Բաժիններ՝

Վաղն «աստղային անձրև» է սպասվում

Վաղը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը, Երկիր մոլորակի բնակչությունը հնարավորություն կունենա աստղային անձրև տեսնել: Վաղը գիշերը հնարավոր կլինի ժամում թվով մոտ 100 ընկնող «աստղեր» տեսնել։ Այս անգամ երևույթը կապված է Պերսեիդի երկնաքարերի հոսքի հետ: Թեև վաղը գիշերը սպասվող Պերսեիդի ասուպային հոսքն ընդունված է անվանել «աստղային անձրև», սակայն դրանք իրականում աստղեր չեն, այլ` երկնաքարեր են կամ ասուպներ: Երկնաքարային հոսքի տևողությունն իրականում ավելի երկար է՝ 7-10 օր, սակայն վաղը գիշերն այն կհասնի առավելագույն ակտիվության: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

«Ասուպային հոսքերն առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրն Արեգակի շուրջ իր ուղեծրով շարժվելով` հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և ընկնող աստղերի են նմանվում: Նրանց լույսը թույլ է, այդ իսկ պատճառով դրանք ցերեկը տեսանելի չեն, և այս երևույթը կարելի է տեսնել միայն գիշերը»,- ասաց Ա. Միքայելյանը: Ըստ նրա՝ այդ երկնաքարերը կամ ասուպները հիմնականում շատ փոքր չափերի են, իսկ եթե մեծ լինեին` կարող էին իրականում վտանգավոր լինել: Հենց այդ ասուպների փոքր չափերն են պատճառը, որ մարդիկ կարծում են, թե դրանք երկնքից թափվող աստղեր են, իսկ երևույթն ընդունված է անվանել «աստղային անձրև»: «Եթե պարզ եղանակ լինի, ապա աստղային անձրևը հնարավոր կլինի տեսնել բոլոր վայրերից»,- ասաց Ա. Միքայելյանը: Ըստ աստղագետի՝ նման երևույթներ տարվա մեջ բազմաթիվ անգամներ են տեղի ունենում, սակայն դրանցից մոտ 15-ի դեպքում մարդիկ պարզապես գեղեցիկ տեսարանների են ականատես լինում:

Ավելացնենք, որ տարվա ընթացքում դիտվող ասուպային հոսքերից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները և Գեմինիդները:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս