Գլխավոր դատախազության պատասխանը ՄԻՊ-ին
Այսօր ՀՀգլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ «էժանագին շահարկումներ» է որակում ՄԻՊ Կարեն Անդրեսայանի կողմից ՀՀ գլխավոր դատախազության գործունեության վերաբերյալ արած հրապարակային հայտարարությունները: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մշտապես հանդես է եկել գործի փաստական հանգամանքների ներկայացմամբ, հիմնավորվումներով և ցավում ենք, որ ՄԻՊ գրասենյակը, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որը ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորագույն գործին, զբաղված է էժանագին շահարկումներով: Անգամ սույն գործով դեպքերի զարգացման ժամանակագրությունը դրա խոսուն վկայությունն է:
Այսպես.
1999-2000թթ.- նյութերով տրված բացատրություններում համընկնում է քաղաքացի Ա. Վարդանյանի տնակը քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տանելու հանգամանքը,
2004թ.- ըստ Ա. Վարդանյանի` տևական բացակայությունից հետո վերջինս հայտնաբերում է տնակի անհետացումը,
2006թ.- Ա. Վարդանյանը երկու տարի անց դիմում է ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրության արդյունքնում մերժվում է քրեական գործի հարուցումը, քանզի արարքում բացակայում է հանցակազմի առկայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է դատական կարգով լուծման, ինչը և փաստվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Վարդանյանի հայցը վարույթ ընդունելով:
ՄԻՊ գրասենյակը պետք է տեղյակ լինի, որ քաղաքացիաիրավական բնույթի գործերով քրեական գործ հարուցելով` ոտնահարվում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությանն է նաև կոչված ՄԻՊ ինստիտուտը: Այդ իմաստով անհասկանալի է այն դրսևորվող համառությունը, թե ինչու քաղաքացիաիրավական բնույթ կրող այս վեճով չի հարուցվել քրեական գործ:
ՀՀ դատախազությունը, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր գործունեությամբ ուղղակիորեն և անուղղակի պաշտպանում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում նաև` անհիմն քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներով:
2007-2008թթ.- Շիրակի մարզի առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռով և որոշումով հիմնավորվում է, որ Ա. Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստր Ռ. Վարդանյանը համապատասխան գումարի` 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պ. Ղումաշյանին: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Տարօրինակ է , որ 2008թ. օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը ՄԻՊ գրասենյակի համար չունի որևէ նշանակություն, և վերջինս շարունակում է վիճարկել թե գործի քաղաքացիաիրավական բնույթը, թե գումարի փոխհատուցման հավաստիության հանգամանքը:
2011թ. մահանում է Պ. Ղումաշյանը:
2011թ. դեկտեմբեր- սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկվելու արդյունքում Ա. Վարդանյանը ՄԻՊ գրասենյակում ինքնասպանության փորձ է կատարում` խմելով պերօքսիդի լուծույթ:
2012թ. հուլիս – ՄԻՊ գրասենյակը հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ`առանց տարեթվերը և գործի հանգամանքները նշելու Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը ուղղակի վերագրում է ՀՀ դատախազությանը, վերջինիս կողմից քաղաքացու իրավունքների խախտմանը:
Մինչդեռ իրադարձությունների ժամանակագրությունը , որի մասին լռել է ՄԻՊ գրասենյակը, ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքացի Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը տեղի է ունեցել բոլորովին այլ պատճառով և որևէ կապ չունի 2006թ. Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:
Սույն հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ՄԻ Պաշտպանին ուղարկված 02.04.12 և 22.05.12թթ. գրավոր պատասխաններից և 25.07.2012թ. հրապարակային հաղորդագրությունից հետո, ՄԻՊ գրասենյակի կողմից կրկին հաղորդագրությամբ հանդես գալու և կրկին նույն հարցադրումները հնչեցնելու վերաբերյալ ընդամենը խորհուրդ ենք տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության և չենք պատրաստվում այսուհետ հանրության ուշադրությունը զբաղեցնել` այս կարգի հաղորդագրություններին պատասխանելով»: