
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։
Տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կան տվյալներ, որ հնարավոր է հայտնաբերված մարմնի մի մասը պատկանում է 2022 թվականին նշված հատվածում կորած տղամարդուն։ Այդ ժամանակ այդ վայրում ջրահեղձ էին եղել 2 քաղաքացի․ մեկին հայտնաբերել էին, մյուսին՝ որոնում էին։
Արդյոք այս հայտնաբերվածը կապ ունի 2022 թ․ դեպքի հետ՝ նույնպես պարզվում է։