«Ալիևն ու Սարգսյանը շատ ավելի մոտ են Ղարաբաղյան կարգավորմանը, քան Պուտինն ու Ասադը՝ սիրիական հակամարտությունում». Մեթյու Բրայզա

168.am-ի զրուցակիցն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան

Պարոն Բրայզա, ԱՄՆ պետքարտուղար Քերին դիվանագիտական աղմուկ բարձրացրեց հարավկովկասյան չկարգավորված ԼՂ հակամարտության շուրջ՝ նշելով, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն կարգավորել հակամարտությունը, և կարգավորման համար նախադրյալներ չկան։ Ուշագրավ էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի այն դիտարկումը, թե փակ դռների ետևում ադրբեջանական կողմին ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, և դա, նրա ակնարկների համաձայն՝ անում է արևմտյան կողմը։ Հաշվի առնելով այս հայտարարությունները՝ ինչ կարող եք ասել՝ ի՞նչ է կատարվում կարգավորման գործընթացում։

– Ես այլևս ԱՄՆ պաշտոնյա չեմ, ուստի ներքին տեղեկատվություն չունեմ և չեմ կարող ասել, թե ինչ է առաջարկվում կողմերին, և ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով ճնշումների մասին։ Ուստի վստահելի մեկնաբանություն չեմ կարող տալ իրավիճակի վերաբերյալ։ Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է՝ շատ ավելի լավ ու ճիշտ կլիներ, եթե պետքարտուղար Քերին իր ուշադրությունը և գործունեությունը կենտրոնացներ կոնկրետ առաջարկների վրա, թե ինչպես առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները։ Սա ավելի արդյունավետ կլիներ, քան ասելը, թե նախագահները պատրաստ չեն համաձայնության։ Չէ՞ որ նա բավականին երկար ժամանակ է տրամադրել սիրիական հակամարտության կարգավորմանը և գիտի, որ Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինն են, որ պատրաստ չեն սիրիական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։

Ուստի ինչո՞ւ է նա դժգոհում, թե Հայաստանի և թե Ադրբեջանի նախագահներից, պնդելով, թե նրանք պատրաստ չեն կարգավորմանը, եթե կարող է ասել, որ կանի այն ամենը, ինչ կարող է, որպեսզի ընդհանուր հող ստեղծվի կարգավորման համար, քանի որ ակնհայտորեն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները շատ ավելի մոտ են ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանը, քան Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունները սիրիական հակամարտությունում։

Երբ խոսում եք ամերիկյան կողմի քայլերի մասին, ի՞նչ նկատի ունեք։ Միգուցե այդ քայլերի կոնտեքստո՞ւմ է ԼՂ անկախության ճանաչման պարտադրումն Ադրբեջանին, որի մասին Ալիևը խոսել էր։

– Ես չգիտեմ՝ այսօր ինչ առաջարկներ կարող են լինել, և ինչ է առաջարկվել Ալիևին։ Ես Վաշինգտոնում այդ մասին դեռ որևէ մեկի հետ չեմ զրուցել։ Բայց ուշագրավ է այն, որ նախագահ Ալիևը բարձրացրեց այդ անհանգստությունը։ Ես տեղյակ չեմ եղել, թե կոնկրետ ինչ առաջարկներ են եղել Պուտինի կողմից նախորդող շրջանում այս կետի վերաբերյալ։ Ուստի դժվար է որևէ բան ասել, թե ինչ է առաջարկել նախկինում նախագահ Պուտինը, և ինչ է առաջարկել վերջերս ամերիկյան կողմը։Ես կարող եմ ենթադրել, որ դա սպեկուլյացիա է։ Կարող եմ նաև ենթադրել, որ դեսպան Ուորլիքը կողմերին ստիպել է ավարտին հասցնել Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունը և Պուտինի հունիսի 20-ի առաջարկը, որը ներառում էր երկկողմ զիջումներ։

Հաշվի առնելով Ալիևի վերոնշյալ և ՀՀ ԱԳ փոխնախարար Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն, ինչպե՞ս միջնորդները կարող են ակտիվացնել բանակցային գործընթացը, որը կարծես այսօր փակուղում է հայտնվել կողմերի առաջադրած նոր պայմանների հետևանքով։

Դուք գիտեք, որ միջնորդները փորձում են։ Նրանք փորձում են համաձայնեցնել նոր նախագահական հանդիպում։ Սա՝ ինչ վերաբերում է նրանց գործողություններին։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա նախագահ Պուտինն ինձ հունիս ամսին զարմացրեց իր կառուցողականությամբ։ Ինձ թվում է, որ դա առաջընթացի հույս է ներշնչում, բայց ինձ թվում է նաև, որ Հայաստանում որոշ մարդիկ դեմ էին Պուտինի այդ առաջարկներին։ Ուստի ես կարծում եմ, որ ՄԽ համանախագահները պետք է մտագրոհի ենթարկեն ոչ միայն՝ միմյանց, այլև՝ Պուտինին, ապա՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հստակեցնելով, թե ինչու են անհետացել այդ առաջարկները և ինչ փուլում են։ Միևնույն ժամանակ, երևի թե ողջամիտ կլինի, որպեսզի համանախագահները կենտրոնանան վստահության ձևավորման միջոցների վրա, այնպես անեն, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները միմյանց չդիտարկեն՝ որպես արտաքին թշնամի։ Այս ուղղությամբ շատ քայլեր կարող են նախաձեռնվել։

Պարոն Բրայզա, Սիրիայում խորացող ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նրանց դիրքորոշումների և տրամադրվածության վրա։

– Ես կարծում եմ՝ չպետք է որևէ կերպ անդրադառնա։ Իմ փորձառությունն ինձ հուշում է, որ նույնիսկ Վրաստանի դեմ ռուսական հարձակման փուլում, որքան էլ որ ԱՄՆ-ը դեմ էր Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությանը, մենք ձգտում էինք Մինսկի խմբում աշխատել միասին։ Այդ շրջանում ես համանախագահ էի և աշխատում էի դեսպանի և Լավրովի հետ մեծ արդյունավետությամբ։ Ուստի կարող եմ ասել, որ կձգտեն աշխատել լավ, ես նաև կասեի, որ այն ժամանակ արդյունավետ աշխատել ենք, ու ինձ թվում է, որ դա տեղի կունենա նաև այսօր։

Այսօր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն իրենց ամենացածր մակարդակին են, քան երբևէ, որ ես կարող եմ հիշել։ Մարդիկ մեղադրում են Ռուսաստանին Սիրիայում պատերազմական հանցագործության մեջ, դա ասում է ԱՄՆ-ը, Ֆրանսիան, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է դա ասում, քանի որ Ռուսաստանը Սիրիայում լուրջ բացասական իրավիճակ է ստեղծել։ Ես հուսով եմ, որ դա իր հետևանքները չի ունենա Մինսկի խմբի աշխատանքների վրա, ինչպես նախկինում։

Տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը կփորձի «հաշվեհարդար» տեսնել Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության համար Ղարաբաղյան հակամարտության գոտում, կամ այս գոտում լարվածությամբ մեղմի Սիրիայում ԱՄՆ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս օրերին սրվել է իրավիճակը շփման գծում։ Դուք ի՞նչ եք կարծում՝ սիրիական հակամարտությունը շփման գծում տիրող իրավիճակի վրա ինչպե՞ս կանդրադառնա։

– Ես, իհարկե, չեմ պատկերացնում, թե ինչպես դա գործնականում կարող է տեղի ունենալ։ Եթե Ռուսաստանը որոշի մեծացնել լարվածությունը շփման գծում, դա, իհարկե, կվնասի Հայաստանին և Ադրբեջանին, բայց կվնասի Ռուսաստանին ևս, քանի որ Ռուսաստանը ևս չի ցանկանում տեսնել լայնամասշտաբ ռազմական գործողություններ Ղարաբաղում, քանի որ ուղիղ անվտանգության սպառնալիքի տեսանկյունից դա ավելի մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի համար։ Տրամաբանություն չեմ տեսնում, որ Ռուսաստանը դեմ գնա Սիրիայում Ռուսաստանի գործողությունների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ հաշվեհարդար տեսնելով ԱՄՆ-ից Ղարաբաղում։ Սա ես կբացառեմ։ Ռուսաստանը կարող է այլ պատճառ ունենալ նման բան անելու համար, ես չգիտեմ՝ ինչ պատճառ, բայց դա բացասական հետևանքներ կունենա նաև իր համար։

Պարոն Բրայզա, հակամարտող երկրներում շարունակվող քաղաքական զարգացումները, որոնք ուղեկցվում են քաղաքական կյանքի լարվածությամբ, ինչպե՞ս կանդրադառնան բանակցային գործընթացի վրա։

– Երբ կան ներքաղաքական զարգացումներ, լարվածություն, ապա ցանկացած երկրի ցանկացած ղեկավարի համար դժվար կոմպրոմիսների գնալու հարցն ավելի է բարդանում։ Որքան բարձր լինի քաղաքական լարվածությունը, այնքան բարդ կլինի կարգավորման գործընթացը։ Այսքանը կարող եմ ասել։

Տեսանյութեր

Լրահոս