«Շատ վատ իրավիճակում ենք, հավանաբար հայրս մեզ խնայել է ու այդ ամենը չի ասել». Վերա Խաչատրյան

Արդեն գրել ենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վերջին անգամ հունիսին են այցելել Բաքվում պահվող հայ պատանդներին ու գերիներին, և դեռևս հարցական է՝ առաջիկայում կայցելե՞ն նրանց, թե՞ ոչ, քանի որ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր խաչի գրասենյակը փակվելու է Բաքվում։

Այս հանգամանքը խաթարել է Կամիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն աշխատանքը։

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հունիսին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն այցելել են նրան։ Հիմա նրա ընտանիքը վախենում է անգամ մտածել, թե ինչ է լինելու, եթե գոնե ամիսը մեկ անգամ խոսելու հնարավորություն չունենան իրենց 69-ամյա հոր՝ Վագիֆ Խաչատրյանի հետ, ով ունի առողջական լուրջ խնդիրներ։

«Շատ վատ իրավիճակում ենք իրականում, բայց չգիտենք՝ ինչ է լինելու, պատկերացում չունենք։

Կարդացեք նաև

Մենք դեռևս Կարմիր խաչի միջագային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ չենք հանդիպել, չգիտենք, որևէ կազմակերպություն կայցելի գերիներին, պատանդներին։ Ինքներդ էլ գիտեք, որ ժամանակին տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումներ ունեցել եմ, եթե դրա արդյունավետությունը չկա, ապա հանդիպումների իմաստը չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Երբ վերջին անգամ՝ հունիսին, ընտանիքի անդամները խոսել են Վագիֆ Խաչատրյանի հետ, նա չի ասել, որ դա կարող է լինել իրենց վերջին խոսակցությունը, քանի որ Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչներն իրենց այլևս չեն այցելելու։

«Հավանաբար հայրս մեզ խնայել է ու այդ ամենը չի ասել, մենք դրանից հետո արդեն իմացել ենք գրասենյակի փակվելու մասին»,- ասաց Վերա Խաչատրյանը։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։

Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում  կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք նաև, որ այս պահին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։

Արցախի նախկին 3 նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին ներկայացվել են մի քանի հոդվածներով ծանր մեղադրանքներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ միասին, Բաքուն մեղադրում է նաև Արցախի մի քանի քաղաքացիների՝ կրկին ներկայացնելով շինծու մեղադրանքներ։

Տեսանյութեր

Լրահոս