Արտասահմանում տուն գնելն արգելվում է
ՌԴ Պետդումայի օրակարգ է մտել մի օրինագիծ, որը ռուս չինովնիկների առջև փակում է օտարերկրյա շուկաների դռները։
«Օրինագիծն արգելում է չինովնիկներին, խորհրդարանականներին և ընդհանրապես ՌԴ պաշտոնատար անձանց անշարժ գույք ունենալ կամ ձեռք բերել արտասահմանում, հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում, ձեռք բերել և ունենալ օտարերկրյա ընկերությունների բաժնետոմսեր»,- ըստ «Ինտերֆաքսի»՝ ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը։
Կատարվելու են փոփոխություններ մի շարք օրենքներում, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքում։
Նիկոնովը նշել է, որ եթե մարդը զբաղված է միայն պետական աշխատանքով, ապա նա չի կարող ունենալ բավարար միջոցներ՝ արտասահմանում գույք ձեռք բերելու համար։ «Բացի այդ, եթե խոսքը վերաբերում է պետական ծառայողներին, ապա արտասահմանյան գույքն ու բանկային հաշիվները նրանց ավելի խոցելի են դարձնում տարբեր տիպի արտաքին ճնշումների տեսանկյունից»,- ասել է պատգամավորը։
Այն պաշտոնյաները, ովքեր ունեցվածք ունեն դրսում, պետք է մինչև 2013թ. հունիսը ձերբազատվեն դրանից։
Նշենք, սակայն, որ օրենքը որոշ բացառություններ է սահմանել հատուկ դեպքերի համար։ Օրինակ՝ հաշիվ բացելը կամ գույք ձեռք բերելը չի արգելվում, եթե դա անհրաժեշտ է ծառայողական գործունեության համար։ Արտասահմանյան բանկերում հաշիվներ կարող են բացել նաև բուժման կամ կրթության նպատակով, եթե տվյալ հաստատությունը պարտադիր պահանջում է տեղական բանկում հաշվի առկայությունը։
Թե ինչ կտա դա իրականում Ռուսաստանին՝ դժվար է ասել։ Ի վերջո, անգամ սեփական երկրում պաշտոնյաներն իրենց ունեցվածքի մեծ մասը գրանցում են իրենց բարեկամների կամ երրորդ անձանց անուններով։ Հայաստանում նույնպես այս երևույթը տարածված է։ Ավելին, հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայաստանցի օլիգարխներն ակտիվորեն Հայաստանից դուրս են տեղափոխում իրենց կապիտալը, չի բացառվում, որ նման մի օրենք էլ այստեղ ընդունվի։ Պաշտոնական հիմնավորումը կլինի կոռուպցիայի դեմ պայքարն ու պաշտոնյաների խոցելիությունը նվազեցնելը, իսկ ոչ պաշտոնական նպատակը՝ կապիտալի արտահոսքը կանխելը։ Թեպետ, մյուս կողմից, մեծ հարց է, թե ո՞ր դեպքում է մարդն ավելի խոցելի՝ դրսո՞ւմ ունեցվածք ունենալու դեպքում, թե՞ Հայաստանի և Ռուսաստանի պես «իդեալական» դատաիրավական համակարգ ունեցող երկրներում։