Բաժիններ՝

«Միշտ գերադասել եմ խաղալ այնպիսի հերոսի դեր, որը նման չէ ինձ»

Թատրոնի և կինոյի դերասան Գարիկ Չեպչյանի կարծիքով՝ դերասանի համար ամենալավ տեղը բեմն է, որտեղ նա կենդանի շփում է ունենում մարդկանց հետ: Գարիկ Չեպչյանը հարուստ մարդ ասելով՝ հասկանում է հարուստ մանկություն ունեցած մարդուն: Դերասանը հիշեց, որ երբ մանուկ հասակում թատրոն էր գնում, այն իր համար հեքիաթային մի աշխարհ էր: Դերասանը երկար ժամանակ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: 1988թ. հետո, Հայաստանում իրավիճակը լավ չէր, դերասանները`չնայած մութ ու ցուրտ տարիների դժվարություններին, ներկայացումներ էին խաղում: Այնուհետև՝ 1994թ., Սունդուկյանի թատրոնը մի պահ լուծարվեց, մոտ վեց ամիս չէր գործում: Որոշ ժամանակ անց թատրոնում նոր ղեկավար նշանակվեց, դերասանները վերադարձան իրենց աշխատանքին, սակայն չվերադարձավ Գարիկ Չեպչյանը, քանի որ դերասանն արդեն այլ աշխատանքով էր զբաղված: 11 տարի նա դադար էր տվել դերասանական իր գործունեությանը: 2006թ. դերասանը զգում է, որ իր ներաշխարհում ինչ-որ մի բան դատարկվել է. երկար մտածելուց հետո, գեղեցիկ մի օր Գարիկ Չեպչյանը նորից վերադառնում է թատրոն: Արդեն քանի տարի` նա խաղում է հեռուստասերիալներում:

– Բազմաթիվ դերեր եք խաղացել, կա՞ մի կերպար, որը շատ հարազատ է եղել Ձեր ներաշխարհին:

– Միշտ գերադասել եմ խաղալ այնպիսի դեր, որը շատ հեռու է իմ էությունից և որը նման չէ ինձ, քանի որ, եթե ես մի դեր խաղամ, որը մոտ կլինի իմ էությանը, արդեն իմ մեջ հետաքրքրությունը կկորչի նյութի հանդեպ:

– Այս օրերին տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ ընդդեմ հեռուստասերիալների և ընդդեմ սերիալներում պրոպագանդվող՝ կանանց դեմ բռնության տեսարանների: Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ ակցիաների վերաբերյալ.

Կարդացեք նաև

– Զարմանում եմ նման մարդկանց մտածելակերպի վրա: Մեր ժամանակներում բոլորս գրքեր էինք կարդում, այսօրվա երիտասարդների նման չէինք և դպրոցական ծրագրով անցնում էինք Րաֆֆու «Սամվել» վեպը, որում ասվում էր. «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը…»: Ստացվում է, որ մեր սերունդը պետք է հայրասպա՞ն դառնար… Այո՛, կան թերություններ հեռուստասերիալների մեջ, բայց եկեք չմոռանանք այն, որ մեր հեռուստասերիալային կյանքն ընդամենը վեց տարեկան է, այսինքն՝ 2006 թվականին է ստեղծվել, և եկեք փնովելու փոխարեն՝ անենք մի բան, որով կօգնենք միմյանց: Ցավոք, մեր իրականության մեջ կան նաև «չար» մարդիկ, ովքեր ամեն ինչում միայն վատն են տեսնում: Ես դեմ եմ նման ակցիաներին, և, ասեմ ավելին, սերիալներում նման դրվագներ պետք է լինեն, բայց՝ ընդամենը դրվագներ: Ցավոք, այն, ինչ ներկայացվում է սերիալներում, գոյություն ունի մեր իրականության մեջ, և նպատակն էլ այն է, որ հեռուստադիտողին մտածելու տեղիք տանք` նայեք և ինքներդ դատեք, արդյո՞ք դա ճիշտ է… ՈՒղղակի պետք է մի փոքր բարձրացնել որակը, և համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ սերիալների որակն իրո՛ք կբարձրանա:

– Շատերին է հայտնի, որ թատրոնում աշխատող դերասանն այնքան գումար չի վաստակում, որքան սերիալներում նկարահանվող դերասանը, և շատերն այսօր ստիպված մուտք են գործում հեռուստատեսություն` զուտ գումար աշխատելու համար:

– Այսօր մեր երկրի տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, և ցավով եմ նշում այդ փաստը: Պարզապես կարելի է ճիշտ մոտեցում ցուցաբերել այն դերասանների նկատմամբ, ովքեր ներկայացնում են բեմական կուլտուրան: Իհարկե, խոսքս այն դերասանների մասին է, ովքեր ճանաչված են և սիրված են ժողովրդի կողմից: Այո, կան մարդիկ, ովքեր թողնում են թատրոնը և մտնում են հեռուստատեսություն՝ ավելի շատ գումար աշխատելու համար, քանի որ այդ մարդիկ, ի վերջո, ընտանիք են պահում: Երբ ես խոսում եմ թատրոնի մասին, այսպես եմ դիմում թատրոնին՝ «Ձերդ գերազանցություն»: Իմ վերաբերմունքը թատրոնի հանդեպ շատ խորն է:

– Հաճախ մարդկանց ենք հանդիպում հեռուստասերիալներում, ովքեր դերասանական կրթություն չունեն, բայց հանդես են գալիս այդ ֆիլմերում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին:

– Այդպիսի մարդիկ կան, և, եթե անկեղծ լինեմ` լավ է, որ կան, քանի որ սերիալներում լինում են փոքրիկ էպիզոդային կարճ դերեր, որոնք, ճիշտ չէ, որ խաղան այն դերասանները, ովքեր մեծ ճանապարհ են անցել: Ոչ փորձառու մարդիկ նման` փոքր, էպիզոդիկ դերերի համար են պետք: Լավ խաղընկեր ունենալը շատ մեծ հաճույք է, քանի որ դու էներգիա ես փոխանցում և դիմացինից էլ ես դա սպասում: Ցանկացած դերասան իր կատարած աշխատանքը պետք է գնահատի և աշխատանքին պետք է մոտենա պրոֆեսիոնալ կերպով: «Դերասան» բառը շատ խորը բառ է, ինձ համար դերասան և արտիստ հասկացությունները տարբեր են, սակայն առաջին տեղում արտիստն է:

– Այն երիտասարդները, ովքեր մուտք են գործում հեռուստատեսային, սերիալային աշխարհ, նրանց մոտ արագ «աստղային հիվանդություն» է առաջանում: Դա ինչի՞ց է:

– Դա գալիս է մարդու կենսագրությունից. ի՞նչ է արել մարդն իր կյանքի ընթացքում: «Ռեզյումե» ասվածը ես ավելի խորն եմ հասկանում. դա միայն այն չէ, թե դու որտե՞ղ ես սովորում, ի՞նչ ես անում, այլ պետք է նշել, թե ի՞նչ ես արել և ի՞նչ ունես ուսերիդ ետևում ապրած, ի՞նչ ես ստեղծել քո կյանքի ընթացքում: Այն մարդիկ, ովքեր արվեստի դպրոց են անցել, այդ մարդիկ կյանքում սովորաբար ավելի զգոն են լինում, ավելի զուսպ, կշռադատված, իսկ այն երիտասարդները, ովքեր նոր են մուտք գործում այդ ասպարեզ` իմ նշած այս հատկանիշներին հակառակ հատկանիշներն են ունենում: Երևի երիտասարդները չեն դիմանում արագ ճանաչվածությանը, այդ ամենից գերվելով` չեն կարողանում իրենք իրենց ճիշտ ներկայացնել հասարակության մեջ: Սերիալներն այսօր կան, վաղը չկան, և դրանց վերջանալուն պես՝ քչերն են հիշելու տվյալ երիտասարդին: Այդ իսկ պատճառով՝ մոտեցումներն այս կյանքում պետք է լինեն ավելի խորը և զուսպ:

– Իրական կյանքում ինչպիսի՞ մարդ եք:

– Հեռուստաեթերում` սերիալներում, մարդիկ տեսնում են իմ հակապատկերը, այսինքն՝ շատ հարուստ մարդ, դաժան և բացասական գծերով մի անձնավորություն, բայց իրական կյանքում ճիշտ հակառակն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս