
Զանգեզուրի հարցը վերածվում է Թուրքիայի ազգային անվտանգության հարցի. Շիրազ Խաչատրյան

Ինչպես հայտնի է՝ օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել են Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում, որտեղ, ինչպես թուրքական աղբյուրներն են շեշտում, Միացյալ Նահանգները և Թուրքիան գործընկեր ու դաշնակից են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն էր հայտարարել, որ Միացյալ Նահանգներն առաջարկում են Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ, ինչը լայն քննարկման թեմա դարձավ ոչ միայն Հայաստանում։ Ավելի ուշ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե մերժել են ամերիկյան առաջարկը:
Իսկ այս օրերին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվել են նաև Թուրքիայի ԱԽ նիստում, ինչը հուշում է, որ հնարավոր է՝ անդրադարձ է եղել նաև «Զանգեզուրի միջանցքին»:
Նշենք, որ ադրբեջանական կողմում ուշագրավ են համարում Թուրքիայի ԱԽ նիստում «Զանգեզուրի միջանցքի» թեմայի քննարկումը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Սյունիք այցը, խորհրդակցությունն ու հայտարարությունները, ինչն, ըստ Բաքվի, խոսում է գաղտնի պահվող, բայց համաձայնեցված քաղաքական կոորդինացիայի մասին։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, վերջին օրերին արձանագրված մի շարք՝ առաջին հայացքից տարանջատված, սակայն խորքային առումով փոխկապակցված զարգացումներ, վկայում են այն մասին, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման մշտապես մնում է միջազգային օրակարգի առաջատար դիրքերում:
«Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում պաշտոնապես քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարում Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը։ Իրանը հերթական անգամ խոսում է իր կարմիր գծերի մասին՝ ընդգծելով, որ թույլ չի տա ոչ մի տարածաշրջանային նախաձեռնություն, որը կարող է խաթարել իր ցամաքային կապերը, և բազմաթիվ նմանատիպ հանդիպումներ, իրադարձություններ են տեղի ունենում: Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այց է կատարում Սյունիքի մարզ, սրան դեռ կանդրադառնանք:
Իսկ մինչ այդ նշենք, որ Թուրքիան՝ իր պաշտոնական հայտարարություններով, Զանգեզուրի հարցն այսուհետ չի դիտարկում՝ որպես զուտ Ադրբեջանի հետ համակողմանի համագործակցության բաղադրիչ։ Այն վերածվում է Թուրքիայի ազգային անվտանգության հարցի, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է՝ միջանցքի թեման դուրս է եկել երկկողմ օրակարգից և տեղափոխվել է ռազմավարական առաջնահերթությունների մակարդակ։
Իսկ Անկարայում Թուրքիայի ՊՆ-ի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը ենթադրում է շատ ավելին, քան պարզապես տարածաշրջանային քննարկում։ Ըստ իս՝ երկու հավանական սցենար․ կամ ԱՄՆ-ն է հետաքրքրված Թուրքիայով՝ իբրև Ռուսաստանի ու Իրանի ազդեցության սահմանափակող գործոն, կամ Թուրքիան է փորձում ԱՄՆ-ի լռակյաց համաձայնությամբ ամրապնդել իր դերը Հարավային Կովկասում՝ հանդես գալով՝ որպես ուժի միջոցով լուծումների կողմնակից։
Զուգահեռ Իրանը կրկին հիշեցնում է, որ Հայաստանի սուվերեն տարածքով ցանկացած չհամաձայնեցված միջանցք իր համար «կարմիր գիծ» է։ Իրանի անհանգստությունը վերածվել է ռազմավարական անհանդուրժողականության, քանի որ Սյունիքով անցնող ցանկացած միջազգային ուղի, որը կվերահսկվի թուրք-ադրբեջանական առանցքով, փաստացի կխաթարի Իրանի աշխարհաքաղաքական հաշվեկշիռը՝ մասնավորապես դեպի Վրաստան, Սև ծով ու Ռուսաստան ցամաքային ելքեր ունենալու տեսանկյունից»,- մանրամասնեց նա` հավելելով, որ այս զարգացումների տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Հայաստանի նախագահի այցը Սյունիք։
«Քաղաքական համակարգում առանց գործադիր լիազորությունների նախագահի կատարած այցը չունի որոշումներ ընդունելու իրավասություն, սակայն ունի հստակ նպատակ՝ ցուցադրել, որ Սյունիքը միայնակ չէ և կառավարության ուշադրության կենտրոնում է։
Խաչատուրյանը շեշտադրում է, որ պետությունն ունի միջոցներ, ծրագրեր ու տեսլական Սյունիքի զարգացման համար։ Սակայն նման ուղերձները, հանրային ընկալման մակարդակում, հաճախ դիտարկվում են՝ որպես հոգեբանական հավասարակշռման փորձ, երբ երկրի թիվ մեկ գործադիր պաշտոնյան՝ վարչապետը, նույն պահին գտնվում է արձակուրդում։
Ըստ իս՝ այս այցը հիշեցնում է ոչ թե համակարգված ազգային մոտեցում, այլ զուտ իշխանական վակուումի ժամանակավոր լրացում՝ ուղեկցվող տեխնոկրատիկ հռետորաբանությամբ։ Երբ խոսվում է, թե՝ «մեր ձեռքում փող կա», միևնույն է` այն հիմնարար հարցի պատասխանը չունի, որ հանրությունը բարձրաձայնում է, այն է՝ արդյո՞ք Սյունիքի տարածքային ամբողջականությունն անվտանգ է։
Այս փուլում արդեն կարելի է պարզ տեսնել, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները երևացող ու չերևացող կողմերով նոր թափ են ստանում, և սա այլևս միայն տրանսպորտային ծրագրի հարց չէ։
Տեսական և գործնական բոլոր հիմքերը կան ասելու, որ գերտերությունները՝ ԱՄՆ, ՌԴ, Թուրքիա, Իրան, անընդհատ փնտրտուքների մեջ են, և անընդհատ վերանախագծում են Հարավային Կովկասի հարցը՝ առանց Հայաստանի լիարժեք ներգրավման»,- ընդգծեց փորձագետը:
Շիրազ Խաչատրյանի խոսքով, այս պայմաններում հատկապես կարևոր է, որ Հայաստանի ներսում հստակեցվի ռազմավարական գիծը, եթե այդպիսին կա՝ արդյո՞ք պետությունն ունի պատկերացումներ Սյունիքի հարցում, և արդյո՞ք երկրի պաշտոնյաները միայն մեկ այցով են պատասխանելու աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր. «Եթե մենք կարողանում ենք դարպասները բացել Սյունիքի, ես նկատի ունեմ 43 կիլոմետրի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ»:
Վահագն Խաչատուրյանի այս հայտարարությունը հայաստանյան փորձագիտական և քաղաքագիտական շրջանակները բավականին վտանգավոր համարեցին, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես նշեցինք, դրական, որ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բազմաշերտ դիվանագիտական դինամիկայի ֆոնին ոչ միայն շեշտվել է միջանցքի կամ ճանապարհի, այսպես ասած, աշխարհագրական չափը՝ 43 կմ, այլ Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման այլ հնարավորությունների պատուհանի մասին: