Տարածաշրջանի ամենահոռետես ժողովուրդը` ըստ Gallup-ի
Օրեր առաջ հրապարակվեցին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները՝ 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշով, ինչը մեր պետական պաշտոնյաներին հերթական անգամ ոգևորվելու առիթ տվեց։ Չափից դուրս ոգևորությանն ի պատասխան՝ քննադատություններ հնչեցին, թե աճի ցուցանիշները ոչինչ չեն նշանակում և, ըստ էության, ինքնանպատակ են, քանի որ որևէ կերպ չեն բարելավում հասարակ քաղաքացու կյանքի պայմանները։ Սակայն նման «մանր» հարցերը, ինչպես միշտ, անտեսվեցին, քանի որ ոչ ոք թույլ չի տա ստվերել վիճակագրական ցուցանիշների փայլը։
Ամեն դեպքում, աճի և ակտիվության ինքնանպատակ լինելու մասին խոսում են ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող տեղացիները, այլև ՀՀ իշխանություններին բավական լավ վերաբերվող օտարերկրացիները։ Ամենաթարմ օրինակը մեր իշխանությունների կողմից այնքան սիրված «Gallup» կազմակերպությունն է, որի անցկացրած հարցումներով՝ Հայաստանի ժողովուրդը որքան աղքատանում՝ այնքան ավելի շատ է վստահում գործող իշխանությանը։
Այսպես, «Gallup»-ը հարցում է անցկացրել աշխարհի 146 երկրներում՝ պարզելու համար, թե որ երկրի բնակիչներն են առավել լավատես իրենց երկրում աշխատանք գտնելու հարցում։ Կոնկրետ հարցը հնչել է հետևյալ կերպ` «Այն երկրում, որտեղ դուք ապրում եք, արդյոք հիմա լա՞վ, թե՞ վատ ժամանակ է՝ աշխատանք գտնելու համար»։ Բնականաբար, այն երկրները, որտեղ մեծամասնությունը կազմել է «լավ ժամանակը», համարվում են առավել լավատես։
Հարցումն, իհարկե, նոր չէ. անցկացվել է նախորդ տարվա ամռանը, արդյունքները հրապարակվել են այս տարվա օգոստոսին։ Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ արդեն հասցրել են անդրադառնալ արդյունքներին։ Սակայն հաշվի առնելով տարբեր ԶԼՄ-ներում ցուցանիշների տարբերությունը՝ չէր խանգարի մեկ անգամ ևս անդրադառնալ այդ հարցմանը՝ հիմնվելով սկզբնաղբյուրի՝ «Gallup»-ի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի վրա։
Ըստ այդ արդյունքների, աշխատանք գտնելու հարցում ամենալավատեսը Սաուդյան Արաբիայի և Օմանի բնակիչներն են. հարցվածների 69%-ն այս երկրներում պատասխանել է, որ լավ ժամանակ է աշխատանք գտնելու համար։ Լավատես են գտնվել նաև Պանամայի, Սինգապուրի և Ֆիլիպինների բնակիչները։
Ընդհանուր առմամբ, աշխարհի 146 երկրների միջինացված արդյունքներով՝ լավատեսները կազմել են 33%, հոռետեսները՝ 57%, մնացած 11%-ը դժվարացել է պատասխանել։
Այսքանից հետո կարող եք ինքներդ դատել մեր՝ հայերիս տրամադրվածության մասին։ Հարցման արդյունքներով՝ ՀՀ բնակչության ընդամենը 6%-ն է համարել, որ լավ ժամանակ է՝ աշխատանք գտնելու համար։ 86%-ը պատասխանել է, որ աշխատանք գտնելու համար լավ ժամանակ չէ, 8%-ը դժվարացել է պատասխանել։
Հիշեցնենք, որ 2011թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 5%-ով, իսկ հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ՝ 13%-ով։ Հարցումն անցկացվել է հենց այս ամիսներին։ Ստացվում է՝ տնտեսության ակտիվացումը ոչ մի կերպ չի ազդել աշխատանք գտնելու վստահության վրա։
Ավելին, «հոռետեսության» ցուցանիշով աշխարհի 146 երկրների մեջ 5-րդն ենք։ Հայերից ավելի հոռետես են եղել հույները (աշխատանք գտնելու հույս ունեցել է 2%-ը), սերբերը, իտալացիները և բուլղարները (4-ական տոկոս)։
Տարածաշրջանային համեմատության մեջ վիճակը պակաս տխուր չի դիտվում։ Լավատեսների թվով մի քանի անգամ զիջում ենք մեր անմիջական ու ոչ անմիջական հարևաններին։
Ահա այսպես։ Որքան լավատես է կառավարությունը, այնքան հոռետես է բնակչությունը։ Եվ, որ ավելի աբսուրդային է՝ որքան հոռետես է բնակչությունը, այնքան ավելի շատ ձայն է տալիս իշխանությանը։