Բուժիչ նամակներ. Սոֆորա ճապոնական

Մինչև 25 մ բարձրությամբ տերևաթափ ծառ է, կլորավուն սաղարթով և մինչև 1 մ բնի տրամագծով։ Տերևը մուգ մոխրավուն է, ճաքճքած, տերևները` կենտ փետրաձև, փայլուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, մանր, դեղնասպիտակավուն ծաղիկներով, որոնք հավաքված են խոշոր, մինչև 35 սմ երկարություն ունեցող հուրաններում, բուրումնավետ են, մեղրատու, սակայն միաժամանակ` թույն են պարունակում։ Պտուղը երկար ունդ է, որը դեղնականաչավուն կպչուն հյութ է պարունակում։

Սերմերն օվալաձև են, մուգ դարչնագույն։
Պատկանում է բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին։
Բնական պայմաններում հանդիպում է Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում։
ՀՀ-ում մշակվում է ցածրադիր գոտու չոր, շոգ, անտառազուրկ վայրերում։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, դիմանում է հողի աղակալմանը, չափազանց երաշտադիմացկուն է, ջերմասեր և միաժամանակ` բավականին ցրտադիմացկուն (-25 C)։ Արագ է աճում, բազմանում է սերմերով։

Բույսն իր հայրենիքում համարվում է Սուրբ ծառ, այն աճեցնում են տաճարների մոտակայքում։ Հազարավոր տարիներ առաջ մարդիկ իմացել են բույսի բուժիչ հատկությունների մասին։

Պատմում են, թե մի չարաճճի ճապոնացի տղա ծառից պոկած ճյուղով դաղում էր անցորդներին։ Բարձրացավ փոթորիկ, և բոլորը թաքնվեցին իրենց տներում։ Տղան լսեց լացի ձայն և գնաց հիվանդ պապիկի սենյակը, սակայն նա քնած էր։ Աղերս էր տալիս ծառի ճյուղը, որ տղան թողել էր փողոցում։ «Ինչո՞ւ ես իզուր տեղը պոկել, տար հետ և տնկիր տաճարի մոտ»,- ասաց պապը։

Կարդացեք նաև

«Հավաքիր իմ արցունքները (սերմը) և տար բուժիր պապիկիդ սիրտը»,- ասաց ծառը։
Այդ օրվանից բուժված մարդիկ երիզում են ծառը կարմիր ժապավենով։
Սոֆորան շատ մեծ տարածում ունի Բուլղարիայում, լայնորեն կիրառվում է քաղաքների կանաչապատման համար։

Այս երկրում որպես բուժիչ հումք օգտագործում են դեռ չբացված ծաղկի կոկոնը։ Սոֆորան պարունակում է մեծ քանակությամբ ռուտին` տերևը և մատղաշ ընձյուղը` մինչև 4,5 տոկոս, կոկոնը` 12-17, երբեմն` մինչև 30 տոկոս։ Որպես ռուտինի հումք` բույսն ունի մեծագույն նշանակություն։

Բուլղարիայում ռուտինն օգտագործվում է գիտական բժշկությունում` տարբեր բնույթի արյունազեղումների դեպքում։
Կոկոնը և նրա հասունացող պտուղը պարունակում են նաև բույսին բնորոշ ֆլավոններ, ալկալոիդներ և գլիկոզիդներ։

Սերմը պարունակում է մինչև 10 տոկոս ճարպայուղ։
Բույսի պատրաստուկներն ունեն նաև վերքամոքիչ, անոթների պատերն ամրացնող հատկություն, նպաստում են C վիտամինի յուրացմանը, ծանր մետաղների դուրսբերմանը օրգանիզմից։

Օգտագործվում է 12-մատնյա աղիի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, թոքախտի, վարիկոզի, էնդարտերիտի, տրոֆիկ խոցերի, փսորիազի, էկզեմայի, տրոմբոֆլեբիտի, կարմրախտի, ռևմատիզմի և այլ հիվանդությունների բուժման համար։ Նպաստում է սպիների հարթեցմանը, ամրացնում մազարմատները, վերացնում կորյակները, հասունացնում և չորացնում է չիբանը։

Ունի աչքի ցանցաթաղանթն ամրացնող ազդեցություն, ուժեղ հակաալերգեն է։ Սոֆորան մեծ կիրառում ունի դեղաբուսային հավաքածուներում` վահանագեղձի որոշ հիվանդություններ, թոքախտ, ստամոքսաբորբ, կոլիտ, սրտի ցավեր, և այլն։
Գիտական բժշկությունն օգտագործում է ճապոնական սոֆորայի և սպիտակ ճագոմի խոտի խառնուրդի ոգեթուրմը։ Այս միջոցը մաքրում է արյունատար անոթների պատերն օրգանական աղերից։

  • Աղացեք ճագոմի թարմ խոտը (1։3), ավելացրեք օղի։ Երկու շաբաթ թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։
  •   Ընտրեք առավել առողջ պտուղները, լավ լվացեք, մանրացրեք, ավելացրեք օղի 1։3 ծավալային հարաբերությամբ։ Երկու շաբաթ թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։
  •   Խառնեք ոգեթուրմերը 1։1 քաշային հարաբերությամբ, խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` ջրի հետ։ Շարունակեք 1 ամիս։

Սոֆորան կարելի է թրմել նաև դդմի յուղի մեջ։

  •   Փոշիացրեք չոր պտուղը սերմի հետ, ավելացրեք 1։3 հարաբերությամբ յուղ, խառնեք, 30 օր թրմեք տաք տեղում, օրը 2 անգամ թափահարեք ապակե տարան։ Քամեք թանզիֆով։ Խմեք 1-ական թ/գ, օրը 2 անգամ` սնվելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո` 2 ճ/գ մածունի հետ։ Լավ արդյունք է տալիս նաև սոֆորայի և կարմիր երեքնուկի ոգեթուրմերի խառնուրդը։
  • Մանրացրեք երեքնուկը, ավելացրեք 1։3 հարաբերությամբ օղի, թրմեք 2 շաբաթ մութ տեղում։ Խառնեք սոֆորայի ոգեթուրմի հետ (1։1)։ Խմեք վերոգրյալ ձևով։

Օգնում է գանգուղեղի ծանր վնասվածքի` ուղեղի ցնցում և տեսողության մասնակի կորուստ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի, բարձր ներգանգային ճնշման, ականջների աղմուկի դեպքում։

Միշտ չէ, որ ոգեթուրմերը կարելի է խառնել, նշված դեպքերն ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն։
Չինաստանում բույսը կիրառվում է դեղամիջոցներում, նրանք գտնում են, որ սոֆորան 80 տոկոսով նվազեցնում է ինսուլտի և նախաինսուլտային վիճակի հավանականությունը։
Հիպերտոնիա. Մանրացրեք սոֆորայի պտուղը, սերմը, ճագոմի խոտը (գնեք դեղատնից)։ Խառնեք 1։1 հարաբերությամբ, կես թ/գ հումքը 6 ժամ թրմեք տաք ջրով (50-60C) ջերմապահում։

Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։ Շարունակեք 7 օր, ընդմիջեք 3 օր։ Կրկնեք 3-4 անգամ։

Այրվածքի հետևանքով առաջացած վերք. Թրջեք քառատակ ծալած սավանի լաթը սոֆորայի ոգեթուրմի մեջ, դրեք վերքի վրա, ծածկեք թրջոցի համար նախատեսված թղթով։ 2-3 օրից փոխեք վիրակապը։
Փսորիազ. Մշակեք մաշկը սոֆորայի ոգեթուրմով։

Տեսանյութեր

Լրահոս