Բաժիններ՝

«Ազգովի դոլար առնելու համար հերթ կանգնելուց առաջ պետք է մտածեինք»

Ֆինանսական շուկայի վերջին զարգացումները վառ ապացուցեցին, որ մեր բնակչության վարքագիծը այս կամ այն երևույթի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ է: Ու ամենավատն այն է, որ ուղղված է ի վնաս հենց մեզ: Մի քանի օր առաջ ամբողջ ազգով լծվեցինք դոլար գնելու գործին: Դոլար առնում էինք ստացված աշխատավարձով, պահած խնայողություններով, իսկ այդ պահին գումար չունեցող մարդիկ փորձում էին դա անել անգամ վարկ վերցնելով: Շնորհակալություն բանկերին, որ ժամանակին դադարեցրեցին կանխիկ դրամով վարկերի տրամադրումը` բնակչությանն ինչ-որ չափով «փրկելով» էլ ավելի մեծ կորստներից:

Դատեք ինքներդ` ՀՀ դրամով բանկերում գումար պահող շատ ավանդատուներ վաղաժամկետ խզեցին իրենց ավանդները չարաբաստիկ դոլարը գնելու համար: Ավանդը վաղաժամկետ խզելիս, զրկվեցին իրենց տոկոսագումարներից: Հետ վերցրած ավանդի գումարով գնեցին դոլար բարձր կուրսով` նման վարքագծով նպաստելով արհեստական խուճապի խորացմանը և դոլարի` որպես մեծ պահանջարկ ունեցող ապրանքի, գնի բարձրացմանը: Չէ՞ որ որոշ նորաթուխ «տնտեսագետներ» հավաստի կանխատեսում էին որ մեկ դոլարի փոխարժեքը կհասնի մինչև 1000 դրամի…

Արդյունքում, կրկնակի անգամ տուժելով, գնեցինք դոլար, բա հետո՞: Մենք բոլորս ապրում ենք Հայաստանում, բոլորս էլ ծախսերը կատարելու ենք ՀՀ դրամով: Այսինքն հիմա էլ, առօրյա ծախսերը կատարելու համար, պետք է այդ գնված դոլարը փոխանակենք դրամի հետ, բայց` արդեն իջեցված կուրսով: Առավել ևս` առջևում ամանորյա գնումներն են: Փաստորեն տուժեցինք մեկ անգամ ևս:

Ազգովի դոլար առնելու համար հերթ կանգնելուց առաջ պետք է մտածեինք: Ու առաջին հերթին դա պետք է անեին պատկան մարմինները` բացատրելով, իրազեկելով բնակչությանը, որը պարտավոր չէր ճիշտ կողմնորոշվելու ստեղծված իրավիճակում: Փողը կորցնելու վախից` հրաժարվել բանկային ավանդներից, ակամայից ներքաշվել փոխարժեքային սպեկուլյացիաների մեջ և արժեզրկել վերջին խնայողությունները:

Ահա այն պատկերը, որը ունենք հիմա: Շահեցին այդ մարդիկ, որոնք առավել սառնասիրտ կամ ֆինանսապես գրագետ գտնվեցին և չմատնվեցին համընդհանուր տրամադրությանը` թողնելով իրենց ավանդները բանկերում: Փաստորեն այս մարդիկ չտուժեցին կուրսի տատանումից, ավելին` ավանդի տոկոսների հաշվարկը շարունակվեց բարձր դրույքաչափով, քանի որ խզում տեղի չունեցավ, խնայողություներն էլ ապահով մնացին բանկում` սպասելով նախատեսված նպատակի իրականացմանը:

Սոֆա Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս