«Միայն ազգակործան իշխանությունը կարող է նման քայլի գնալ. սա՞ է երկրի զարգացման ծրագիրը». Աշոտ Ղուկասյան

Թուրքիան կրկին հայտարարել է, թե Երևանը կշահի «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանների կատարումից։ Անկարան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունի մակարդակով այս անգամ ասել է, թե «Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Այդ խաղաղությունից կշահեն բոլորը, բայց ամենաշատը` Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը հարմար պահի կարող է բացվել Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում: Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»։

Օրերս Սյունիք կատարած այցի և Սյունիքի մարզպետի ու համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ գրեթե նույնաբովանդակ հայտարարությունն է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ըստ նրա, «Սյունիքը դառնալու է Հայաստանի զարգացման դարպասները, եթե կարողանան դարպասները բացել՝ 43 կիլոմետրի հնարավորությունները»։

Պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի խոսքով՝ որքան էլ հանրությանը մոլորեցնեն, թե այդ ճանապարհի տրամադրումը Հայաստանի զարգացման գրավականն է, այդպես չէ՝ այդ ճանապարհի բացումը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ սպառնալիքն է։

«Այդ ճանապարհը տալիս են «Թուրանի» միավորման համար, որը դարեր շարունակ թուրքական աշխարհի երազանքն է եղել, և այդ ճանապարհը բացելուց հետո ժամանակի ընթացքում կորցնելու ենք Սյունիքը։

Կարդացեք նաև

Ժամանակի ընթացքում Ադրբեջանն այնտեղ ենթակառուցվածքներ կստեղծի, խողովակաշարեր կանցկացնի, հազար ու մի բան կանի, որի արդյունքում մենք կկորցնենք մեր հայրենիքի մի հատվածը։ Իսկ դրա կորստով կորցնում ենք Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է Վահագն Խաչատուրյանի հայտարարությանը, Աշոտ Ղուկասյանն ասաց, որ նա ոչ թե երկրի նախագահ է, այլ «չգոյություն», որն առհասարակ որևէ բան չի հասկանում, քանի որ Սյունիքի դարպասների բացումը նշանակում է՝ բացել ՀՀ անվտանգության դարպասները։

«Բացել Սյունիքի դարպասները, նշանակում է՝ թշնամու առաջ բացել Հայաստանի սիրտը տանող ուղիները, սա՞ է համարում երկրի զարգացման ծրագիր։ Կամ՝ լավագույն դեպքում, եթե միջազգային իրավունքի նորմերով գործի այս ճանապարհը, այն կարող է դառնալ սովորական տարանցիկ ճանապարհ՝ ՀՀ օրենսդրության համապատասխան։

Ո՞վ է ասել, որ Հայաստանին դրսի երկրները կամ Ադրբեջանը պետք է թելադրեն, թե ով պետք է հսկի այդ ճանապարհը կամ ով ինչ անի։ Հետո էլ ինքնիշխանությունից են խոսում։ Դա կլինի հայ ժողովրդի ամոթը, եթե արտապատվիրակեն այլ երկրի, դա կտանի կործանման այս երկիրը՝ կորցնում ենք ինքնիշխանություն, երկրի սահմանները և անվտանգությունը»,- շեշտեց պատմաբանը։

Նա հիշեցնում է՝ մեկ դար առաջ Գարեգին Նժդեհն այս ծրագիրը թույլ չտալու համար էր պայքարում Սյունիքում։

«Սյունիքի համար պայքարը սովորական պայքար չէր, Սյունիքի համար նրա ու իր զինակիցների պայքարը սովորական պայքար չէր, ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում էր, հակառակ դեպքում մենք այսօր ոչ միայն Սյունիքը չէինք ունենա, այլև Հայաստանի սահմանները կգծվեին Բաթումի պայմանագրի 10 հազար քկմ շրջանակներում։ Այնպես որ՝ մեր պատմական փորձը, տրադիցիան ցույց է տալիս, որ չի՛ կարելի, միայն ազգակործան իշխանությունը կարող է նման քայլի գնալ»,-ընդգծեց Աշոտ Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս