Բաժիններ՝

Փողի գինը թողեցին անփոփոխ

2012 թ. սեպտեմբերի 4-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Սա նշանակում է՝ փողը ո՛չ թանկացել է, ո՛չ էլ էժանացել։ Այսինքն՝ ԿԲ-ն այս պահին անհրաժեշտ չի համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով ազդել գների վրա։ Հիմնավորումների և մասնագիտական «խուճուճ» ձևակերպումների արանքում, ի դեպ, կարելի է տողատակում կարդալ մի հետաքրքիր միտք՝ աշխարհում գործերը լավ չեն, իսկ Հայաստանում լավ են։

Այսպես, ըստ ԿԲ-ի, զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում, կանխատեսող հորիզոնում, կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Եթե վերը նշվածը նպաստում է գնանկմանը, ապա հացահատիկը «համը հանում է»՝ թանկանում է։ «Մյուս կողմից, հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով՝ պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում»,- նշում է ԿԲ-ն։

Իսկ այն, որ Հայաստանում վիճակն ավելի լավ է, քան աշխարհում, երևում է հետևյալ ձևակերպումից. «ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը` պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով»: Իսկ սպառման տեմպերն աճում են, երբ մարդկանց ձեռքին փող կա։ Ընդ որում, ըստ ԿԲ-ի, սպառման տեմպերն այնքան արագ են աճում, որ հարկավոր է այդ փողը մասամբ «քաշել»  ժողովրդի ձեռքից։ Սակայն այդ անշնորհակալ գործը ԿԲ-ն թողնում է կառավարության վրա՝ նշելով, որ սպառման աճի արագ տեմպերը կչեզոքացվեն հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Ամփոփելով վերը նշվածը՝ ԿԲ խորհուրդը եզրակացրել է, որ վերջին ամիսների գնաճի զարգացումները հիմնականում ընթանում են դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով: «Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում` պահպանվելով ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում»: Այսինքն՝ Կենտրոնական բանկը խոստանում է, որ տարվա վերջին գնաճը չի գերազանցի 5.5%-ը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս