազիմիրովը:

Տեսանյութեր

Լրահոս