Մրցակցության «ցուցափեղկային» պաշտպանություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարելի է անվանափոխել և կոչել «Գովազդից քաշվածների շահերի պաշտպանության կոմիտե»։
Համենայնդեպս, երեկ այս կառույցը հատուկ ուշադրության է արժանացրել, կամ, ինչպես իրենք են ասում` դիտակետում է պահել գովազդային շուկան և խանութների զեղչային քաղաքականությունը։
Առաջին հերթին ուշադրության է արժանացել քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունը` անբարեխիղճ գովազդ տարածելու համար։ Ընկերությունը եթեր է հեռարձակել հետևյալ բովանդակությամբ գովազդը. «Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև` ողջ տարածաշրջանում»։
Հանձնաժողովը հիշեցրել է. օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որոնք վերաբերում են այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: «Այլ կերպ ասած, տնտեսվարողը իրավունք ունի իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն, օրինակ` «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է», «նմանը չունի», և այլն»,- նշված է ՏՄՊՊՀ կայքում: Այլ կերպ ասած` ինքդ քեզ գովիր, բայց` առանց ուրիշներին պիտակավորելու։ Իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տնտեսվարողներին կոչ է արել ապրանքը գովազդելիս լինել զուսպ և խուսափել այլ տնտեսվարողի արտադրանքին վնաս պատճառող որակումներից: Սակայն հանձնաժողովը միայն կոչով չի սահմանափակվել և «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերության հանդեպ կիրառել է տուգանք` նախորդ տարվա հասույթի 1 %-ի չափով։ Երկրորդ դրվագը վերաբերում է խանութների զեղչային քաղաքականությանը։
Մասնավորապես այն խնդրին, որ հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Խնդիրն, իհարկե, նոր չէ. այդ մանր ժուլիկությունը միշտ կիրառվել է անգամ ամենաբրենդային և լուրջ խանութների կողմից, սակայն պատշաճ ուշադրության երբեք չի արժանացել։ ՏՄՊՊՀ-ն խոստովանում է, որ այս խնդրի հետ կապված` թեժ գծի միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից, սակայն, սահմանափակ ռեսուրսների պատճառով` նախկինում այս ոլորտում ուսումնասիրություններ չի իրականացրել: Սակայն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը սպառողների համար, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում:
Հանձնաժողովը խախտում է արձանագրել «Մանգո» անվանումով խանութների ցանցում. խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ` ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50 % զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Երկու ամիս ուսումնասիրել են ու պարզել ընդամենը մեկ խանութի խախտում։
Այն էլ՝ խախտում, որը համատարած է և հանրապետության տասնյակ խանութներում կիրառվում է։ Մնում է ենթադրել, որ «սահմանափակ ռեսուրսներ» ասելով` հանձնաժողովը նկատի ունի այն, որ իրենց գումարը թույլ է տվել հսկիչ գնում կատարել միայն մեկ անգամ։ «Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցուցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը:
ՏՄՊՊՀ-ն անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ, համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրություններն այս ոլորտում շարունակվում են, և նոր բացահայտումների դեպքում, դրանք ևս կներկայացնի հանրությանը: Այսինքն` չի բացառվում, որ մի երկու ամսից ևս մեկ խանութ պատժվի։
Վերջին դրվագը վերաբերում է ապրանքային նշաններին։ Այսպես, մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լինեթ լիմիթեդ» ընկերությունը (Nannys ապրանքանիշ) դիմել է Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ հանդիսանում է «Nannys» ապրանքային նշանի իրավատերը և արտադրող ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Սակայն շուկայում հայտնվել են «Nannys» և «Nannys Fresh» ապրանքային նշաններով և նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ «Սեմի Ինտերթրեյդ» ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքային նշանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխղճ մրցակցության դրսևորում:
Այստեղ մի շատ ուշագրավ դրվագ կա. երկու ընկերությունների ներկայացուցիչները նիստի նախորդ օրը գրավոր կերպով դիմել են Հանձնաժողովին` տեղեկացնելով իրենց միջև կնքված հաշտության համաձայնագրի մասին։
Սակայն հանձնաժողովն, ամեն դեպքում, տուգանել է «Սեմի Ինտերթրեյդին»` նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով։ Թվում էր, կարելի էր զերծ մնալ տուգանքից` հաշվի առնելով, որ ընկերությունները հարթել են խնդիրը։ Սակայն հանձնաժողովը փաստել է, որ խախտվել է մրցակցությունը, ինչի արդյունքում էլ վնաս է պատճառվել «Nannys» ապրանքային նշանի իրավատիրոջը: «Խնդիրը ռիսկային է ոչ միայն մրցակցության, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ չգրանցված ապրանքանիշը կարող է լինել նաև կեղծ և անորակ»,- նշել է հանձնաժողովը: Թերևս, ավելի անկեղծ կլիներ, եթե ավելացնեին, որ ձեռքի հետ բյուջեն լցնելն էլ չի խանգարի։
Մի խոսքով, ՏՄՊՊՀ-ն երեկ կարգին լուրջ քայլեր է արել մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Կարելի էր, իհարկե, ոգևորվել և հույս ունենալ, որ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի իրական մրցակցային տնտեսություն։ Սակայն ամեն ինչ փչացրեց Ամերիկյան դատարանի վճռի մասին երեկվա հրապարակումը։ Բնապահպանության նախկին նախարարին, փաստորեն, ԱՄՆ դատարանը մեղավոր է ճանաչել` կաշառք պահանջելու և մասնավոր ընկերությանը 37.5 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Մրցակցային միջավայրի ավելի լուրջ գնահատական դժվար է պատկերացնել։