Բուժարար մոգական խոտը
Agrimonia eupatoria- եղեսնակ բժշկական, անիծած խոտ։ Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Ցողունի ներքևի մասը հաճախ փայտացած է, բարձրությունը` 50-100 սմ։ Բույսն ամբողջովին խավապատ է, մոխրականաչավուն։ Տերևները բարդ են, հերթադիր դասավորությամբ, ձվաձև ատամնաեզր, հաճախ հավաքված մերձարմատային վարդակի մեջ։
Ծաղիկները մանր են, ոսկեդեղին, ինչպես բոլոր վարդազգիների մոտ` կանոնավոր, ծաղկաբաժակի տերևիկները և ծաղկաթերթիկները հինգն են, առէջքները` տասից մինչև քսան հատ։ Ծաղկաբույլը ցողունի գագաթային մասում գտնվող հասկ է։ Ծաղկման շրջանը կախված է բնական պայմաններից և բավականին երկար է` հունիս-սեպտեմբեր։ Պտուղը մանր ասեղիկներով պատված ընկուզիկ է, տարածվում է կենդանիների միջոցով։
Նախընտրում է արևոտ, չափավոր խոնավ հողատեսքեր, լավ է հարմարվում բլրակների, լանջերի վրա։ Տարածված է Եվրոպայում, հաճախ է հանդիպում ՀՀ-ում։
Պարունակում է դառը և դաբաղող նյութեր, եթերային յուղ, թթուներ (կիտրոնի, խնձորի, գինու, խինինի, թրթնջուկի), կատեխին, կումարին, կվերցետին և այլ ֆլավոններ, սալիցիլին, սապոնին, խեժ, ալկալոիդներ, կրեմնիումի թթու, A, C, K վիտամիններ, քոլին։
Նման հարուստ քիմիական բաղադրության շնորհիվ բույսը լայն կիրառում է գտել ժողովրդական բժշկության մեջ։
Որպես դեղաբույս` նկարագրել է Պլինիուս Մեծը։ Բույսի բուժիչ հատկությունների մասին Ա. Ամասիացին գրել է. «Անիծած ծաղիկը օժտված է խցանումները բացող հատկությամբ, օգնում է աղիքների ցավի դեպքում։ Անիծած ծաղիկը եթե տան հող կամ կավ ուտող երեխաներին, այդ ցանկությունը կմարի։ Այս բույսը վնասակար է ձվարանների համար։ Դրա վնասակարությունը չեզոքացնում է վարդը»։
Որպես բուժիչ հումք` մթերեք ցողունը և տերևները` մինչև պտուղների հասունանալը, կտրեք գետնից 7-10 սմ բարձրության վրա։ Պահեք փայտե տարայի մեջ մինչև 2 տարի։
Երեսնակի պատրաստուկներն ունեն հակամանրէ, հակաբորբոքային, միզամուղ, լեղամուղ, ցավամոքիչ, արյունարգել, հակահելմինտային, աշխուժացնող, հակաուռուցքային հատկություն։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է երեսնակի թուրմը, գրիպի, մարսողության խանգարման, լյարդի բոլոր հիվանդությունների (քարեր, հեպատիտներ, ցիռոզ), լեղապարկի բորբոքման, բարորակ և չարորակ ուռուցքների, դժվար ապաքինվող խոցերի, չիբանի բուժման համար։ Նաև օգտակար է հոդատապի, ռևմատիզմի, թութքի, ստամոքսի հիվանդությունների, աղիների ոչ բավարար աշխատանքի (պոլիպներ), կոկորդի լորձաթաղանթի բորբոքման, երիկամային քարերի, բերանի խոռոչի վերքերի (խոցային ստոմատիտ) բուժման համար։
Արմատի եփուկը կիրառում են ռևմատիզմի, արտաքին չարորակ և բարորակ ուռուցքների դեպքում։
Խոլեցիստիտ. 2 ճ/գ մանրացրած երեսնակի խոտը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Արգանդի միոմա. 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում (փաթաթեք լաթով)։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Թութք. 1 ճ/գ խոտին ավելացրեք 300 մլ եռջուր, 15 րոպե պահեք թույլ կրակի վրա (70-80 C), թրմեք մինչև հովանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Գիշերամիզություն. Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ սրոհունդի և երեսնակի խոտերը, սամիթի սերմը։ Խառնուրդը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Մինչև 7 տարեկան երեխաներին խմեցրեք 1-2 թ/գ` օրը 3 անգամ, մեծերին` 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Ձայնալարերի գերլարում. 100 գրամ երեսնակի տերևը եփեք 1 լ ջրում, մինչև մնա 650-700 մլ։ Քամեք։ Օրը 3-5 անգամ ողողեք կոկորդը։
Մաշկային ցան երեխաների մոտ. 20 գրամ երեսնակի խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրով` տաք տեղում։ Քամեք։ Խմեցրեք 1-3-ական ճ/գ (կախված տարիքից)` օրը 4 անգամ։
Պարկինսոնի հիվանդություն. 2 ճ/գ խոտը 1 ժամ թրմեք 1 լ եռջրում։ Կատարեք ձեռքերի և ոտքերի լոգանք քնելուց առաջ։
Հակաբորբոքային. Մանրացրեք, խառնեք երեսնակի տերևը և փրփրուկի ծաղիկը (1։2)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ավելացրեք 1-ական թ/գ մեղր։
Ուռուցք, ոլորում. Խառնեք երեսնակի մանրացրած տերևը, քացախ, ցորենի թեփ (1։1։1)։ Եփեք թույլ կրակի վրա, մինչև ստացվի համասեռ զանգված։ Դրեք թրջոցներ։
Գոտևորքին. Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ երիցուկի և վաղենակի ծաղիկները, երեսնակի խոտը, խնկեղեգի արմատը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ սառը ջուր, թրմեք 15 րոպե, դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 5 րոպե։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Ավելացրեք 1-ական թ/գ ակնամոմի և վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմեր, 1 ճ/գ մեղր։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ և նախքան քնելը։ Շարունակեք 3-4 ամիս։
Երեսնակը լայն կիրառում ունի մելանոմիայի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, վահանաձև գեղձի տոքսիկ ադենոմայի, արգանդի բազմահանգուցային և կրծքագեղձի ուռուցքների բուժման ընթացքում օգտագործվող դեղաբուսային փնջերի մեջ։